«Ժողովրդավարությունը մեծամասամբ դեռ օգտագործվում է, որպես՝ չասեմ ֆասադ, այլ որպես գործիք՝ ներկա պահի կառավարման համար»․ Ալեքսանդր Ռարը՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին

«Դա մեզ մոտ բավականին քաղաքակիրթ է տեղի ունենում՝ միայն ընդհանուր խաղի կանոնների շրջանակում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլիներ Գերմանիայում կամ այլ եվրոպական երկրում, երբ Խորհրդարանը «լուծեր» Սահմանադրական դատարանի «հարցն» այնպես, ինչպես դա փորձում են անել ՀՀ իշխանությունները, գերմանացի վերլուծաբան Ռարը խուսափեց գնահատական տալ հայաստանյան զարգացումներին՝ նշելով, որ Գերմանիայում ժողովրդավարական համակարգն ավելի հասուն և «տարիքով» է, քան հայաստանյան համակարգը, Գերմանիայում կայացել է իշխանությունների տարանջատման սկզբունքը, բալանսը, ժամանակի ընթացքում այն ձեռք է բերել այլ կայունություն և ուղղություն։

«Մեր մոտ ժողովրդավարությունը կայացել է, Սահմանադրությունը գործում է, իշխանության բոլոր ճյուղերը փաստացիորեն միմյանց ճանաչում ու հարգում են, կա ուժերի հավասարակշռություն, և կան խաղի կանոններ, որոնցով Գերմանիան խաղում է, և դա չափազանց կարևոր է։ Բայց կարելի է նաև ասել, որ, չխախտելով օրենքներ, ժամանակի ոգին, իրավիճակն ավելի բարենպաստ է դարձրել Սահմանադրական դատարանի համար, և ՍԴ-ն այսօր փաստորեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն ինչ որոշելու վերջին լիազորությունը ՍԴ-ինն է, լծակներ ունի Կառավարության և օրենսդիրների նկատմամբ, կարող է ստիպել չեղարկել օրենքներ։ Բայց ՍԴ-ն իրավունք չունի քաղաքականություն վարել, նա պետք է միայն արձագանքի և մշակումներ անի, բայց չի կարող քաղաքականություն վարել, թեև անուղղակիորեն փորձում է անել։ Մեզ մոտ ներկայումս ժողովրդավարական զարգացման այն փուլն է, երբ ՍԴ-ն ավելի ազդեցիկ է, բայց դա փոխվելու է։ Օրինակ՝ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում ամրապնդվեց հանկարծակի կերպով գործադիր իշխանությունը, նա փաստորեն լիարժեք կերպով նեյտրալիզացրեց Խորհրդարանը, չհարցրեց խորհրդարանին՝ ինչպես վարվել, և խորհրդարանն էլ իր հերթին չարձագանքեց շատ որոշումների։ Սրանով ուզում եմ ասել, որ կա կայացած ժողովրդավարական համակարգ, բայց կախված այն հանգամանքից, թե ինչպիսի իրավիճակ է, իսկապես կա հնարավորություն այդ իշխանության ճյուղերից մեկի համար ավելի ազդեցիկ լինել, բայց դա մեզ մոտ բավականին քաղաքակիրթ է տեղի ունենում միայն ընդհանուր խաղի կանոնների շրջանակում»,- ասաց Ռարը։

Մեր դիտարկմանը, թե ինչու ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած հայաստանյան իշխող ուժն ինքը չի հետևում ժողովրդավարական սկզբունքներին՝ նա ասաց, որ ժողովրդավարությունը մի քանի տարիների ընթացքում չի ծնվում, նույնիսկ մեկ-երկու սերնդի ընթացքում։

«Եվրոպայում ժողովրդավարական համակարգը ծնվել է հենց ֆրանսիական հեղափոխությունից սկսած և ընթացել է ծանր ցնցումներով, ժողովրդավարությունը կայացել է մեծ արյունահեղությունների գնով, պայքար իշխանության համար, ժողովրդավարացման գործընթացների ընդհատում, երբ Գերմանիայում Հիտլերը եկավ իշխանության, Ժողովրդավարությունը կայացել է Արևմուտքում, քանի որ եղել է վերաիմաստավորում, արդար հասարակության ձևավորման դառը փորձ։ Հասարակությունը ևս կարևոր է այս հարցում, հենց այդ պատճառով ժողովրդավարությունն այստեղ հարցականի տակ չի դրվում, այլ հարց է, որ հետսովետական տարածքում, նույնիսկ Արևելյան Եվրոպայում չեմ տեսնում ժողովրդավարական զարգացման ավանդույթ։

Դա Ձեր մեղքը չէ, այնպես է ստացվել, որ Արևելյան Եվրոպան, Կովկասը, հետսովետական տարածքը, Ռուսաստանը զարգացել են այլ ավանդույթներով, այդ երկրները չեն ենթարկվել լուսավորմանն այնպես, ինչպես Արևմուտքը ժամանակին, որը չափազանց կարևոր էր Արևմուտքի համար, ուստի այստեղ չափազանց կարևոր էր և այն մարդը, ով իշխանության է, և այն, ով իշխանությանն է ենթարկվում, քանի որ երկուսն էլ ընդունում են խաղի այդ կանոնները կամ փորձում են ընդունել, համարում են, որ դրանց պետք է հետևել։ Հասարակություններում, որոնք զարգացել են ավտորիտար համակարգերում, դիկտատուրայի պայմաններում, մի քանի սերունդ է հարկավոր, որպեսզի իշխողը և իշխվողը հանգեն ընդհանուր ոգեղեն, ներքին փոխըմբռնման, որ իրենց հարկավոր է ժողովրդավարություն, որն ամեն ինչից վեր է։ Հայաստանը երիտասարդ ժողովրդավարություն է՝ արդեն 30 տարի, ՀՀ-ն ավելի ժողովրդավար է, քան Միջին Ասիան, բայց ամեն դեպքում չկան ընդհանուր կանոններ, երբ մարդիկ իրենք ներսից չեն ցանկանում այս կամ այն բանն անել, մարդիկ դեռ իրենց սեփական շահի համար շրջանցում են օրենքը։ Ժողովրդավարությունը մեծամասամբ դեռ օգտագործվում է, որպես չասեմ՝ ֆասադ, այլ՝ որպես գործիք ներկա պահի կառավարման համար այն դեպքում, երբ արևմտյան հասարակարգերում ժողովրդավարությանը պարզապես այլընտրանք չկա»,- ասաց Ալեքսանդր Ռարը։

Տեսանյութեր

Լրահոս