Բարդ իրավիճակ է․«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենը՝ աշխատանքների վերսկսման ու եվրոպացի պատվիրատուների հետ առաջացած դժվարությունների մասին
Անցած շաբաթվանից «Գլորիա» կարի ֆաբրիկան վերսկսել է աշխատանքը, սակայն աշխատակիցների մեծ մասը չի հաճախում։ Մի մասը նոր է թեստավորվել, բժշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ դեռ չի ներկայացրել։
«Աշխատողների 30 տոկոսն է գալիս։ Մի մասն էլ դեռ չի գալիս, քանի որ հումքին ենք սպասում, դեռ չկա։ Մենք պատվերով ենք աշխատում, հումքը տրամադրում են, մենք արտադրում, հետ ենք ուղարկում Եվրոպա։ Քանի որ իրենք էլ են հետևում ՀՀ-ում պարետի որոշումներին, ասացին՝ դե, որ դադարեցրել եք աշխատանքը երկու շաբաթով, մենք էլ երկու շաբաթ հումք չենք ուղարկել։ Երևի հուլիսի 1-ից կուղարկեն, չգիտեմ։ Բարդ իրավիճակ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը։
Նա հայտնեց նաև, որ ավտոբուսներ չեն վարձակալել, սոցիալական հեռավորություն պետք է պահեն, և այլն, իսկ աշխատողները տաքսիներով կամ երթուղայիններով են գնում գործի։
«6 ավտոբուս էր, հիմա 56-ը պետք է պահենք։ Ֆինանսական առումով էլ է դժվար։ Հաշվարկել ենք՝ 26 ավտոբուս կկարողանանք ինչ-որ չափով ապահովել, բայց 60-70 ավտոբուսը բարդ է»,- նշեց Բագրատ Դարբինյանը։
«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի փոխանցմամբ՝ աշխատանքները, որ հաճախ դադարեցնում են՝ խնդիրներ, դժվարություններ են առաջանում պատվիրատուների հետ։
«Մարդիկ ասում են՝ հիմա ի՞նչ գիտենք, ինչքա՞ն կդադարեցնեք աշխատանքը։ Չենք էլ կարողանում ասել, թե երբ կսկսենք ամբողջ թափով աշխատել։ Արդեն վստահություն ես կորցնում, էլի»,- եզրափակեց Բագրատ Դարբինյանը։
Նշենք, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին:
Ֆաբրիկան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք:
«Գլորիա»-ն ունի 2 մասնաճյուղ, 2500 աշխատող:
2 մասնաճյուղերում միասին ամեն ամիս արտադրվում է 150.000 տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ։