Բուլղարիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են մինչև հուլիսի վերջը
Բուլղարիայի իշխանությունները որոշել են մինչեւ հուլիսի վերջը երկրում երկարաձգել արտակարգ համաճարակաբանական դրության ռեժիմը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւը:
«Ռեժիմը երկարաձգում ենք, որպեսզի հնարավորություն ունենանք պայմաններ ստեղծելու հիվանդացության մակարդակի ցածրացման համար: Սանիտարա-համաճարակաբանական ռեժիմի պահպանման վերահսկողությունը կուժեղացվի»,- նշել է նա:
Բուլղարիայի սանիտարական ծառայությունները վերջին օրը երկրում կատարել են կորոնավիրուսի 923 թեստ, հայտնաբերվել է վարակման 63 դեպք, ինչը 117-ով պակաս է, քան մեկ օր առաջ:
Կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր երկրում վարակվել է 5 740 մարդ: 246 հիվանդ մահացել է, այդ թվում հինգը՝ վերջին 24 ժամում: Հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով 458 հիվանդ, 28-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Առողջացել է 2 915 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: