Այժմ չհարկվող տների մեծ մասը բաժին են ընկնում գյուղերին. Թունյան
Հաշվարկե՞լ են օրենսդիր և գործադիր մարմինները, թե տարեկան կտրվածքով գույքահարկը որքա՞ն պետք է բարձրանա փոքր բնակչություն ունեցող գյուղերում, որ համայնքում առկա այս կամ այն խնդիրը կարողանան լուծել: Այսօր ասուլիսի ժամանակ 168.am-ի այս հարցին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց.
«Ես երբ ներկայացնում էի, թե ի՞նչ գումարներ են տալու բնակելի տների համար, որոնք մինչև այսօր չէին հարկվում, մեծ մասը բաժին է ընկնում գյուղական բնակավայրերին: Գույքահարկի գումարները միջինում 3-5 հազար դրամի սահմաններում են լինելու սեփական բնակելի տների համար, մեծ մասը մինչև 3000 դրամ շեմի տակ է ընկնում: Հարցին երկու մասից նայենք: Որքանո՞վ է դա տանելի հարկ վճարողի համար, կարծում եմ, որ տարեկան մինչև 3,4, 5 հազար դրամը տանելի բեռ է: Որքանո՞վ դա կնպաստի համայնքի խնդիրների լուծմանը, այդտեղ արդեն մի քիչ մտածելու տեղ ունենք, անհնար է, որ ամբողջությամբ այդ գումարը բավարարի, դա ընդամենը քայլ առաջ է, այսօր ինչ որ անում ենք, քայլ է, որ խնդիրների մի մասը գոնե սեփական ուժերով լուծվեն: Մենք էֆեկտը մեղմել ենք, սարքել ենք 6 տարի, որ հարկ վճարողի համար հեշտ լինի, բայց մյուս կողմից՝ համայնքի եկամուտներն էլ դանդաղ են աճելու, այսինքն՝ առաջիկա երկու-երեք տարիներին ազդեցությունը շատ թույլ կլինի, բայց դա նաև ժամանակ կտա, որ համայնքների ղեկավարները կամ ավագանիները բավարար ռեսուրսներ կուտակեն ու հասկանան, թե այդ գումարով ի՞նչ են անելու: Փող հավաքելը մի խնդիր է, փողը ճիշտ ծախսելը ոչ պակաս կարևոր խնդիր է»,- ասաց Թունյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից 3-5 %-ով կբարձրացվի գույքահարկը: Ամեն հաջորդ տարի՝ մինչև 2026թ., այն ավելի կբարձրանա: