«Իշխանությունը պատրաստվում էր ինչ-որ գործընթացների, որի արդյունքում հրահանգ իջեցվեց կոնկրետ հենց այդ օրը միջնորդություն ներկայացնելու». Փաստաբանը՝ Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդության մասին

«2020թ. հունիսի 4-ին, երբ Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը, մենք հենց այդ օրը կանխատեսել էինք, որ սա մենք՝ Միքայել Մինասյանի պաշտպանական թիմը, հեշտ չէինք մարսելու, և իշխանական ամբողջ քարոզչամեքենան, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, ընդհուպ՝ ԱԺ փոխնախագահ, սկսեցին կրկին հոխորտալ դատական համակարգի, այլ պաշտոնատար անձանց վրա, և փորձ էր արվում նսեմացնել Վերաքննիչ դատարանի որոշման արժեքը, և նոր մեղադրանքը, ինչպես և կանխատեսել էինք, չուշացավ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսսպան Միքայել Մինասյանին կալանավորելու հերթական միջնորդությանը, ասաց վերջինիս պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:

Նա նշեց, որ իր խոսքով՝ այդ անհեթեթ մեղադրանքն առաջադրելու համար ՊԵԿ քննչական վարչությունից ընդամենը 4 օր պահանջվեց, որպեսզի նա ի կատար ածի իշխանության պահանջը:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ այն հոդվածներով, որոնցով նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել, այն է՝ ապօրինի հարստանալը, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, մեղադրանքն առկա է եղել մինչև Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելը:

«Հիմա վարույթն իրականացնող մարմինը կրկին հունիսի 8-ին հայտարարագիր չներկայացնելու ևս 2 գործողություն է իբր թե հայտնաբերել և վերագրել է Միքայել Մինասյանին»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ այդ հոդվածներով քննվող գործերը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը, և այն, որ այս գործը քննվում է ՊԵԿ քննչական վարչությունում, արդեն ի սկզբանե ողջ գործընթացն ապօրինի է դարձնում:

Խոսելով այն մասին, թե արդյո՞ք այս գործընթացները կարող են կապ ունենալ Միքայել Մինասյանի վերջին շրջանի հրապարակային գործունեության հետ, Միհրան Պողոսյանն ասաց, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ ներգրավվեց հենց այն ժամանակ, երբ հրապարակվեցին վերջինիս «Ստի վերջը» շարքի տեսանյութերը, այնինչ այս գործի փաստական հանգամանքները քննության առարկա են եղել 2018թ.-ից:

«Իրականում այս պրոցեսների մեջ ինձ համար ամեն ինչ հասկանալի է, բացի հենց հուլիսի 3-ի միջնորդությունից: Նոր հանգամանք, որ ձեռք է բերել քննիչը, ասենք, դրան նախորդող օրերին, բացարձակապես չկա: Այսինքն՝ որոշում ունեին, որը մեկ ամիս կայացրել էին, ու որևէ գործողության չէին դիմում, հուլիսի 3-ին դիմեցին դատարան: Ու այստեղ ի հայտ եկան կասկածները, թե ինչու հենց հուլիսի 3-ին»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ որպես վարկած առաջ քաշելով, որ իշխանությունը պատրաստվում էր ինչ-որ գործընթացների, որի արդյունքում հրահանգ իջեցվեց կոնկրետ հենց այդ օրը միջնորդություն ներկայացնելու:

Ըստ փաստաբանի՝ դա կարող է կապված լինել դատավորի ընտրության, դատարանների հերթապահության գրաֆիկի ու այլ հանգամանքների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս