Բաժիններ՝

Հայանիստի բնակիչները Կառավարությունից պահանջում են լուծել ոչ միայն տրանսպորտի, այլև իրենց ջրի հարցը, հակառակ պարագայում կփակեն ճանապարհը

168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղը և ևս վեց համայնքներ մնացել են առանց տրանսպորտի: 35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր այդ համանքներին, մայիսի 18-ից հետո այլևս չի սպասարկում, ավտոբուսի վերջին կանգառն Արգավանդում է:

Այսօր համայնքի մի քանի բնակիչներ հավաքվել էին Կառավարության մոտ, որպեսզի դիմում-նամակ հանձնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ իրենց բարձրաձայնած խնդրին լուծում տալու համար:

Կառավարության մոտ, լրագրողների հետ ճեպազրույցում համայնքի բնակիչ, ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Տաթևիկ Ավետիսյանն ասաց, որ ավտոբուսը հասնում է մինչև Արգավանդ  և այնտեղից առաջ չի գնում:

«Արգավանդից հետո բոլոր տեղերում վիրուսնե՞ր են: Հիմա մենք բոլորս աշխատում ենք, երեխա, ընտանիք ենք պահում: Մենք բոլորս կին ենք, դուրս ենք գալիս, ճանապարհներին կանգնում ենք, ձեռք ենք բարձրացնում, որ օտար տղամարդիկ կանգնեն, իրենց մեքենաներով մեզ իջեցնեն քաղաք, որ գնանք աշխատանքի: Այն օրը, երբ  աշխատանքի չենք գնում, մեր երեխան սոված է մնում: Նման վիճակում բոլորն են, միայն մենք չենք, պարզապես այս արտակարգ դրության հետ կապված՝ գյուղի բոլոր բնակիչներին չենք բերել այստեղ:  Հիմա խաղաղ ակցիայի միջոցով ասում ենք, որ օգնեն մեզ, գյուղերում մարդիկ են ապրում, որոնք ընտանիքներ են պահում»,- նշեց նա:

Նա նաև ընդգծեց, որ մարզպետն իրենց հարցին լուծում չի տալիս, ինչ վերաբերում է գյուղապետին, ապա նրանից դժգոհ չեն, բայց ի՞նչ կարող է անել խեղճ մարդը, նրան օգնող ուժ է պետք, որպեսզի կարողանա բնակչության կարիքները հոգալ:

Տաթևիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ 35 համարի երթուղին ունի 20 ավտոբուս, և համաձայն են, որ այդքան ավտոբուսից գոնե չորսը տրամադրեն իրենց համայնքներին:

«Եկեք մեր գյուղ, տեսեք՝ այդ գյուղում մարդիկ ինչպես են ապրում, մարզպետն օրերից մի օր որևէ մեկի դուռը թակե՞լ է, տեսե՞լ է՝ ինչպես են ապրում: Ինքս տնակում եմ ապրում, չկա հիգիենիայի որևէ պայման: Կորոնավիրուսի պատճառով 3 ամիս չենք աշխատել, ստացել եմ ընդամենը 26.500 դրամ, մի հատ էլ 19․000 եմ ստացել: Ողորմություն չեմ ուզում, տրանսպորտ տվեք, գնամ աշխատեմ, իմ ընտանիքին պահեմ»։

Բնակիչները նաև իրենց հետ ջուր էին բերել՝ պահանջելով, որ այն պատկան մարմինները փորձաքննության ենթարկեն, որպեսզի հասկանան, թե իրենք ինչ ջուր են խմում:

«Իմ երեխան 9 տարեկան է, ունի ստամոքսի էռոզիա, նա աղիքային ինֆեկցիայով է վարակվել Հայանիստի ջրից: Դիմել ենք մարզպետին, մեզ ասում են՝ զանգարահեք «Վեոլիա ջրի» թեժ գծին, այնտեղից էլ ասում են՝ մենք որևէ բան չենք կարող անել: Ջուրը ծորակից շատ կամաց է ծորում, նույնիսկ չենք կարող ձեռք լվանալ, իսկ հիմա այդ ջուրը շատ անհրաժեշտ է, որպեսզի մեր հիգիենիան պահպանենք: Որևէ մեկը մեր հարցերին որևէ կերպ չի արձագանքում: Գյուղում մարդ չի աշխատում, ու այդ պայմաններում պետք է մի քանի հազար հեռախոսին լիցքավորեն, որ կարողանան զանգարահել «Վեոլիա ջուր»,- նշեց նա:

Բնակիչները հայտարարեցին, որ իրենց հարցին պետք է լուծում տրվի, հակառակ դեպքում դուրս կգան ու կփակեն գյուղի խաչմերուկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս