«Չեմ բացառում, որ նախագիծն այլ տարբերակով գուցե գա». Սիսակ Գաբրիելյանը՝ տուգանքների չափը բարձրացնելու նախագծի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այս նախագծով իշխող խմբակցությունն առաջարկում էր բարձրացնել դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքների չափը:
168.am-ն այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչու են հետ կանչել նախագիծը, և առհասարակ հնարավո՞ր է՝ այն նորից բերեն խորհրդարան:
«Բազմաթիվ քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այս պահին նպատակահամար չենք համարում այդ նախագիծը քննարկել: Կարող եմ միայն ասել, որ այդ նախագծում տուգանքների բարձրացումն ընդամենը մեկ հոդված էր: Իրավախատումների վերաբերյալ օրենքում այդ նախագծով մի շարք փոփոխություններ էին նախատեսվում, որոնք ընդհանուր պետք է կանոնակարգեին այդ հարաբերությունները տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաև վարչարարություն իրականացնող մարմինների ցանկի ընդլայնումը: Սակայն նախագիծն ամբողջությամբ է շրջանառությունից դուրս եկել, և չեմ բացառում, որ դիմակների մասը հանած, այլ տարբերակով գուցե գա: Քննարկման արդյունքում այս պահին նպատակահարմար չենք գտնում անդրադառնալու դիմակների տուգանքների բարձրացմանը»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ դիմակներ չկրելու համար նախատեսված տուգանքների չափը բարձրացնելն արդյո՞ք արդյունավետ կլինի համավարակի դեմ պայքարի գործում, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ արդյունավետ կլինե՞ր, թե՞ ոչ, քանի որ արդյունավետությունը կարող են գնահատել կիրառման արդյունքում:
«Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ելույթում նշեցի, որ տարբեր մոտեցումներ կան, օրինակ՝ մեր հարևան Վրաստանի հետ կապված օրինակներ են բերում, թե իրավիճակն ինչքան լավ է: Պատճառներից մեկը նշվում է հենց այն, որ այնտեղ տուգանքները Հայաստանի հետ համեմատած՝ բարձր են: Այսինքն՝ մոտեցումները տարբեր են, այնպես չէ, որ միանշանակ է, և բոլորը կարծում են, որ տուգանքները 10.000 դրամից բարձրացնելը վատ գաղափար է»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում