«Վեոն Արմենիայի» հնարավոր գնումը լուրջ հարցեր է առաջացնում. Սիմոն Ալպետյանը հրավիրում է հանրային քննարկման
Սիմոն Ալպետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենակիցներ
Ներկայանամ. ծնվել և մեծացել եմ Երևանում, 1997-ին ավարտել եմ Ճարտարագիտական Համալսարանը, ծառայել եմ ՀՀ Զինված Ուժերում: 2000թ-ից առ այսօր աշխատում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հանդիսանում եմ ֆիքսված/շարժական կապի ու ցանցերի ճարտարապետության փորձագետ: Այս պահի դրությամբ աշխատում եմ Digicel Group ընկերության ռազմավարության և պլանավորման բաժնում:
Հույս ունեմ որ այս գրառումը կխթանի հանրային քննարկում հեռահաղորդակցության ոլորտում ընթացիկ իրադարձություների շուրջ:
Ուշադրությամբ դիտեցի վերջերս տեղի ունեցած հարցազրույցը տեղեկատվական անվտանգության մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանի և նորաստեղծ Team Telecom Armenia ընկերության հիմնադիր Հայկ Եսայանի միջև.
Լուրերը հետևյալն են.
– VEON Ltd ընկերությունը որոշում է կայացրել վաճառել Հայաստանում իրեն պատկանող VEON Armenia (Արմենտել) ընկերությունը:
– Team Telecom Armenia-ն մեկնարկել է բանակցություններ VEON-ի տնօրինության հետ և եկել Է գործարք իրականեցնելու որոշակի համաձայնության:
– Հայկ Եսայանը հայտատարեց (դիտել 18:44-ից), որ հետագայում պլանավորվում է մեկնարկել IPO՝ թողարկել բաժնետոմսերի փաթեթ և տեղադրել այն բորսայում: Ու ցանկացած քաղաքացի՝ ձեռք բերելով բաժնետոմսեր, ուղիղ կերպով կմասնակցի հանրապետության տնտեսական կյանքին: Բացի այդ, Հայկ Եսայանը շեշտեց, որ այդպիսով ընկերության եկամուտը այլևս չի արտահոսի երկրից դուրս, այլ կշրջանառվի երկրում, ինչը որ իր հերթին կնպաստի ՀՆԱ-ի աճին:
– Վերջապես, Հայկ Եսայանը նշեց, որ “մարդիկ կհասկանան, որ սա ազգային օպերատոր ա, սա իրանցն ա, սա ուրիշինը չի…”:
Ուրախ եմ Եսայան եղբայրների համար: Այո, ինչ-ինչ պատճառներով Եսայանները լքեցին իրենց գաղափարներով հիմնադրված Ucom-ը. հանգամանքները այս գրության շրջանակներում վերլուծելու առարկա չեն: Հավատարիմ ու փորձառու թիմակիցների հետ միասին Եսայանները որոշեցին ստեղծել նոր թելեքոմ ընկերություն, ու ձեռք բերել Արմենտելը, հանրայնացնել այն: Այլ կերպ ասած՝ վերադարձնել հանրությանը այն, ինչ որ 1998թ-ին գերհայրենասեր ղեկավարությունը վաճառեց հունական պետական OTE ընկերությանը: Հիանալի միտումներ: Սրտանց ողջունում եմ Եսայանների պատրաստակամությունը տրամադրել իրենց գիտելիքները, փորձը և ժամանակը ազգանպաստ գործունեությանը, որպես հայրենիքի արժանի զավակներ:
Առանձնահատուկ հուզվեցի “ազգային օպերատոր” բառակապակցությունը լսելիս (22:01): Այն արթնացրեց ինձ մոտ աղոտ հուշեր 2018թ. ապրիլ-մայիս ժամանակաշրջանից, երբ հեղափոխությունով ոգեշնչված չվեցի Հայաստան, և ներկայացրեցի ՀՀ Կառավարությանը Ազգային Օպերատորի Հայեցակարգ (կից երեք էջով): Հայեցակարգը ենթադրում էր ընկերության մեկնարկ, որտեղ մաժորիտար բաժնետեր կհանդիսանար ՀՀ Կառավարությունը, իսկ մինորիտար բաժնետերերը՝ մասնավոր անձինք: Օպերատորը ենթադրվում էր կառուցել զրոյից, վենդորի կողմից տրամադրվող վարկային տարբերակով: Հայեցակարգը նաև (ու նորից Հայկ Եսայանի հնչեցրած ձևակերպումներին համահունչ) նկարագրում էր նման նախագծի բոլոր առավելությունները. եկամուտների արտահոսքը բացառելը, ժողովրդի մասնակցությունը տնտեսական կյանքում և այլն: Մի խոսքով՝ մտքերի անհնարին ու ֆանտաստիկ ներդաշնակություն:
Ինչևիցե, զգացմունքները մի կողմ: Ասեմ, որ ներկայացված Հայեցակարգը մերժվեց 12.04.2019-ին հետևյալ ձևակերպումով՝ ռադիոհաճախականությունների տիրույթը բաշխված է շարժական կապի երեք օպերատորների հաշվարկով, և նոր օպերատորի համար ռադիոհաճախականությունների ռեսուրս նախատեսված չէ (պատասխանը կից երկու էջով): Այսինքն, Ազգային Օպերատորի մեկնարկի համար հանրապետությունում օդային ռեսուրս գոյություն չունի: Դա էլ պարզեցինք, համակերպվեցինք:
Ու ահա, տարի անց, ունենք նոր իրավիճակ: Փորձենք վերլուծել այն, կենտրոնանալով առանցքային հարցերի վրա:
Արմենտելի ակտիվներում, բացի շարժական/ֆիքսված կապը ապահովող սարքավորումներից, առկա է նաև գերկարևոր նշանակություն ունեցող ստորգետնյա ենթակառուցվածքը. խոսքը գնում է հատկապես Երևանի մասին: Հարկ է շեշտել, որ նման ստորգետնյա ենթակառուցվածքը հանդիսանում է 5G ցանցերի ճարտարապետաշինության պարտադիր գործոն՝ այսինքն, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ընթացքում, ցանցակած օպերատոր (ներկայիս թե ապագայում մեկնարկվող) օգտվելու է այդ ենթակառուցվածքից վարձակալության հիմունքներով՝ սեփական օպտիակամանրաթելային ցանցերը տեղակայելու նպատակով: Այլապես, այդ ցանցերը կարող են տեղակայվել օդային ճանապարհներով: Պետք է հաշվի առնել այն, որ 5G ցանցերը ենթադրում են շատ խիտ ծածկույթ: Համապատասխանաբար՝ բազային կայանների փոխմիացումները իրենց հերթին կպահանջեն խիտ օպտիակամանրաթելային ցանց: Բնական է, որ տարածքային ղեկավարությունը և հանրությունը թույլ չեն տա ախտոտել օդային ճանապարհները, ոչ էլ թույլ կտան քաղաքը ավելորդ անգամ քարուքանդ անել:
Հետևաբար, Արմենտելին պատկանող ստորգետնյա ենթակառուցվածքը կարելի է օբյեկտիվ հիմունքներով բնութագրել որպես կարևոր նշանակության ռազմավարական մենաշնորհ, որից ապագայում ակնկալվում է կայուն գերշահույթ: Բազմաթիվ երկրների համապատասխան հանձնաժողովներ և օրենսդիր մարմիններ արդեն սկսել են մշակել 5G ցանցերի զարգացման ռազմավարական ծրագրեր: Փորձագետները կարող են ուսումնասիրել ստորև տեղադրված ITU-ի (Էլեկտրակապի Միջազգային Միության) ռուսաց լեզվով զեկույցը:
Այսպիսով զարմանալի չի դառնում Team ընկերության հետաքրքրությունը այս գործարքում: Կարելի է նաև ենթադրել, որ Հայկ Եսայանի հետ “քննարկումներ իրականացնող շատ մեծ կապիտալ ներդրող կազմակերպությունները, հենց ֆինանսական հաստատությունները, 24:40” հետաքրքրված են Արմենտելի հատկապես այս ակտիվով: Ու այստեղ, նորից անդրադառնալով ընկերությունը հանրային և ազգային դարձնելու մասին հնչեցրած հայտարարություններին՝ ծագում են հարցեր: Այդ ո՞ր շատ մեծ կապիտալ ներդրող ֆինանսական հաստատությունն է, որ պատրաստ է ձեռք բերել նման հեռանկարային ակտիվ ու հետագայում վաճառել կամ նվիրաբերել այն բաժնետոմսերի տեսքով հանրությանը: Ո՞վ է այդ հրաշագործ բարերարը: Ակտիվների ո՞ր մասն է նախատեսվում բաժնետոմսերի փաթեթով տեղադրել բորսայում: Արդյո՞ք Արմենտելի ամբողջ ակտիվները՝ հատկապես ստորգետնյա ենթակառուցվածքները: Եւ արդյո՞ք IPO-ից առաջ կամ IPO-ի ընթացթում չի ակնկալվում այս կամ այն տեսակի թվաբանական աճպարարություն:
Այլ՝ ամենակարևոր թեման է տեղեկատվական անվտանգությունը:
Զարմանալի էր, որ այդ թեման նույնիսկ մակերեսորեն չքննարկվեց փորձագետ Ս.Մարտիրոսյանի և Հ.Եսայանի հարցազրույցի ընթացքում: Գաղտնալսումների հայտնի դեպքերը, Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները արտերկրյա (մասնավորապես հարևան երկրի) կայքերում հայտնվելու փաստերը, ցանկացած “ֆեյք” դեմ անզորությունը, արդեն իսկ ստեղծել են երկրում անպաշտպանության նյարդացնող մթնոլորտ: Այս պարագայում ո՞րն է իրեն ազգային օպերատոր հռչակող ընկերության ռազմավարությունը այս հարցում: Ո՞րն է այս կամ այն երևույթի վերացման, կամ հավանականությունը նվազեցնող ծրագրի տեսլականը:
Այս և այլ կարևոր հարցերը, բարձրացել եմ 18.03.2019-ին ՀՀ Կառավարությանը և Ազգային Անվտանգության Ծառայությանը ուղղված նամակում: Գաղտնիություն պարունակող տվյալների առկայությունից ելնելով հնարավոր չէ նամակն ամբողջությամբ կցել այս գրառմանը, սակայն կարող եմ մեջբերել մի կարևոր հատված.
“Հիշեցնենք, որ ցանկացած մասնավոր օպերատորի ղեկավարության տրամադրության տակ գտնվում են ոչ միայն ֆինանսական ակտիվները, այլև սարքավորումների տեխնիկական հնարավորությունների ամբողջ բազմազանությունն ու իհարկե՝ մասնագիտական կադրերը: Ուստի՝ ապօրինի գաղտնալսում իրականացնելու ցանկության դեպքում բոլորովին անհրաժեշտ չեն լրացուցիչ սարքավորումներ: Այն հնարավոր է իրականացնել առկա բջջային կապի հանգույցների համապատասխան գործառույթների օգնությամբ:
Ազգային Օպերատորի մեկնարկման դեպքում վերը նշված ապօրինի գաղտնալսման այս տարբերակը բացառվում է:”
Սույն գրառման շրջանակներում հաստատում եմ վերը նշված հայտարարության բովանդակությունը արդիական լինելը ու պնդում եմ հետևյալը.
– առկա ներքին և արտաքին սպառնալիքների պայմաններում, հանրությունը չի կարող երկրի անվտանգության ռազմավարության այս գերկարևոր բաղադրիչը վստահել մասնավոր ընկերություններին: Կապի ապահովումը (հատկապես պետական մարմինների) պետք է իրականացվի բացառապես կառավարության համապատասխան ստորաբաժանման տեխնիկական հսկողությամբ:
Ուստի կրկին առաջարկում եմ այն ճանապարհը, որը թույլ կտա պետությանը ուղիղ կերպով կայացնել ռազմավարական որոշումներ Ազգային Օպերատորի շրջանակներում ու բացի այդ, ուղիղ եկամուտ ապահովել գանձապետրան: Հիմնական դրույթները հետևյալն են.
– Հանրության մասնակցությամբ VEON ըկերության հետ բանակցություններ են տարվում VEON-ի կողմից, ինքնուրույն կերպվ Արմենտելի IPO մեկնարկեու շուրջ: Մեխանիզմները հայտնի են և քննարկելի:
– Կառավարությունը հատկացնում է միջոցներ ձեռք բերելու առնվազն 33% չափով բաժնետոմսեր:
– Մնացած բաժնետոմսերի վաճառքը սահմանվում է այնպիսի կանոնակարգով, որը մշտապես կապահովի պետության մաժորիտար կարգավիչակը:
– Տնօրենների խորհուրդի կազմում պարտադիր կերպով ընդգրկվում են տեխնիկական, տնտեսագիտական, ռազմական և այլ անհրաժեշտ ոլորտներ ներկայացնող, կառավարության կողմից գործուղված պետ.ծառայողներ:
Արմենտելի ողջ անձնակազմը, որն ի դեպ, վերջին տարիների ընթացքում տնտեսվարական կայուն դրական արդյունքներ է ցուցաբերում՝ կարող է մոտիվացվել բաժնետոմսերի զեղջային տարբերակով և կրկնակի ոգևորությամբ շարունակել իր գործնեությունը: Վստահ եմ՝ Արմենտելի աշխատակիցները կսատարեն նման սցենարը:
Դրական եմ գնահատում Team ընկերության նախաձեռնությունը: Քաջ տեղյակ եմ Եսայան եղբայրների դժվար վերելքից Հայաստանի IT-ոլորտի խիստ մրցակցային պայմաններում և համարում եմ իրենց ձեռք բերված փորձը անփոխարինելի: Վստահ եմ, որ թե իրենք, թե իրենց թիմակիցները հնարավորություն կունենան հավաքագրվել նորաստեղծ Ազգային Օպերատորի կազմում ընդհանուր հիմունքներով և կնպաստեն նրա զարգացմանը իրենց նոր գաղափարներով ու տեսլակաով՝ հանուն Հայաստանի բարգավաճմանը:
Չնայած որ՝ այս ճանապարհով գնալու դեպքում պետության շահերը ակնհայտ են, թերևս պարտադիր եմ համարում շեշտադրել հետևյալը.
Դեռ 1970թ-ին հայտնի կանադացի մշակութաբան, փիլիսոփա Հերբերտ Մարշալ Մաքլյուենը հիշատակել է “տեղեկատվական պատերազմ” հասկացությունը: Ըստ ժամանակակից տեսության, այս պատերազմն արդեն դասակարգվում է, որպես մի այլ տեսակի պատերազմի տարր. այն կոչվում է հիբրիդային: Ու դառը իրականությունը, որն ի դեպ իմ գյուտը չէ, այլ հայկական ԶԼՄ-ներում օրեցօր ավելի հաճախ հիշատակվող փաստարկ՝ այն է, որ Հայաստանը արդեն իսկ ներքաշվել է հիբրիդային պատերազմի մեջ, այն էլ մի քանի ճակատով, այդ թվում՝ ներքին: Արդյո՞ք փամփուշտն է, կամ ռումբն է այդ պատերազմը վարելու միջոցը: Արդյո՞ք միանշանակ չէ, որ նման միջոցի վաճառքի մեկնարկը հասարակության կողմից պետք է դիտարկվի միայն որպես հնարավորություն՝ կատարելու կարևոր քայլ դեպի հեղափոխության արդյունքների ամրապնդուը:
Հորդորում եմ ՀՀ Կառավարությանը կրկին հրավիրել հանձնաժողով, ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խնդրում եմ վերլուծել սույն գրառմամբ ներկայացված փաստարկները և վերանայել սույն գրառմանը կցված Ազգային Օպերատորի Հայեցակարգը և N04/11.1/4550-19 12-04-2019 պատասխանը, հաշվի առնելով ի հայտ եկաց նոր հանգամանքները:
Մե՜նք ենք տերը մեր կապի:
Հ.Գ. Ըստ մտավորականների՝ որևէ հանրություն կարող է իրեն ազգ որակել միայն որոշ համախմբող երևույթների առկայության դեպքում. լեզու, պատմություն, մշակույթ և այլն: Հակառակ դեպքում այդ հանրությունը կբնորոշվի պարզապես որպես ցեղ: Համոզված եմ, որ մյուս կողմից գոյություն ունեն նաև երևույթներ, որոնց բացակայությունը տվյալ հասարակության անհատների փոխհարաբերություններում իր հերթին հանդիսանում է ազգ կոչվելու պարտադիր պայման: Ու այդ երևույթներից մեկն եմ համարում գրպանահատությունը:
Ազգը չի կոտորվում: Ազգը դարձնում են ցեղ՝ հետո են կոտորում: Անցել ենք, գիտենք: Եկեք մնանք ազգ»: