«Գյուղում 90 տոկոսն անգործ են մնացել, երեխաներին չենք կարողանում բժշկի բերել քաղաք». 6 գյուղի բնակիչներ դժգոհում են տրանսպորտի բացակայությունից
Այսօր Քաղաքապետարանի առջև Արարատի մարզի 6 գյուղի բնակիչներ բողոքում էին տրանսպորտի բացակայությունից: Նրանց խոսքով՝ մինչև արտակարգ դրությունն իրենց գյուղերը սպասարկում էր 35 համարի ավտոբուսը, որն այժմ հասնում է մինչև Արգավանդ ու վերադառնում՝ իրենց գյուղեր չի մտնում: 6 գյուղի բնակիչներն օրեր առաջ Կառավարության շենքի առջև էին հավաքվել նույն խնդրով, սակայն այն դեռ չի լուծվել:
«Ինչքա՞ն կարա մարդ նստի սպասի, ձեռ են առնում, մարդկանց դարձրել են հոգեկան հիվանդ: Նախորդ ցույցից հետո եկան Մասիսի տրանսպորտի տարածքային վարչությունից, ասացին՝ նամակ ենք ուղարկել Քաղաքապետարան, 3 օր սպասեք, ձեր հարցին լուծում կտվի: Քաղաքապետարանից ասում են՝ մեզ դիմում չեն ուղարկել: Մեր համագյուղացիներից մեկն էլ դիմում է գրել Քաղաքապետարան: Մենք էլեկտրոնային տարբերակով դիմել ենք, մերժել են, ասել են՝ վարչապետի իրավասության մեջ չի մտնում: Եթե վարչապետի իրավասության մեջ կարա մտնի մի օրում մի ամբողջ համակարգ փոխելը, 3 ամսում մեզ ավտոբուս չի կարա՞ տրամադրվի: Ինչքա՞ն կարելի ա, ընտանիք, ամուսին, տուն, երեխա թողել, ընկել ենք իրանց դռները»,- ասաց Հայանիստի բնակիչ Տաթևիկ Ավետիսյանը:
Գյուղերի բնակիչները նաև ասացին, որ սա ազդում է իրենց աշխատանքի վրա, քանի որ չեն կարողանում ժամանակին հասնել աշխատանքի:
«Մարդն աշխատում է Երևանում, գործից դուրս է եկել, չի կարողանում աշխատանքի գնալ, ընտանիքն ապրել ուզո՞ւմ է, թե՞ չէ, իրենք իրենց տեղերում նստած՝ միայն արտակարգ դրություն, էս արտակարգ դրությունը ինչքա՞ն պետք է մեզ սենց տանի ու բերի»,- ասաց Ավետիսյանը:
«12 գյուղ մի գազել է սպասրակում ՝487, 30-40 րոպեն մեկ է գալիս, չի հասցնում, մարդիկ կռացած են գնում, սարսափելի վիճակ է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցուցարարները պնդում էին, որ ստիպված են լինում մի քանի հոգով տաքսի վարձել, սակայն իրենց ստացած գումարը չի բավարարում նման ծախսերը հոգալու համար: Դիմել են նաև համայնքի ղեկավարներին, ասել են՝ սպասեք:
«Համայնքի ղեկավարներն ասում են՝ սպասեք, կարանտին է, կարանտինը միայն մեզ վրա ազդե՞ց»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Հարգելի պարետ Տիգրան Ավինյան, Դուք ճիշտ չեք աշխատում, արտակարգ դրության ընթացքում քաղաքի ու գյուղերի միջև տարբերությունը ո՞րն է, գյուղացիով եք ապրում»,- ասաց ակցիայի մեկ ուրիշ մասնակից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը ցուցարարներից 3-ին հրավիրեց ներս՝ քննարկման, ինչից հետո Տաթևիկ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ասել են՝ այդ խնդիրներով պետք է զբաղվի մարզպետարանը:
«Նոր քննարկեցինք, որ մեր հարցով զբաղվելու է մարզային տարածքը: 35 համարը միայն քաղաքային տրանսպորտ է համարվում, քաղաքի բնակչությունն է բողոք ներկայացրել, որ տեղերը սահմանափակ են, 20 հոգի է նստում, քաղաքում էլ չի լինում, որ կարողանան երթևեկեն: Հիմա մեզ ուղարկեցին տրանսպորտի գծով տարածքային բաժին: Գնալու ենք այնտեղ: Ավելացրել են 487 երթուղի, որ ժամանակավոր մեզ սպասարկի, մինչև ավտոբուսի հարց լուծվի: Այս հարցը տրվում է մարզպետին»,- ասաց Ավետիսյանը:
Նա նաև նշեց, որ 487 երթուղայինից ոչ բոլոր գյուղերն են կարողանում օգտվել, օրինակ՝ Գետաշենի բնակիչներն այդ հնարավորությունն էլ չունեն: Մարզի բնակիչները դժգոհ են նաև 487 երթուղայինի վարորդների մակարդակից:
«Մեզ ասացին՝ ավտոբուս լինելու է, պատկանելու է մարզպետարանին: Դեռ չգիտեն, թե ինչքան ժամանակում կլինի: Սա երևի ամիսների խնդիր է, բայց մենք այդ ընթացքում պետք է աշխատանքի գանք: Գյուղում 90 տոկոսն անգործ է մնացել հենց տրանսպորտի պատճառով, երեխաներին չենք կարողանում բժշկի բերել քաղաք: Մեզ դրել են կենդանու տեղ, հոտի պես բրթում են: Ուզում ենք ավտոբուս, ուզում ենք աշխատենք, ուրիշ բան չենք ուզում: Հեռացնում են գործից, ասում են՝ չես կարողանում ժամանակին գալ, ուրեմն դուրս գնա»,- ասաց Ավետիսյանը:
Բնակիչները վարչապետին կոչ արեցին գնալ նաև իրենց գյուղերը՝ տեսնել, թե ինչքան ճանապարհ են քայլելով անցնում իրենք ամեն օր՝ աշխատանքի գնալու համար: