Բաժիններ՝

«Եթե տարեկան 1000 կամ 3000 դրամը սոցիալական որոշ խմբերի համար մեծ բեռ է, դա նշանակում է՝ լուրջ անելիք ունենք». Թունյան

«4 անգամ կաճի ընդհանուր գույքային հարկի մասով համայնքների բյուջեների միջին եկամուտը, այսօր դա 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 մլրդ, մի փոքր ավելի». այսօր ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե գույքահարկի բարձրացման արդյունքում որքան կավելանա համայնքի եկամուտը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի խոսքով՝ արտոնություններ կլինեն, դրանց կիրարկմամբ կզբաղվի համայնքը: Լրագրողի մյուս հարցին, թե ավելացող եկամտի քանի՞ տոկոսը բաժին կընկնի թանկարժեք բնակարան ունեցողներին, Ջանջուղազյանը պատասխանեց.

«Այստեղ եթե ուշադրություն ենք դարձնում, ապա 9000-10.000 համեմատաբար թանկ բնակարաններ կան, 432 հազարի մեջ 9-10 հազար թանկարժեք գնահատվող բնակարանների մասին է խոսքը, իրենց դեպքում կիրառվում է 0.6-1 տոկոս դրույքաչափ, այդ մասի համար ավելի մեծ բեռ կունենանք, քան նրանց համար, ովքեր ունեն ավելի ցածր արժեք ունեցող գույքային միավորներ»:

Լրագրողներից մեկի նկատառմանը, որ «լավ օրից չէ», որ մարդիկ ապրում են 7-10 մլն արժեք ունեցող բնակարաններում, ինչպես են ՏԻՄ-երը կարողանալու բռնագանձել 4-5 հազար դրամ տարեկան, երբ բնակիչների մի մասը նպաստառու է:  Ջանջուղազյանը հարցը բաժանեց երկու մասի՝ օբյեկտիվ տնտեսական և զգացմունքային:

«Այն, ինչի մասին խոսում ենք, սոցիալական հարթության հարց է ավելի շատ, քան գույքի հետ է առնչվում ուղղակիորեն, էդ որ ասում ենք՝ «լավ օրից չէ», լավ օրից չէ նաև, որ գույքն այդքան արժի: Դա նույնպես ցուցանիշ է, երբ ընդհանուր երկրի տնտեսական վիճակը բարելավվում է, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ գույքային միավորների շուկայական արժեքների վրա: Համարում ենք, որ առավելագույնը 5000 դրամը, այն դեպքում, երբ 10 մլն է գնահատված շուկայականին մոտարկված գինը, ընդ որում, դա շուկայականի 80 տոկոսի մասին է  խոսքը, նույնիսկ շուկայականն էլ չէ, այն գումարն է, որը վճարելով՝ գույքի սեփականատերը ձեռք է բերում պահանջի իրավունք, իրավունք է  ստանում լիարժեք պահանջել հանրային կամ համայնքային ծառայությունների ամբողջական  փաթեթ: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցության փաթեթին, ապա, այո, մոտ 100.000 ընտանիք նպաստառու է, դա այլ հարթության հարց է, պետք է ձգտենք, որ դա հասնի նվազագույնի»,- ասաց Ջանջուղազյանը:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ քննադատության հիմնական ուղղություններից մեկն էլ այն է, որ մոտ 500.000 գույք, որոնք ազատված էին հարկերից, քանի որ իրենց կադաստրային արժեքը մինչև 3 մլն էր, սկսելու են հարկել:

«Հայաստանում կա 276.500 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 3 մլն-ից ցածր է: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս 276.500-ից մոտ 8000-ը տարեկան վճարելու են մինչև 1000 դրամ, և դա 2026թ.-ին, այսինքն՝ առաջին տարում տարեկան 250 դրամ են վճարելու, 90.000-ը՝ 3-5 հազար դրամ, 94.000-ը՝ 3-5 հազար դրամ, կրկնում եմ, սա ընդ որում 2026թ.-ին է լինելու: Բնակելի տների մասով, կա մոտ 240.000 բնակելի տուն, որոնց կադաստրային արժեքը 3 մլն դրամից պակաս է: Վերագնահատումից հետո 240 հազարից 86 հազարը տարեկան վճարելու է մինչև 1000 դրամ, առաջին տարում՝ 250 դրամ, 92 հազարը՝ 1000-3000 դրամ, 28.000՝ 3-5 հազար դրամ: Եթե տարեկան 1000 կամ 3000 դրամը սոցիալական որոշ խմբերի համար մեծ բեռ է, դա նշանակում է՝ լուրջ անելիք ունենք, բայց ոչ հարկային համակարգի առումով, այլ մարդկանց  եկամուտներն ավելացնելու առումով»,- ասաց Թունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս