Էքսցենտրիկ Նիկոլը

Վերջին շրջանում շատ է խոսվում այն պարզ իրողության մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին, և հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա ապրում է և իր վերլուծություններն է ներկայացնում ամբողջովին այլ իրականությունից։

Բոլորին է հայտնի այն պարզ ճշմարտությունը, որ Փաշինյանն իր տեսակով լինելով մեծ մանիպուլյատոր՝ վայրկենական կարողանում է տեղեկատվական դաշտում սեփական օրակարգը ձևավորել և մի քանի ակնթարթում դառնալ ողջ լրահոսի «թիվ մեկը»։

Այսօր հերթական անգամ ականատես դարձանք փաշինյանական հերթական պոռթկմանը, որը համեմված էր իրեն բնորոշ փողոցային բառապաշարով։ ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկման եզրափակիչ ելույթը հիշեցնում էր անադեկվատ ու անհավասարակշիռ մարդու փոթորկոտ զայրույթ, այլ ոչ թե երկրի ղեկավարի խոսք․ Նիկոլ Փաշինյանի բառապաշարից բացակայում էին քաղաքական գործչին բնորոշ բառեր, հստակ երևում էր՝ հոգին խռովված էր։

Այսօր ՀՀ-ն գտնվում է բավականին լուրջ ճգնաժամային իրավիճակում՝ և տնտեսական, և առողջապահական, ինչպես նաև՝ քաղաքական, իսկ այս ընդհանուր իրավիճակը ցրելու և ժողովրդին նոր տեսարան մատուցելու համար պետք է իմիտացիա և վեկտորների արմատական շեղում, այսօր խորհրդարանում մենք տեսանք դրա ուղղակի դրսրևորումը։ Փաշինյանն իր խոսքում խոսեց ամեն ինչից, հիշեց բացառապես բոլորին, և սովորության համաձայն՝ մեղավոր դարձան բոլորը, բացի իրենից ու սեփական թիմից։

Շուրջ երկու տարի մենք ականատես ենք լինում նույնաբովանդակ դատարկախոսությանը, որ ամեն ինչում մեղավոր են նախկիններն ու ՀՀԿ-ն, այսօրվա բառապաշարը բառացի նույնն էր՝ հավելած ԲՀԿ-ն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, և Միքայել Մինասյանը, ում մոտ երկու ամիս ընթացող տեսաուղերձներն իսկական պատուհաս են դարձել ՀՀ դյուրագրգիռ «ղեկավարի» համար։ Տեղի ունեցող գործընթացներում առանցքային դերակատարություն ունի կորոնավիրուսային այս համաճարակը, որի կանխարգելման հարցում Փաշինյանի ապիկար կառավարությունը ոչինչ չի կարողանում իրականացնել, ավելին՝ թունելի վերջում լույս չի երևում։

Նման վարվելակերպը տիպիկ է բոլոր հետհեղափոխական համակարգերին, երբ հեղափոխության գլխավոր ուժը փորձում է մաքրել քաղաքական դաշտը (այս կերպ վարվեցին նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ ղեկավարները, այդ երկու պետության ներսում չկար որևէ քաղաքական ուժ, որը կկարողանար հակակշիռ լինել կենտրոնական կառավարությանը)։ Նա բացահայտ հոխորտում է, որ քաղաքական դաշտում «մաքրման» գործընթաց է ընթանում, ասել է թե՝ Փաշինյանը խոսում է քաղաքական ուժերի սելեկցիայով՝ փորձելով դաշտում թողնել միայն «սվոյներին»։

Փաշինյանի որակումներն ու հռետորաբանությունն այնպիսին է, որ նա չի կարողանում դուրս գալ ցուցարար ու ընդդիմադիր ըմբոստի կեցվածքից և հանդես գալ՝ որպես կառուցողական այր, ով մտահոգ է երկրում ստեղծված ճգնաժամով և քաղաքական դաշտում կոնսոլիդացիոն քայլեր է նախապատրաստում։

Կորոնավիրուսով պայմանավորված գլոբալ ճգնաժամն օրըստօրե բյուրեղացրեց և պարզեցրեց ՀՀ քաղաքական դաշտը և հստակեցրեց բոլորի դիրքերը, կա երկու բևեռ՝ մի հատվածը Փաշինյանն է և նրա սատելիտ սեգմենտը, մյուս ուժերը բոլոր նրանք են, որոնց համար ոչ մի կերպ ընդունելի չէր Փաշինյանի վարչապետացումը։

Ներկայումս ՀՀ քաղաքական դաշտում դեռևս որոշակի պայմանական խաղաղություն է տիրում, որը շատ կասկածելի է, քանի որ, որպես կանոն, փոթորկից առաջ ծովը միշտ հանգիստ է լինում։

Որպես կանոն՝ աշխարհի բոլոր «հեղափոխական» առաջնորդներն ունենում են նույն ընդհանրությունները. նրանք ընթանում են նախորդ իշխանությունների սխալների ճանապարհով, հաճախ՝ իշխանազրկվելով գրեթե նույն կերպ, ինչպես իշխանության են եկել:

ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալած և ակնհայտ իշխանություն իրականացրած Փաշինյանի իշխանությունը չշեղվեց համաշխարհային քաղաքական զարգացումների օրինաչափություններից և բացառություն չկազմեց: Նիկոլ Փաշինյանի կառավարման սխալներն ու հապաղումներն էլ բացել են հեղաշրջումների ծանր դուռը, որը փակելն այլևս դժվար է լինելու:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս