Փաշինյանի հետ շփվելու են, բայց նրանից բացի՝ կան այլ քաղաքական գործիչներ, որոնց կարծիքը ՌԴ-ում պետք է լսելի լինի․ Մարկեդոնով

«Ռուսաստանը նախկին սխալներից դասեր է քաղում»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ն աջակցո՞ւմ է հայաստանյան ընդդիմությանը։

Նա նշեց, որ պնդումները, թե Ռուսաստանը հատուկ հետաքրքրություններ ունի և աջակցում է Փաշինյանի ընդդիմախոսներին, երևի թե հիմնվում են այն տեղեկությունների վրա, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպեց ԲՀԿ ներկայացուցիչների հետ։

«Մեկ տարի առաջ ես հիշում եմ մի իրավիճակ, երբ դեսպանը, այսպես ասած, քննադատվեց Քոչարյանի հետ շփման համար։ Ես հարց ուղղեմ՝ մի՞թե ԲՀԿ-ն ահաբեկչական կառույցների ցանկում է։ Ո՛չ, օրինական խմբակցություն է ՀՀ ԱԺ-ում։ Հիշում եմ, որ երկար տարիներ ռուսական դիվանագիտությունը քննադատվում էր այն բանի համար, թե ինչու է միայն իշխանությունների հետ աշխատում և չի աշխատում քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ, սկսեց ողջ սպեկտրի հետ աշխատել, և կրկին՝ նույն իրավիճակը»,- ասաց Մարկեդոնովը՝ շարունակելով, որ Ռուսաստանը ՀՀ-ում անցկացված որևէ ընտրություն, կայացված որևէ որոշում չի քննադատել, չի վիճարկել, ոչ լեգիտիմ չի գնահատել։

Նրա գնահատմամբ՝ երկխոսությունը կողմերի միջև շարունակվում է, Պուտինի ու Փաշինյանի հանդիպումների հաճախականությունը նույնիսկ ավելին է, քան Պուտին-Սարգսյան հանդիպումները, Մնացականյանն ու Լավրովը հանդիպում են ոչ պակաս, քան Լավրովը Նալբանդյանի հետ, նույնը Շոյգուին և Տոնոյանին է վերաբերում։

«Իսկ այն, որ Վանեցյանը հանդիպում է Կադիրովին, դա արգելված չէ, Վանեցյանը ՀՀ-ի քաղաքական գործընթացների լեգիտիմ մասնակիցն է, նա ունի իրավունք հանդիպել նրանց հետ, ում հետ հնարավոր է համարում։ Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները դուրս են երկու-երեք դեմքերի միջև շփումների շրջանակից»,- ասաց Մարկեդոնովը։

Վերջինս նշեց, որ Փաշինյանի հետ շփվել են, շփվելու են, բայց նրանից բացի, կան այլ քաղաքական գործիչներ, նրանց հետ ևս պետք է հանդիպել, նրանց կարծիքը ևս արժեքավոր է, և այդպես են աշխատում աշխարհի բոլոր դեսպանները, նրանք ողջ դաշտի հետ աշխատում, նրանց միայն պետական դիրքորոշում չէ պետք, նրանց ողջ իրավիճակն են ներկայացնում, ուստի արտասովոր ոչինչ չկա, սա սովորական պրակտիկա է, երբ կա աշխատանք տարբեր քաղաքական ուժերի հետ։

«Ոչ ոք չի ասում, ինչպես Վենեսուելայի դեպքում, սա մեր նախագահն է, սա՝ մերը չէ, Ռուսաստանը պաշտոնական խողովակներով աշխատում է իշխանության հետ, ում ժողովուրդն աջակցում է, և կան մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, և դա ևս պետք է լսելի լինի»,- ասաց Մարկեդոնովը՝ շարունակելով, որ նախկինում Ռուսաստանը շատ կենտրոնացած է եղել իշխանամետ ռեսուրսների վրա, որը համարժեք գնահատականի հնարավորություն չէր տալիս, և սխալներից պետք է դասեր քաղել։

Տեսանյութեր

Լրահոս