Այստեղ այլ իմաստ չի կարող պարունակել․ հստակ ասում է՝ այն, ինչ արվեց, հակասում է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին. Արա Ղազարյանը՝ Ջիանի Բուքիքիոյի նամակի մասին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված պատասխան նամակը տարբեր շրջանակներում տարբեր ընկալումների առիթ է տվել: Ո՞ւմ էր ուղղված Վենետիկի հանձնաժողովի նախագահի կոչը, ի՞նչ հետևանքներ կունենա այն, և արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունները բավարար են դատավորներին աշխատանքից ազատելու համար։ 168.am այս հարցադրումները հղեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանին:

«Անձնական նամակ է, պաշտոնական նամակ չէ, բայց դա բովանդակությունը չի փոխում. ևս մեկ անգամ հաստատում է, որ այն, ինչ արվեց, հակասում է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին»,- ասաց Արա Ղազարյանը՝ անդրադառնալով նամակի բովանդակությանը:

Դիտարկմանը, թե տարբեր շրջանակներ նամակին տարբեր մեկնաբանություններ են տալիս, Արա Ղազարյանն արձագանքեց. «Այստեղ այլ իմաստ չի կարող պարունակել. Հստակ ասում է՝ ցավում եմ, որ այդ ամբողջը չի համապատասխանում Վենետիկի Հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական կարծիքին»:

Միջազգային իրավունքի փորձագետը նշեց, որ նամակը չի կարող ինչ-որ հետևանքներ ունենալ, քանի որ իրավական, քաղաքական փաստաթուղթ չէ, բայց բովանդակությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է. «Անձնական բնույթի նամակ է. հաճախ են պաշտոնատար անձինք, միջպետական կառույցների ղեկավարները փոխանակվում նամակներով: Օրինակ՝ ես հիշում եմ՝ ժամանակին, երբ անհրաժեշտություն կար ապաքրեականացնելու վիրավորանք-զրպարտությունը, ԱԺ նախագահին՝ այն ժամանակ Արթուր Բաղդասարյանն էր, ԵԱՀԿ-ի նախագահն առանձին անձնական նամակ ուղարկեց՝ հորդորելով ապաքրեականացնել վիրավորանքը, զրպարտությունը: Դա անձնական բնույթի նամակ էր, իրավաբանորեն պարտադրող չի, բայց արտահայտում է միջազգային մարմնի պաշտոնական կարծիքը:

Հետևանք չի կարող ունենալ, և ոչ ոք չէր ակնկալում, որ հետևանք պետք է լինի. զուտ նամակը հրապարակվել է՝ ցույց տալու համար, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կարծիքը համընկնում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետ»:

Հարցին՝ արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները բավարար են, որպեսզի դատավորներն աշխատանքից ազատվեն՝ Արա Ղազարյանը պատասխանեց, որ դեռևս իրավական անորոշություններ կան.

«Ենթադրենք՝ հիմա իրեն պետք է վարչական ակտ, որ իր լիազորությունները դադարել են: Յուրաքանչյուրի աշխատանքից դուրս գալիս հրաման է լինում, որը գործատուն ձևակերպում է օրենքի հիման վրա: Հիմա ինքն ասում է՝ այդ հրամանը տվեք ինձ, ո՞վ պետք է այդ հրամանը տա և ինչի՞ հիման վրա՝ հրամանը հո չե՞ն ձևակերպելու Սահմանադրության հիման վրա: Ասենք՝ եթե Ձեր գործատուն Ձեզ աշխատանքից ազատի՝ հո Սահմանադրությունը չի՞ վկայակոչելու, վկայակոչելու է Աշխատանքային օրենսգիրքը, ձեր կարգապահական նորմերը, և այլն: Հիմա՝ նա էլ ասում է՝ լավ, ցույց տվեք ինձ՝ ո՞ր ակտի, ո՞ր օրենքի, ո՞ր դրույթի հիման վրա եք ազատում, հո չե՞ք նշելու Սահմանադրությունը:

Երբ աշխատանքային լիազորությունները դադարեցվում են՝ բազմաթիվ այլ հարցեր են ծագում՝ աշխատավարձի, վերահաշվարկի, վերջնահաշվարկի, ստաժի, թոշակի, այդ ամբողջը արտահայտվում է տվյալ անձի նկատմամբ անհատական իրավական ակտում, որը կայացվում է. ինքն ասում է՝ կայացրեք, բայց ինչի՞ հիման վրա եք անելու՝ Սահմանադրությա՞ն, իհա՛րկե հնարավոր չէ»:

Հիշեցնենք՝ ՎՀ նախագահ Ջիանի Բուքիքիոն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված իր նամակում անդրադարձել էր ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններին: Ներկայացնում ենք նամակի թարգմանությունը և անգլերեն բնօրինակը.

«Հարգելի Նախագահ,

Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։

Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։

Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։

Հարգանքներով՝ Ջիանի Բուքիքիո»։

Տեսանյութեր

Լրահոս