«ԿԸՀ-ն կամ նրա անդամներն իրականացնում են Ընտրական օրենսգրքով նախատեսված գործառույթներ». Տիգրան Մուկուչյանը՝ Գագիկ Ծառուկյանի քննադատության մասին
Այսօր խորհրդարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ինչու են իշխանությունները հներից խոսում այն դեպքում, երբ ԿԸՀ-ի նախագահը շարունակում է մնալ նույն անձը, որ պաշտոնավարել է նաև նախկին իշխանությունների ժամանակ:
«Առիթ ունեցել եմ այս հարցին բազմիցս անդրադառնալու, Կենտրոնական ընտրակական հանձնաժողովը կամ հանձնաժողովի անդամներն աշխատում և իրականացնում են այն գործառույթները, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:
168.am-ի հարցին՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոք ներկայացրել է, եղե՞լ է ձայների վերահաշվարկի դիմում, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ հարցն առարկայական է, հետևաբար՝ կարող է միայն ասել, որ յուրաքանչյուր ընտրական գործընթացից հետո, հատկապես՝ համապետական ընտրություններից հետո, ԿԸՀ-ն անմիջապես ներկայացնում է հաղորդում:
«Այդ հաղորդումները ներկայացվել են, այնտեղ մանրամասն այդ տեղեկություններին կարող եք ծանոթանալ; Դրանք նաև քննարկվել են Ազգային ժողովում, դրանք հրապարակված են հանձնաժողովի կայքում»,- նշեց Տ. Մուկուչյանը:
Մեր հաջորդ հարցին, որ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ ԿԸՀ նախագահին բազմիցս քննադատել է ընտրությունների արդյունքները կեղծելու, թվեր նկարելու մեջ, այսօր ինչպե՞ս է ստացվում աշխատել նրա հետ, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ հարցին արդեն ընդհանրական առումով պատասխանել է, թե ինչպես են ԿԸՀ-ի կայքում հրապարակվում տեղեկությունները:
Անդրադառնալով ընտրակաշառքի հետ կապված խնդիրներին, որի հիման վրա էլ ԲՀԿ առաջնորդին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից և նրա դեմ քրեական հետապնդում սկսեցին, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ն միշտ էլ հրապարակային ներկայացրել է իր մոտեցումն այդ երևույթների քննադատության հետ կապված:
«Մենք համապետական ընտրությունների ժամանակ ոչ միայն հրապարակային խոսքով, այլև տեղադրել ենք գովազդային վահանակներ, որոնք ուղղակիորեն կոչ էին ընտրողներին, որ ընտրակաշառք ստանալը համարվում է քրեորեն պատժելի արարք: Այսինքն՝ այս առումով ԿԸՀ-ի դիրքորոշումը հստակ է եղել: Ավեին, երբ եղել են նման առանձին դեպքեր, մեր արձագանքը եղել է շատ օպերատիվ, նախազգուշացնելով համապատասխան սուբյեկտին»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում