
«Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների, որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը հնարավոր չէ, արգելված է». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարծում եմ ԱԺ պատգամավորները պետք է առնվազն խորհեն, թե ինչով է պայմանավորված, որ Նախագահը չի ստորագրում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նույնիսկ հրաժարվելով իր լիազորությունից: Ավելին՝ արդեն իսկ տեղեկացնում է, որ Սահմանադրության անօրինական փոփոխությունների որոնց բոլոր դեպքերում անմիջականորեն ՉԳՈՐԾԵԼՈՒ պատճառով (դրա մասին գրել էի մի քանի օր առաջ) այսօր ԱԺ-ի ընդունած Սահմանադրական օրենքը ևս ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ: Պարզապես մեկ հանգամանք պարզաբանեմ. Սահմանադրության 129-րդ հոդվածը ԲՈԼՈՐ դեպքերում նախատեսում է Նախագահի կողմից ստորագրման կամ ՍԴ դիմելու համար 21-օրյա ԺԱՄԿԵՏ: Միայն դրանց վերաբերյալ (ըստ էության այդ ժամկետում) Նախագահի կողմից գործողություն ՉԿԱՏԱՐԵԼՈՒ դեպքում՝ գործում է նույն հոդվածի 3-րդ մասը, որի դեպքում հենց ԱԺ նախագահն է ստորագրելու և հրապարակելու համապատասխան օրենքը՝ հնգօրյա ժամկետում: Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների, որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը հնարավոր չէ, արգելված է (ՍԴՈ-1518):
Հ.Գ. Ինձ մոտ տպավորություն է, որ այս հայտարարությամբ սկիզբ է դրվում Սահմանադրության 129-րդ հոդվածի հերթական «մեկնաբանությանը», որով 21-օրյա ժամկետից փորձ է արվում հրաժարվել: Սա որևէ կերպ իրավաչափ չէ, սա Սահմանադրության այդ հոդվածին հստակ հակասող մեկնաբանություն է: Նման գործիքակազմ չի կարող սահմանվել, քանի որ այն կստեղծի պարտականությունների կատարումից հրաժարվելու մեխանիզմ, ինչը չի կարող լինել իրավական պետությունում…»: