«Ոչ մի ծրագրից ոչ մի օգնություն չեմ ստացել». երվանդաշատցիները դժգոհում են Կառավարությունից

Լավ կլիներ, որ գյուղի ժողովրդին աջակցեին, որպեսզի այս ճգնաժամային վիճակից դուրս գայինք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ գյուղի բնակիչ Մարինե Միքայելյանը:

«Գյուղի ժողովրդին անհանգստացնում են վարկային պատմությունները: Ժողովուրդը չի կարողանում մարել վարկերը, հիմնականում` գործ չլինելու պատճառով, եթե գումար չկա, աշխատանք չկա՝ ինչպե՞ս մարեն: Միայն այս սեզոնային աշխատանքն է, բերքը ծախում ենք, միայն դրանով ենք կարողանում վարկերը մարել: Կառավարության կողմից 0 տոկոսով վարկ է տրամադրվել, բայց մեզ չի հասել, դիմել ենք, բայց մերժվել ենք, պատճառաբանել են, որ վարկերը շատ է, դրա համար էլ չեն տրամադրում, եթե այդ գումարը տրամադրեին, կվերցնեինք, որ թեկուզ անասունները շատացնեինք: Տղաներս դրսում են, չէին գնա դուրս, կզբաղվեին դրանով: Չգիտեմ՝ վերջը ոնց է լինելու»,- ասաց մեր զրուցակից բնակիչը:

Նրա խոսքով՝ գյուղում շատ խնդիրներ կան, դրանցից մեկն էլ տրանսպորտի հարցն է, Երվանդաշատում, տասը տարուց ավելի է՝ տրանսպորտ չի աշխատում.

«Հիմնական խնդիրը տրանսպորտի հարցն է, ինձ թվում է, որ ճանապարհը կառուցվի՝ տրանսպորտն էլ կաշխատի: Ճիշտ է, գյուղի մեծամասնությունը մեքենաներ ունեն, դուրս գալիս են, բայց ցանկալի է, որ տրանսպորտ լինի: Լավ կլինի, որ երիտասարդության համար աշխատատեղ բացվի, որ չձգտեն գյուղից դուրս գալ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե իրենք օգտվե՞լ են Կառավարության տրամադրած աջակցության ծրագրերից.

«Ոչ մի ծրագրից ոչ մի օգնությունից չեմ օգտվել, հիմա հեկտարից ավելի հող եմ մշակում, բայց գումարային աջակցություն ոչ մեկից չեմ ստացել: Հիմնականում մենք մեր ուժերով ենք անում այդ ամբողջը, որը՝ պարտքով, որը՝ կանխիկ, հետագայում, բերքը վաճառելուց հետո նոր կարողանում ենք այդ գումարը տալ: Եթե տանը պետական կառույցի աշխատող չունենք, ո՛չ թոշակառու, ո՛չ նպաստառու, ո՞նց ենք ապրելու, ոչ մի աջակցություն չունենք»:

Նրա խոսքով՝ լուրջ խնդիր է նաև այն, որ գյուղում դեղատուն և խանութ չկա, և ամեն անգամ ստիպված են լինում գնալ Արմավիր քաղաքից առևտուր անել.

«Դեղատուն լիներ, խանութ բացվեր, որ գյուղացին իր մթերքն առնելու համար չհասներ Հոկտեմբերյան, 30-40 կիլոմետր ճանապարհ կտրեր-անցներ»:

Գյուղացիներից մեկն էլ դժգոհեց ոռոգման ջրի գնի բարձր լինելուց.

«Գոնե ոռոգման ջրի գները մի քիչ թեթևացնեն, կտրված տեղ է՝ քաղաքից հեռու: Քաղաքին կպած մարդը 100-200 դրամով վառելիքը ծախսում, հասնում է շուկա ու իր ապրանքը վաճառում է, իսկ մենք պետք է 3000 դրամ վառելիք ծախսենք, որ տանենք վաճառենք՝ հետ գանք»:

Բնակիչներից Հասմիկ Սարգսյանի խոսքով էլ՝ գյուղում գազիֆիկացում չկա, գազ վաճառող ավտոմեքենաներ են գալիս, և գյուղացիներն իրենց տան բալոնները լիցքավորում են.

«Գազիֆիկացման խնդիրը մի փոքր աղոտ ապագա ունի, սակայն շատ ցանկալի կլիներ, որովհետև էլի ինչ-որ տեղ կթեթևանար գյուղացու հոգսը: Մենք նույն գումարն ենք տալիս մեր գազերը լիցքավորելուն, թող լիներ բնական գազ, չէր խանգարի»:

Նրա խոսքով՝ կառավարության տրամադրած աջակցության ծրագրերից գյուղում գրեթե օգտվողներ չեն եղել.

«Ես նկատեցի, որ մեր գյուղում այդպիսի մեծ թափ ստացավ այդ ծրագիրը, մենք ուշադրության կենտրոնում չեղանք: Պարենի ձևով օգնություն է եղել, բայց դա պետական մակարդակով չէր, այլ ինչ-որ մեկի բարեգործության շնորհիվ: Օրինակ, մեր ընտանիքը, որ բազմանդամ ենք՝ 6 հոգուց բաղկացած, ունենք թոշակառու տատիկ, նման ֆինանսական օգնություն չենք ստացել, միշտ հետաքրքրվում էինք, ֆեյսբուքյան էջերում կարդում էինք՝ կլինեն օգնություններ, սակայն չեմ տեսել: Լսել էինք 0 (զրո) տոկոսով վարկի մասին, դիմեցինք, սակայն նորից խոչընդոտների հանդիպեցինք, տալիս է 0 տոկոսով վարկ, բայց 1 տարով, իսկ դուք ի՞նչ եք կարծում, եթե ես 1 միլիոն դրամ վերցնեմ, հաջորդ տարի ո՞նց եմ մարելու, հասկացանք, որ մեզ պետք չէ այդ վարկը»:

Գյուղացու խոսքով՝ կառավարության տված խոստումները չեն արդարացվել.

«Արդեն 2 տարի է՝ նոր կառավարություն և խորհրդարան է ձևավորվել, սակայն չի ազդել մեր գյուղական համայնքների վրա, ասեմ ավելին, երբ խոստանում էին, որ ամեն ինչ լավ կլինի, հայացքը կուղղեն գյուղերի վրա, գյուղը պետք է ավելի զարգացած լինի, ավելի պատշաճ լինի գյուղացու կյանքը, սակայն նման բան չենք զգացել: Մենք մի որոշում ենք որդեգրել, որ մենք պետք է կարողանանք մեր հարցերը կարգավորել: Գյուղացուն ոչ մի անգամ վառելանյութով չեն ապահովել, ոչ էլ թունաքիմիկատով, դա գումարի հարց է: Հուսանք, որ հետագայում լավ կլինի, բայց Կառավարությունը, որպես այդպիսին, խոստումնալից չէ ինձ համար»:

«Խոսքը պետք է այնքան համոզիչ լինի, որ մարդուն չստիպեն ինչ-որ բան անել, նա ինքնակամ գնա դրան». գյուղացին՝ իշխանությունների իրարամերժ և փողոցային լեզվով հայտարարությունների մասին

Գյուղացու խոսքով՝ իրենք նաև հետևում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին.

«Որպես ՀՀ քաղաքացի՝ հետևում եմ ԱԺ նիստերին՝ իրար հանդեպ վատ արտահայտություններ, որ բոլորովին հարիր չէ ԱԺ բարձրաստիճան այրերին, նրանք կարող են խոսել փողոցային լեզվով, որը մեզ պատիվ չի բերում, ամբողջ աշխարհն է մեզ նայում: Բոլորովին հարիր չէ, երբ խոսում են գողական լեզվով, այնտեղ պետք է նստած լինեն այնքան բարեկիրթ մարդիկ, ազնվաբարո և ինտելեկտով մարդիկ, որպեսզի հարց լուծելը դառնա ավելի դյուրին: Խոսում են այնպիսի բառապաշարով, որ նույնիսկ փողոցում, ես չէի ուզի՝ նման լեզվով խոսեին»:

Նրա խոսքով՝ կառավարության նկատմամբ խորը հիասթափություն է ունեցել՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարով.

«Խորը հիասթափություն եղավ այն ժամանակ, երբ սկզբում հեգնանքով վերաբերվեցին այս վիրուսին, հետո չգիտես ինչ-ինչ պատճառներով՝ սկսեցին լրջացնել, և հիմա լրջությունը հասել է այն աստիճանի, որ արդեն տարակուսանք է առաջանում, արդյոք նա՞ էր ճիշտ, թե՞ հիմիկվա ասածը, որովհետև նրանց խոսքը բոլորովին չէր համապատասխանում իրականությանը: Խոսքը պետք է այնքան համոզիչ լինի, որ մարդուն չստիպեն ինչ-որ բան անել, նա ինքնակամ գնա դրան»:

ՆԱՐԵԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս