«Այդ նախագծում չեն կարող գտնել մի կետ, որով, օրինակ՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը պետք է հեռանա»․ Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է՝ օգտվելու են իրենց տրված լիազորությունից և դիմելու են ՍԴ:
«Եթե հիմա դիմենք ՍԴ, մեր այն նպատակը, որն ուղղված է լինելու երկրում սահմանադրականությունը վերականգնելուն, խեղաթյուրվելու է: Այն օրերին, երբ քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները, ՍԴ-ն շատ հապճեպ կերպով որոշեց, որ պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի գործը: Մենք հասկացանք, որ, եթե հիմա դիմենք ՍԴ, մեր նպատակը խեղաթյուրվելու է, հատկապես՝ իշխանությունների կողմից, և մենք կսպասենք, որ այդ գործընթացը ավարտվի, և մենք դիմենք ՍԴ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ա․ Սամսոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքականացվել է մի կողմից՝ իշխանությունների կողմից, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների. «Եվ որպեսզի հիմա «Լուսավոր Հայաստանը» չօգտագործվի՝ որպես գործիք թե՛ իշխանության, թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կամ նրանց սատարողների կողմից, մենք ասում ենք հետևյալը՝ մենք թողնում ենք, որպեսզի ՍԴ-ն իր նիստը գումարի, հետո մենք մեր պայմանավորվածությամբ կդիմենք ՍԴ»:
Անի Սամսոնյանը ասաց, որ արդեն սկսում են դիմումի փաթեթը մշակել, որում նախնական երկու հարց է ներառված. «Առաջին՝ արդյո՞ք մենք՝ ԱԺ պատգամավորները կամ խմբակցությունները, իրավասություն ունեն սահմանադրական փոփոխությունները վիճարկելու հարցով մտնել ՍԴ, և մյուս հարցը՝ արդյո՞ք իշխող խմբակցությունը իրավունք ուներ նախագահին զրկելու՝ ստորագրելու իր իրավասությունից»:
Պատգամավորը նկատեց՝ բոլորը ԼՀԿ-ին դիտարկում են՝ որպես գործիք, որը կամ պետք է նախկինների ասածով շարժվի, կամ իշխանության հետ լինի. «Ես ուզում եմ բոլորին ևս մեկ անգամ ասել, և թող սա ընդունեն ի գիտություն և այլևս հաշվի նստեն այն փաստի հետ, որ ԼՀԿ-ն քաղաքական ողնաշար ունեցող ուժ է, որը ի կատար է ածում իր որոշումները: Եթե երբեմն այնպես է ստացվում, որ մեր որոշումները կարող են կիսով չափ համընկնել ինչ-որ քաղաքական ուժերի նպատակների հետ, դա չի նշանակում, որ դա մեր որոշումը չի եղել»:
Նրա խոսքով՝ իշխանությունը հիմա լռում է, որովհետև չի հավատում, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է դիմել Սահմանադրական դատարան. «Քանի որ իշխանությունը միշտ կարճաժամկետ որոշումներ է ընդունում, այսինքն՝ այդ պահին ասում է մի բան, թե հետո ինչ կլինի՝ իրենք կկատարեն իրենց խոստումը, թե ոչ, դա իրենց համար նորմալ է, և նրանք երևի թե մտածում են, որ մենք էլ ենք այդպես վարվում: Կանցնի հուլիսի 7-ը, կքննվի այդ գործը, և մենք դիմելու ենք ՍԴ. մենք այնպիսի ուժեղ հիմնավորումների փաթեթ ենք նախապատրաստում, որ իշխանության համար կարող են լավ իրավիճակներ չստեղծվել դրա արդյունքում: ՍԴ փոփոխությունների իշխանության ներկայացրած նախագիծն այնքան ջուր նախագիծ է, այնքան անորոշություններ պարունակող, որ այդ նախագծում չեն կարող գտնել մի կետ, որով, օրինակ՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը պետք է հեռանա»:
Անի Սամսոնյանը նկատեց՝ այն բոլոր հարձակումներ, որոնք այսօր տարբեր ուժերի կողմից կան ԼՀԿ-ի վրա, ունեն մի նպատակ՝ դուրս մղել ԼՀԿ-ին ընդդիմադիր դաշտից. «Ի դեմս ԼՀԿ-ի, Նիկոլ Փաշինյանը չի ուզում ունենալ ընդդիմադիր ուժ, որովհետև ԼՀԿ-ն այն մաքուր քաղաքական ուժերից է, որի դեմ Նիկոլ Փաշինյանը զենքեր չունի կռվելու, այդ պատճառով միշտ անցնում են անձնական դաշտ՝ մեզ նվաստացնելու, հեղինակազրկելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում