Ի՞նչ խնդիրներ է լուծում Էրդողանը հայկական հարցի շահարկմամբ
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ՝ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով:
Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։ Նշյալ կոմիտեի նիստում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքմամբ և միասնական քաղաքականության մշակմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։
168․am-ի հետ զրույցում թուրք քաղաքագետ, հրապարակախոս Ջենգիզ Աքթարը, պատասխանելով հարցին, թե ինչու հանկարծ հայ-թուրքական հարաբերությունները և ընդհանրապես հայկական ուղղությամբ քաղաքականությունն իրենց արտաքին քաղաքական դոկտրինից դուրս բերած Թուրքիայի իշխանությունները որոշեցին նման կառույց ստեղծել, ասաց, որ նման որոշման համար ըստ ամենայնի մի քանի պատճառ կա։
Նախ նա նշեց, որ թեկուզև ավելի վաղ սպասելի էր և խոսվում էր այս մասին, բայց անհասկանալի էր, թե ինչու նման կառույց ստեղծելու որոշում կայացվեց մի փուլում, երբ չկա այլ խնդիր, քան կորոնավիրուսը։
Ըստ նրա՝ սա իշխանությունների ստեղծած արտաքին թշնամու կերպարի շահարկման շարունակությունն է` շեղելու համար հասարակությանը, փորձագետներին Թուրքիայի իրական ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներից։
Նրա խոսքով՝ փորձ է արվում ցույց տալ, թե որքան կարևոր հարց է Թուրքիայի համար ներկայումս Հայկական հարցը, ինչն այդքան էլ այդպես չէ, քանի որ այդ դեպքում պետք է լիներ քաղաքականություն, և ոչ թե՝ հակազդեցություն։
«Եթե պարզ փորձենք բացատրել, ապա կառույցը պետք է զբաղվի հայկական լոբբիին դիմադրելով, և ուղղված լինի լոբբիին ու առանձին որոշ դեպքերի, ինչն այսքան տարի անց այնքան էլ հասկանալի չէ։ Թուրքիայի իշխանությունների տեսանկյունից նման կառույցի անհրաժեշտությունը կար, քանի որ հայկական կառույցներն աշխարհում աշխատում են հայկական շահերն առաջ մղելու ուղղությամբ, երբեմն ունենում են հաջողություններ, թեև բուն Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ ավանդական լոբբին իրեն սպառել է, և նոր գործիքներ ու շեշտադրումներ են հարկավոր։ Այդ հաջողություններից էր՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, ապա՝ Սենատում ճանաչման բանաձևերի ընդունումը, որը Թուրքիայում բավականին ծանր ընդունվեց իշխանության կողմից։ Բայց ավելի էական է այն հանգամանքը, որ Թուրքիան մշտապես ունի մտավախություններ, և հատկապես՝ ներկայումս, որ այս հարցը կդառնա լծակ Թուրքիայի դեմ աշխարհաքաղաքական լարված իրավիճակներում։ Մենք տեսանք, որ ԱՄՆ Կոնգրեսում այս բանաձևերն ընդունվեցին մի իրավիճակում, երբ Էրդողանի քաղաքականությունն անողոք կերպով քննադատվում էր ԱՄՆ-ում, հարաբերությունները չափազանց սրված էին։ Չէ՞ որ հայկական լոբբին նոր չէ, որ փորձում էր նման բանաձև ներկայացնել և անցկացնել Ներկայացուցիչների պալատում և Սենատում, իսկ վերջին փորձը հաջողված էր համապատասխան տրամադրությունների ֆոնին։ Թուրքիան կանխատեսում է, որ լարվածություններ դեռ շատ են լինելու, և եթե Հայաստանի հետ չկա դիվանագիտական կամ կարգավորման օրակարգ, ապա հարկավոր է զբաղվել նման հարցերով՝ հակազդելով հայկական լոբբիի ջանքերին։ Չեմ կարծում, որ այս մարմնի աշխատանքն էական եղանակ է փոխելու Թուրքիայի համար այդ հարցում, քանի որ իրական քաղաքականության և հետևանքների դեմ պայքարելու փոխարեն՝ արվում են մակերեսային քայլեր, և չկա իրական քաղաքականություն ոչ մի կողմից»,- ասաց Աքթարը։
Վերջինս այն կարծիքին է, որ նման կառույցի ստեղծումն ինչ-որ առումով ցույց է տալիս քաղաքական սնանկությունը։
«Թուրքիայի իշխանություններն իրական խնդիրները՝ հարևանների և գործընկեր երկրների հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն, պետք է զբաղվեն նման հարցերով, որի լսարանը կլինի՝ ինչպես թուրք հասարակությունը, այնպես էլ՝ դրսում, հատկապես՝ Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը, ապա թուրք վերլուծաբանն ասաց, թե բացի այն հայտարարություններից, թե Հայաստանը պատրաստ է հարաբերությունների հաստատման, չի լսել։
«Իմ տպավորությամբ, հաշվի առնելով Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև աշխարհում ներկայումս տեղի ունեցող զարգացումները, Հայաստանը հասկանում է, որ ներկայումս Թուրքիան շահագրգռված չէ քաղաքական գործընթաց սկսել Հայաստանի հետ, կա ադրբեջանական գործոնը, Հայաստանն ինքը ևս այլ հարցերով և առաջնահերթություններով է զբաղված, ուստի հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսակցությունները սահմանափակվում են լոբբինգի հաջողությունների և գերտերությունների շահերից բխող քայլերի շրջանակում։ Իրենք՝ Հայաստանն ու Թուրքիան, որևէ օրակարգ չեն ստեղծում, որևէ տոն չեն ստեղծում հարաբերությունների վերականգնման և կարգավորման համար, ինչը, իհարկե, չափազանց բացասական հանգամանք է մեր տարածաշրջանի կայունության և ապագայի համար»,- ասաց քաղաքագետը։
Իր հերթին՝ ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ևս կարծում է, որ սա պայմանավորված է Թուրքիայի շուրջ աշխարհաքաղաքական օղակի սեղմմամբ և Թուրքիայի աշխարհաքաղաքական կանխատեսումներով, որոնցում հայկական թեման կարող է օգտագործվել Թուրքիայի դեմ։
«Ժամանակ առ ժամանակ իսկապես այն օգտագործվել է, ուստի որոշում կայացվեց նման կառույց ստեղծել, որը կհետևի, թե ինչ է կատարվում աշխարհում Ցեղասպանության ճանաչման և կանխարգելման գործընթացի շրջանակում, ինչ բանաձևեր են պատրաստվում, ինչ փուլում են դրանք, ինչպես է պետք դրանց հակազդել, ինչ փաստական բազա հավաքագրել, ներկայացնել համապատասխան կառույցներին անհրաժեշտության դեպքում։
Այն, ինչ երկար ժամանակ արել են Թուրքիայի դեսպանատները տարբեր երկրներում, կլինի ավելի կազմակերպված, ինչպես ես եմ պատկերացնում։ Բայց թե որքանով արդյունավետ կլինի այս կառույցի գործունեությունը և ինչ կտա Թուրքիայի իշխանություններին, խիստ կասկածելի է, քանի որ, եթե չլինի հայկական հարցը, կա քրդական հարցը և Թուրքիայի դեմ շատ հարցեր կան, Թուրքիան ունի շատ արտաքին խնդիրներ, խնդրահարույց հարաբերություններ, որոնք ինքն էլ սրում է և ստանում արձագանքներ։ Բայց կարող է և շատ արդյունավետ լինել՝ ստվերելով, օրինակ, հայկական լոբբիին, ուստի այստեղ ուշադիր պետք է լինեն հայկական համապատասխան կառույցները ևս»,- ասաց Նադեին-Ռաևսկին։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ քաղաքականությունն այս ուղղությամբ, Նադեին-Ռաևսկին պատասխանեց, որ քաղաքականություն՝ որպես այդպիսին, չկա։ «Բայց Թուրքիան նախընտրեց նախապայմաններ առաջադրել, հարաբերությունները պայմանավորել Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած հակամարտությամբ, ըստ էության, չցանկացավ այս փուլում որևէ առաջընթաց ապահովել Հայաստանի հետ հարաբերություններում, և այս առումով թուրքական քաղաքականությունն ավելի քննադատելի է։ Չցանկանալու էական պատճառներից մեկն էլ, կարծում եմ, Ցեղասպանության հատուցման հարցի առկայությունն է, որին Թուրքիան ոչ մի կերպ պատրաստ չէ»,- ասաց նա։