«Եվ՛ ՀՔԾ-ն, և՛ Մհեր Դավիդյանցը հաստատել են՝ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման համատեքստում ներկայացրած հանցագործության վերաբերյալ հաղորդումը Հատուկ քննչական ծառայությունը մերժել է։

Անդրադառնալով քրեական գործ հարուցելու ՀՔԾ-ի մերժմանը, Արթուր Ղազինյանն ասաց, որ երկու սենսացիոն բացահայտում է անելու։
«Մեր ներկայացրած հաղորդումը մերժելու հետ կապված՝ քննիչը, մի քանի հիմքեր ներկայացնելու հետ մեկտեղ,  նաև ասել է, որ իմ կողմից կորոնավիրուսի հետ կապված դատողություններ են արվել՝ ելնելով ներկայիս իրավիճակից, երբ ՀՀ-ում արձանագրված առաջին հաստատված դեպքից անցել է 5 ամիս։ Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը տեղի է ունեցել 5 ամիս առաջ՝ հունվարի վերջին և փետրվարի սկզբին»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Նա հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո, Նորքի ինֆեկցիոն կլինիկայի տնօրենն ասել էր, որ կորոնավիրուսը բուժում են փետրվար ամսից։

«Մեկ բան կարող եմ ասել, որ և՛ Մհեր Դավիդյանցը, և՛ ՀՔԾ-ն մեր քաղաքացիների հետ բացառապես եղել են ազնիվ, ի տարբերություն վարչապետի և Արսեն Թորոսյանի։ Արդեն հաստատված տրամադրել են, որ հունվար-փետրվարին արդեն մեր երկրում եղել է հաստատված վարակակիր, ինչը Նիկոլ Փաշինյանն ապարդյուն փորձեց հերքել։  Հնարավոր է՝ ՀՔԾ-ն հայտարարի, որ 5 ամիսների վերաբերյալ իր տեղեկատվությունը եղել է վրիպակ, հավաստիացնում եմ՝ ՀՔԾ-ի քննիչը եղել է պրոֆեսիոնալ իրավաբան։ Կարող եմ հաստատապես պնդել, որ և՛ Մհեր Դավիդյանցը, և՛ ՀՔԾ-ն ուղղակիորեն հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը։ Թե ինչո՞ւ է այդ ամենը թաքցվել՝ բոլորս ենք հասկանում, այդ ամենն արվել է մեկ նպատակով, ինչը համապարփակ ներառված է Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարության մեջ՝ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը դա խուճապն է»,- շեշտեց Արթուր Ղազինյանը։

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ քննիչն իր որոշման մեջ նշելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը՝ պանդեմիայի մասին գրել է ոչ թե՝ մարտի 11-ին, այլ՝ 13-ին։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ սկզբում մտածել են, քննիչն այդպես է արել, քանի որ վարչապետ Փաշինյանը մինչև մարտի 12-ի երեկոյան մասնակցել է սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեի քարոզարշավին։ Սակայն ամեն ինչ այլ է եղել. «Մենք գտանք Կառավարության որոշումը, որտեղ նույնպես ամեն ինչ թվագրված է մարտի 13-ին։ Ես չեմ կարծում և չեմ հավատում, որ ՀՀ ղեկավար մարմինը որևէ մեկը չգիտեր, որ ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել մարտի 13-ին։ Հետևաբար՝ մենք կարծում ենք, որ տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք»,- հավելեց Արթուր Ղազինյանը։

Տեսանյութեր

Լրահոս