«Իրենք հավակնում են այն տաճարների, վանքերի վրա, որոնք այս պահին եկեղեցապատկան չեն». Հրանտ Մելիք-Շահնազարյանը հաստատում է, «Կյանքի խոսքը»՝ հերքում
«Երեկ ցնցող մի լուր իմացա։ Ուշադրություն։ Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն։ Կամ արդեն դիմել են։ Խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է որքան հասկացա։ Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պատասխան կտա իրան վարչապետի աթոռին բերած աղանդավորներին Նինոլ Փաշինյանը։ Հարցը հռետորական է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Կյանքի խոսքի» մամուլի քարտուղար Արմեն Լուսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառավարությանը չեն դիմել. «Ինչպես բոլորը, այնպես էլ մենք՝ սպասում ենք համաճարակային իրավիճակը կկարգավորվի, ու երբ որ կառավարությունը կհանի սահմանափակումը հանրային միջոցառումների, հավաքույթների, այն ժամանակ էլ մենք կանցկացնենք մեր հավաքույթները»:
Դիտարկմանը, թե գրառման հեղինակը նկատի ուներ՝ պետական հաշվեկշռում գրանցված Հայ Առաքելական եկեղեցիներում, քանի որ գրում է՝ «պետական հաշվեկշռում գրանցված եկեղեցիներ», և հարցադրմանը՝ այսինքն՝ համաճարակի ավարտից հետո հնարավոր է՝ նաև այդ տարբերակը քննարկե՞ք, որ պետական հաշվեկշռում գրանցված եկեղեցիներում արարողություն անեք, Ա. Լուսյանն այսպես արձագանքեց.
«Բայց մենք ինչո՞ւ պետք է ուրիշ եկեղեցիներում արարողություն անենք։ Չէ, հավանաբար գրողը նկատի ուներ, որ դիմենք, որ բոլոր գրանցված եկեղեցիներին թույլտվություն տան, որպեսզի իրենք անցկացնեն իրենց հավաքույթները. մենք նման դիմում չենք ներկայացրել կառավարությանը, համենայն դեպս»:
Մեզ հետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վերահաստատեց տեղեկությունը՝ նկատելով, որ հարցն առաքելական եկեղեցիների մասին է, որոնք այս պահին թեմապատկան չեն, բայց պետական հաշվեկշռում են.
«Պետական հաշվեկշռում գտնվող տարբեր եկեղեցիների, տաճարների, շինությունների մասին է, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին այժմ որևէ ծառայություն չի իրականացնում, կամ, որոնք կիսախոնարհված են, և այլն: Այսինքն՝ իրենք հավակնում են այն տաճարների, վանքերի վրա, որոնք այս պահին եկեղեցապատկան չեն»:
Արդյո՞ք նման դիմում ստացել է կառավարությունը՝ հարցադրումն ուղղեցինք ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին: Նա պատասխանեց.
«Նման դիմում չի եկել Կառավարություն»: