Եթե այս լուծումը կբավարարի բնակիչներին՝ շատ ավելի լավ․ Նախարարությունը Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչների տեղափոխման համար նոր ավտոբուս կներգրավի
Արարատի մարզի Հայանիստ և հարակից բնակավայրերի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ 35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփար և Հայանիստ համայնքները, մայիսի 18-ից այլևս գյուղեր չի մտնում։
Գյուղերը քաղաքին կապող այս երթուղային միջոցը Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամաս ուղևորափոխադրում է կատարել:
Ազատաշենի համայնքապետարանից աշխատակազմի ղեկավար Մարինե Բադալյանն ասաց, որ խնդիրը կորոնավիրուսի հետ է կապված եղել, և հիմա 35 համարի ավտոբուսը Հայանիստի փոխարեն՝ մինչև Արգավանդ է հասնում։
«Մինչև կորոնավիրուսը շատ նորմալ երթևեկել ենք։ Հիմա խնդիրն այն է, որ շատ ուղևոր չեն կարող վերցնել։ ժողովուրդը բողոքեց՝ մեկ օր աշխատեց ավտոբուսը, հետո էլի չաշխատեց»,- ասաց Մարինե Բադալյանը։
Գեղանիստի համայնքապետ Վաչիկ Ադիլխանյանը նույնպես ասաց, որ հաստատ չգիտի պատճառը, բայց կարծես թե խնդիրը կորոնավիրուսի հետ է կապված։
Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանի փոխանցմամբ էլ՝ մոտ 2 ամիս է` կորոնավիրուսի հետ կապված, 35 համարի ավտոբուսը չի մտնում գյուղ։
«Պատճառաբանում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ քաղաքային տրանսպորտն այլևս գյուղեր չի մտնելու։ Որպես այլընտրանք՝ 487 համարի երթուղայինն է, որը միշտ եղել է, բայց նորմալ չի աշխատում։ Հիմա էլ որ բոլորը երթուղայինում նստած պետք է երթևեկեն, 7-8 տեղանոց երթուղայինից ո՞նց կարող է ամբողջ գյուղերի մոտ 10․000 բնակիչ օգտվի։ Ավտոբուսը գալիս, հասնում է Հայանիստ՝ արդեն տեղ չկա, որ մարդիկ նստեն, աշխատանքի գնան, ու լուրջ խնդիրներ են առաջանում։ Խնդիրը միայն աշխատանքի գնալու հետ կապված չէ։ Մարդ ա մի երկու տոպրակ իր բերք ու բարիքից տանում է, ասենք, Մալաթիայի շուկա, որ վաճառի, կամ խանութներ, որ իրենց փողը վաստակեն, ընտանիքը պահեն»,- նշեց Հայանիստի համայնքապետը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանն էլ ասաց, որ նախկինում համայնքները սպասարկել է ներքաղաքային 35 համարի երթուղին, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ քանի որ կանգնած երթևեկել չի կարելի, և այն ներքաղաքային տրանսպորտ է, ու գործը մայրաքաղաքի բնակչությանը սպասարկելն է, հիմա այդ երթուղին աշխատում է մինչև քաղաքի վարչական սահմանները, չի հասնում Հայանիստ։ Երևանի քաղաքապետարանը՝ որպես լիազոր մարմին, այդպես է որոշել։
«Եվ որպեսզի կարողանանք բնակչության տեղաշարժման հարցը կարգավորել՝ 487 համարի երթուղին այդ համայնքներով է անցնում, ճանապարհը մի քիչ ավելի երկար է, հասնում է մինչև Ջրառատ գյուղ։ Կար 473 համարի երթուղի, որը Հայանիստի հարևան գյուղն էր գնում։ Մենք փոխադրողի միջոցով այդ երթուղին երկարացրել ենք մինչև Հայանիստ, չնայած որ այդ լուծումից գոհ չեն բնակիչները։ Հիմա, որպեսզի խնդիրն արդյունավետ լուծենք՝ քննարկել և փոխադրողի հետ եկել ենք համաձայնության, որ փոխադրումների համար նաև ավտոբուս ներգրավի՝ արդեն ոչ թե Ջրառատից կամ հարակից գյուղից, այլ՝ Հայանիստից։ Ուղղակի բնակիչները խնդրեցին՝ հնարավորության դեպքում այդ երթուղին անցնի Հարավ-Արևմտյան թաղամասով՝ մինչև կենտրոնական ավտոկայան հասնելը։ Եվ, քանի որ օրենքի պահանջ է՝ Երևանի վարչական տարածքով անցնող ուղեգիծը պետք է համաձայնեցվի Քաղաքապետարանի հետ, կփորձենք համաձայնեցնել, և, եթե հնարավոր եղավ, թույլ կտանք, որպեսզի երթուղին նաև Հարավ-Արևմտյան թաղամասով անցնի»,- մանրամասնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետը։
Նրա փոխանցմամբ՝ նախկինում եղել է ավտոբուսային երթուղի, որի սպասարկումը ժամանակին դադարեցվել է, իսկ հիմա կփորձեն վերականգնել։
«Եթե այս լուծումը կբավարարի բնակիչներին՝ շատ ավելի լավ։ Սա կլինի կարճաժամկետ լուծում, իսկ որպես հեռանկարային լուծում՝ ավելի մեծ ծրագիր ունենք՝ միասնական ցանցի հետ կապված։ Այդ ժամանակ ավելի նոր, հարմար տրանսպորտային միջոցներով կփորձենք մեր բոլոր համայնքների հետ կապն ապահովել»,- ընդգծեց Արման Կարապետյանը։