Բաժիններ՝

«Ես միացել եմ այդ շարժմանը՝ որպես մարդ, ով հասկանում է, որ չի կարելի մարդկանց զրկել բնակարաններից և տներից»․ Մարկ Գրիգորյանը՝ գույքահարկի բարձրացման օրենքի և սկսված ֆլեշմոբի մասին

Հայ քաղաքական-հասարակական գործիչները, դերասաններն ու երաժիշտները Ֆեյսբուքում լուսանկարներով արշավ են սկսել՝ ընդդեմ գույքահարկի բարձրացման օրենքի։

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գրել է․ «Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։

Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։

Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։

Ես բնիկ եմ և սա իմ քաղաքն է»։

Արշավին միացել են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը, երաժիշտներ Վահան Արծրունին և Վազգեն Ասատրյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը և ուրիշներ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ անդրադառնալով ֆլեշմոբին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։

Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։

Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։ Հ.Գ.- Ես՝ ինքս, չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»։

168amՄարկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ նա գնալո՞ւ է այս քննարկմանը, թե՞ ոչ, և որո՞նք են իր առաջարկները։

«Իհարկե, մասնակցելու եմ այդ քննարկմանը։ Չեմ կարծում, որ ֆիզիկապես գնամ Ազգային ժողով, քանի որ չեմ ուզում վտանգի ենթարկվել կորոնավիրուսով վարակման տեսակետից, որովհետև ես արդեն ռիսկային խմբում եմ։ Ինչ վերաբերում է պահանջներին, ապա դրանք դրվում են, երբ քաղաքական ինչ-որ շարժում կա, և այլն։ Ես քաղաքականության մեջ չկամ։ Ես միացել եմ այդ շարժմանը՝ որպես մարդ, ով հասկանում է, որ չի կարելի մարդկանց զրկել բնակարաններից և տներից։ Դա ինձ համար անձնական չէ։ Ես կգտնեմ այն գումարը, որը կվճարեմ՝ որպես իմ բնակարանի գույքահարկ։ Խոսքը շատ մարդկանց մասին է, որոնց այսպես ցինիկորեն առաջարկում են դուրս գնալ, գնալ ու ապրել ուրիշ տեղ։ Ես քաղաքականության մեջ չեմ, չեմ էլ զբաղվելու, ինչքան էլ ուզում է քաղաքականությունն իմ հետևից ընկնի։ Ես կմասնակցեմ այդ քննարկմանը և իմ մտահոգությունը մեկ անգամ ևս կհասցնեմ Ազգային ժողովին»,- պատասխանեց Մարկ Գիգորյանը։

Դիտարկմանը, թե որպես հակափաստարկ՝ նշվում է այն, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ խոշոր քաղաքներում և կենտրոնում գույքահարկը բարձր է, Մարկ Գրիգորյանը նկատեց․

«Իրենք ասում են, իսկ ես Լոնդոնում իմ տան համար գույքահարկ եմ վճարում և կարծում եմ, որ երևանյանը պետք է դուրս գա այդպիսի մակարդակի։ Բացարձակ դեմ չեմ լինի, եթե Երևանում միջին աշխատավարձն այդ մակարդակի լինի։ Եվ, իհարկե, այդ դեպքում ես ձայն ու ծպտուն էլ չեմ հանի։ Ես հասկանում եմ այն դրդապատճառները, որ կան օրենքի տակ, բայց այսպիսի ասացվածք կա՝ սապոնաջրի հետ նաև երեխային են թասից թափում։ Վախենում եմ, որ սա հենց այդ տարբերակն է»։

Անդրադառնալով «Ես բնիկ երևանցի եմ» արտահայտությանը՝ մեր զրուցակիցն ասաց․

«Չեմ կարծում, որ սա բնիկ և չբնիկ երևանցիների խնդիր է։ Այդ շահարկումը, կարծում եմ՝ ավելի շատ կապ ունի քաղաքական տեխնոլոգիաների, քան իրականության հետ»։

Խոսելով այն մասին, թե ինչու ձայն չէին բարձրացնում, երբ մայրաքաղաքում շինություններ էին քանդվում, օրինակ, Աֆրիկյաննների տունը, Մարկ Գրիգորյանը նշեց․

«Ո՞ւր էին իրենք, երբ ես գնացել Աֆրիկյանների տան մոտ կանգնել էի։ Ո՞ւր էին իրենք, երբ ես ամեն տան հետևից էի ընկնում։ Ես չեմ ուզում մտնել այդ վեճերի մեջ։ Դրանք անպարկեշտ վեճեր են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս