Բաժիններ՝

Վրիպե՞ց «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրենը, թե՞ հայ հասարակությանն, այնուամենայնիվ, խաբում են

Պարետատան նիստից հետո ամեն օր անցկացվող կարճատև բրիֆինգներից մեկի ժամանակ «Նորք նֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցը հայտարարեց, որ «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցը» գրեթե շուրջ 4 ամիս է, ինչ սկսել է կորոնավիրուսային վարակակիրներին բուժելու գործընթացը, և առաջին բուժհաստատությունն է, որ իր վրա վերցրեց կարոնավիրուս կոչված չարիքի առաջին հարվածը:

«Եվ մենք փետրվար ամսից ողջ անձնակազմով` բժիշկներով, բուժքույրերով, մայրապետներով, պայքարում ենք այս հիվանդության դեմ: Հավատացեք, մենք 4 ամիս է, չգիտենք` ինչ բան է հանգիստ, մենք բոլորս կտրվել ենք մեր ընտանիքներից, մենք բացառապես մեր ամբողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում»,- ասաց Մհեր Դավիդյանցը` շեշտելով, որ աշխատում են օր ու գիշեր` հանուն պացիենտի առողջության:

Վարակաբանը նշում է, որ, ցավոք, հիվանդությունն այժմ փոխել է իր ընթացքը, և եթե հունվար-փետրվար-մարտ ամիսներին հիվանդությունը հիմնականում թեթև էր ընթանում, և իրենք ունեին թեթև և միջին ծանրության դեպքեր, այժմ, ցավոք, գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

Ուշադիր ընթերցողը կամ ունկնդիրը, անշուշտ, լսեց կամ կարդաց, որ կորոնավիրուսային համավարակը Հայաստանում, փաստորեն, հունվար-փետրվար ամիսներից գոյություն ունի, այնինչ Հայաստանում առաջին վարակակրի մասին հայտարարվել մարտի 1-ին:

Ճիշտ է, Մհեր Դավիդյանցի խոսքից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խմբագրեց վերջինիս խոսքը` ասելով, որ թերևս լարվածությունից բժիշկը հունվար-փետրվար ամիսների մասին խոսեց, բայց ինքը պետք է արձանագրի, որ առաջին կորոնավիրուսային դեպքը Հայաստանում արձանագրվել է մարտի 1-ին:

«Այսինքն` դրանից առաջ մենք կորոնավիրուսի դեպք չենք ունեցել»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Միգուցե բժիշկը, երևի թե կառավարական ամառանոցում առաջին անգամ գտնվելով, հուզված ու լարված էր, և հենց լարվածությունն էր, ըստ վարչապետի, նրա «վրիպակի» պատճառը… Միգուցե: Իսկ եթե, այնուամենայնիվ, Մհեր Դավիդյանցը, ով փետրվար ամսվա մասին հիշատակեց 2 անգամ, լարված չէր, ու նրա խոսքն էլ սպրդած վրիպակի արդյունք չէր, ի՞նչ է ստացվում:

Մինչ բժիշկները առնվազն փետրվարից պայքարում են կորոնավիրուսի դեմ, իշխանությունն առաջին վարակակրի մասին հայտարարում է մարտի մեկին, չեղարկում նախապես հայտարարված երթը, ապա դրանից առնվազն 10 օրից ավելի քարոզարշավ իրականացնում, մարզից մարզ շրջում, մարդկանց իրար գլխի հավաքում ու հայտարարում, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, համ էլ ո՞ւմ շունն է, որ մեր կյանքի բնականոն ընթացքը փոխի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս