«Ձյունիկ սառնարան»-ի պայթեցված շենքի տեղում նախատեսվում է կառուցել 17-հարկանի բազմաֆունկցիոնալ շենք

74 սյան մեջ տեղադրված պայթուցիկ նյութերով այսօր պայթեցվեց «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը: 2019 թվականի օգոստոսի 19-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ սառնարանային շինությունում բռնկված հրդեհի հետևանքով վնասվել էր 1000 տոննայից ավելի սննդամթերք: Գործարարները, որոնք նշված պահեստում ապրանքներ ունեին, դիմել էին կառավարությանը, որպեսզի վերադարձվի այրված ապրանքների ԱԱՀ-ն ու մաքսատուրքը: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ: «Ձյունիկ սառնարանը գրավադրված է եղել մեկ այլ ընկերության վարկային պարտավորության ապահովման համար, այդ ընկերությունը ճանաչվել է սնանկ, սնանկության գործընթացում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը վաճառվել է, որն էլ ձեռք է բերել «Սքայ բիլդինգ» ընկերությունը: Հենց այդ ընկերությունն էլ դիմել էր քաղաքապետարան՝ պայթեցման եղանակով շենքը քանդելու թույլտվություն ստանալու համար:

Մաքսային պահեստի տարածքում քանդման աշխատանքներն իրականացրեց «ՆՈՐՏԵԽՇԻՆ» ՍՊԸ-ն: «ՆՈՐՏԵԽՇԻՆ»-ի գլխավոր ճարտարագետ Վազգեն Պետրոսյանի խոսքով՝ շենքն ամրակայելն ավելի թանկ հաճույք է, քան թե քանդելը ու նորից կառուցելը.

«Անցյալ տարի հուլիս-օգոստոս ամիսներին «Ձյունիկ» սառնարանային համալիրը հրդեհվեց և մոտ մեկ շաբաթ եղավ այդ հրդեհը, որի արդյունքում հրդեհի մարման ժամանակահատվածում օգտագործվեց շատ մեծ քանակությամբ ջուր: Այդ ջուրը և հրդեհը պատճառ են դարձել, որ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկի բետոնը ամբողջությամբ քայքայվեր, և շենքը դառել էր արդեն վթարային:

Նոր սեփականատերը՝ «Սքայ բիլդինգ»-ը, նախատեսել է այս տեղն օգտագործի և կառուցի 17 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք, և այդ շենքի համար այս շենքը դառնում էր անպիտան: Այդ իսկ պատճառով որոշվեց շենքը քանդել: Հունիս ամսին թույլատվություն տրվեց քաղաքապետարանի կողմից շենքը քանդել՝ պայթեցման եղանակով, և հիմա մենք արդեն շենքը պայթեցրեցինք, և մնացածն արդեն «Սքայ բիլդինգ»-ի ղեկավարությունը կորոշի հետագա ճակատագիրը շենքի, քանի որ այս մեջտեղի հատվածում 8 հատ վերելակ կա, և եթե իրանք կարանան օգտագործեն շենքի համար՝ կօգտագործեն: Եթե չէ, դա էլ արդեն 2-րդ փուլով կքանդենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Պետրոսյանը:

«ՆՈՐՏԵԽՇԻՆ»-ի գլխավոր ճարտարագետը փոխանցեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ շենքում տեղի ունեցած հրդեհը որևէ ազդեցություն չի ունեցել պայթեցման աշխատանքների համար: Վազգեն Պետրոսյանի խոսքով՝ շենքում յուղ կար, որ վառվել էր ու մեծ քանակությամբ ծուխ առաջացրել: Մեր զրուցակցի խոսքով՝ պայթեցման աշխատանքի հետևանքով տարածքում գտնվող որևէ շինություն վնաս չէր կարող կրել, քանի որ օգտագործվել է քիչ քանակությամբ պայթուցիկ նյութ, այն էլ՝ տարբեր հատվածներում:

«Փոշին բնական էր, քանի որ, երբ որ բետոնն այդքան բարձր ջերմաստիճանի մեջ այրվում է, ինքն արդեն փոշի է դառնում: Մենք սպասում էինք, հարևանությամբ բոլոր օբյեկտներին էլ տեղեկացրել ենք, որ մեծ քանակությամբ փոշի է լինելու»,- ասաց Վազգեն Պետրոսյանը:

«Ձյունիկ սառնարան»-ի շենքի տարածքում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցապատման աշխատանքները կսկսվեն, երբ քաղաքապետարանը տա շինթույլտվությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս