Բաժիններ՝

Արման Խոջոյանը՝ ցորենի արտադրությունն առավել եկամտաբեր և գրավիչ բիզնես դարձնելու մասին

«Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է, կտևի մինչև սեպտեմբեր: Մոտ 40.000 հեկտարի չափով էլ Արցախում է առկա աշնանացան ցորենի ցանքատարածություն: 200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Իսկ ինչ վերաբերում է մտահոգություններին, որ ցորենի արտադրության արդյունավետությունը 1 հա հաշվով ցածր է, և բերքատվությունը, պաշտոնական տվյալների համաձայն` կազմում է 1.8-2 տոննա, նա նշեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:

«Գյուղացիական տնտեսությունները՝ յուրաքանչյուրը հաջորդ տարվա համար օգտագործում են նախորդ տարվա բերքի մի մասը, որը չի ապահովում անհրաժեշտ բերքի ծավալ, հետևաբար՝ գյուղացիական տնտեսությունների կողմից նման վարքագիծը բացատրվում է նաև որակյալ սերմացու ձեռք բերելու համար ֆինանսական միջոցների բացակայությամբ: Ուստի այս ծրագրով մենք երկու նպատակ ենք հետապնդում՝ ցույց տալ, որ որոշակի ներդրման պարագայում հնարավոր է ավելի շատ եկամուտ ստանալ որակյալ սերմացուի օգտագործումով, ինչպես նաև փոխել գյուղացիական տնտեսությունների վարքագիծը: Այս տարի ծրագրին մասնակից ֆերմերները, որոնք կձևավորեն որոշակի լրացուցիչ եկամուտ, դա նորից կներդնեն՝ որակյալ սերմացուի ձեռքբերման համար: Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ձեռք բերել առավելագույնը 7000 կգ սերմ: Սա պայմանավորված է նրանով, որ ամեն հեկտարի համար սահմանված է առավելագույնը 350 կգ: Սերմերի որակի պատասխանատվությունը կրում է մատակարարը, սակայն մենք մեր շահառուներին հնարավորություն ենք տալիս, որպեսզի ցանկության դեպքում հնարավորություն ունենան ստուգել սերմի որակը: Ծրագրի մասնակից և մատակարար կարող են դառնալ նաև ՀՀ-ում սերմ արտադրող կազմակերպությունները»,- մանրամասնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

168.am-ի հարցին՝ ինչո՞ւ են ծրագրից դուրս մնացել մինչև 1 հա ցանքատարածություն ունեցող գյուղացիները, Արման Խոջոյանը պատասխանեց, որ հարցն ակտիվ քննարկվել է նաև համապատասխան մասնագետների հետ:

«Ընտրվեց 2 հա սահմանաչափը, քանի որ ծրագիրը նաև նպատակ ունի մշակվող ցանքատարածությունների ավելացման, և մենք ցանկանում էինք, որպեսզի այն մարդիկ, ովքեր առնվազն գոնե 1 հա ցորեն են մշակում, իրենց համար այս ծրագիրը մոտիվացիա լինի, որպեսզի ընդլայնեն իրենց կողմից մշակվող ցանքատարածությունները»,- պատասխանեց փոխնախարարը:

Մեր հաջորդ հարցին, թե մասնագետները նշում են, որ սերմացուն նախօրոք պետք է փորձարկվի, որից հետո միայն կարելի է խորհուրդ տալ ցանելու համար, սա ինչպե՞ս է կարգավորվելու, Արման Խոջոյանը պատասխանեց.

«Մեր կողմից առաջարկված ծրագրում ներկայացված է սերմացուի սորտերի ցանկ, որոնք արդեն հավաստագրված, գրանցված  են սերմերի գործակալությունում, հետևաբար՝ ծրագրի շրջանակներում կարող են միայն կիրառվել այն սերմերը, որոնք արդեն փորձարկվել են, հավաստագրվել են ու գրանցվել»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծեց՝ հիմնական նպատակն արդյունավետության և բերքատվության բարձրացումն է, որը, ըստ պաշտոնական տվյալների՝ 1.8-2 տոննա է կազմում 1 հեկտարի հաշվով, և որակյալ սերմացու օգտագործելով այդ քանակը հնարավոր է առնվազն բարձրացնել 1 տոննայով՝ դրանով ցորենի արտադրությունը դարձնելով առավել եկամտաբեր և գրավիչ բիզնես:

Նա տեղեկացրեց նաև, որ արդեն հնարավոր է 10 տոկոս կանխավճարով ձեռք բերել գյուղտեխնիկա, իսկ մյուս 10 տոկոսի երաշխավորը հանդիսանում է  կառավարությունը:

Խոսելով պարենային անվտանգության, հատկապես՝ ցորենի արտադրության և ապահովության մասին, ասաց, որ ոչ միայն մշտադիտարկումներ, քննարկումներ են իրականացնում ցորենի կանխատեսվող արտադրության և ծավալների, քանակների հետ կապված, այլև դիտարկում են, թե տարածաշրջանում հարևան երկրները ցորենի ի՞նչ բերքատվություն են ակնկալում 2020թ. համար:

«Հանդիսանալով մեծածավալ ցորենի արտադրող և արտահանող երկրներ՝ դրանցից են Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Թուրքիան, այդ երկրներում նկատվում է տարեկան միջին ցուցանիշի չափ արտադրության քանակ: ՌԴ-ում կանխատեսվում է 5 տոկոսից ավելի արտադրության քանակ: ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակներում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավարարելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում առկա պահանջարկը ցորենի նկատմամբ՝ միության շուկայում 46 միլիոն տոննա ցորենի ավելցուկ է սպասվում: Ցորենի մեծ մասը ՌԴ-ն է արտադրում և արտահանվելու է նաև երրորդ երկրներ: ՀՀ-ում աշնանացան ցորենի ցանքատարածությունները կազմում են 2019թ. համար 56․000 հեկտար, և մոտ 3000 հա էլ կազմում է գարնանացան ցորենի համար»,- եզրափակեց Արման Խոջոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս