Վարչապետը հանձնարարել է մշակել տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել: Տ. Խաչատրյանը նաև անդրադարձել է մթերման շրջանի հետ կապված հարցերին և զեկուցել խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Հաջորդիվ մտքերի փոխանակության ձևաչափով քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետագա անելիքները, կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերը: Քննարկման առարկա են դարձել ճգնաժամային իրավիճակում տնտեսությանն օժանդակելու մեխանիզմներն ու ֆինանսական գործիքակազմը: Մի շարք առաջարկներ և գաղափարներ են ներկայացվել՝ ենթակառուցվածքների զարգացման, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման, նոր շուկաների զարգացման, թվայնացման, ծառայությունների մատուցման, ներգնա զբոսաշրջության խթանման և այլ ուղղություններով ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև առաջիկայում մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և առկա խնդիրների հնարավոր լուծումներին: Կարևորվել են գործարար միջավայրին՝ պարետատան սահմանած կանոնների ներկայացման ուղղությամբ շարունակական աշխատանքը, տնտեսության խթանմանը միտված ծրագրերում կրթական և որակական չափանիշների ներդրումը:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խորհրդակցության արդյունքներով ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը: Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԺ համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներին՝ նախաձեռնել քննարկումներ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, գույքագրել նրանց գաղափարները և առաջարկներ ներկայացնել նշված գործողությունների պլանի համար: