«ՀՀ–ում միայն նախկինները և, այսպես կոչված, հակահեղափոխականները չեն, որոնք ընդդիմանում են նոր իշխանություններին»․ Մարկեդոնով

«ՀՀ-ում նաև նոր ընդդիմություն է ձևավորվում»,- այս մասին այսօր հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով Հայաստանի քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունների մասին:

Նա նախ ներկայացրեց իր դիտարկումներն այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում հեղափոխական իրադարձություններից հետո։

Ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունները վերահսկողություն սահմանեցին թե օրենսդիր, թե գործադիր իշխանության նկատմամբ, «վերցրին քաղաքապետարանը», և ստացվեց, որ իշխանության համար խնդիրներ էր հարուցում միայն դատական իշխանությունը, քանի որ դատավորների մեծ մասը նշանակվել էր դեռ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, ուստի այդ ոլորտում պայքարը դարձավ հեղափոխության երկրորդ փուլը մեկ տարի առաջ։

«Այն, ինչ մենք տեսանք՝ սկզբից փորձ էր հանրաքվե անցկացնել Սահմանադրական դատարանում ռոտացիայի համար, երբ հանրաքվեն տեղի չունեցավ, որոշում կայացվեց, որպեսզի Խորհրդարանը համապատասխան մեխանիզմ սահմանի, և դա ընդունվեց, ի վերջո։ Արդյունքում մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը և դատական կորպուսը ևս պետք է ներկայացված լինի այն ճամբարով, որը եկավ իշխանության ՀՀ-ում 2018 թվականին։ Հետաքրքիրն այն է, որ, երբ այն մարդիկ, որոնք երկու տարի առաջ տարբեր պատճառներով՝ հեղափոխության կամ հենց սկզբից, կամ՝ հետո աջակցեց թավշյա հեղափոխությանը, նկատի ունեմ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին, այսօր գտնվում են ընդդիմության շրջանում։ Այն հանգամանքը, որ այս կուսակցությունները չքվեարկեցին սահմանադրական փոփոխությունների օգտին, խորհրդանշական է։ Խորհրդանշական է նաև այն, որ այդ կուսակցությունները չքվեարկեցին նաև Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Ուզում եմ հիշեցնել նաև «Հայրենիք» կուսակցության մասին ՀՀ ԱԱԾ նախկին պետի՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, ով իշխանության շարքում էր և այսօր՝ ընդդիմադիր դաշտում է դիրքավորվում։ Այսինքն՝ ձևավորվում է նոր ընդդիմություն, որը կապված չէ կտրուկ կերպով նախկին իշխանության հետ։ Դուք կարող եք ինձ ասել, որ Ծառուկյանը կապ է ունեցել ժամանակին նախկին իշխանությունների հետ, կոալիցիա է ձևավորել, բայց չէ՞ որ նա 2018 թվականին աջակցել է Փաշինյանին վերջին պահին։ Այսինքն՝ այստեղ միայն նախկինները չեն և, այսպես կոչված, հակահեղափոխականները, որոնք ընդդիմանում են նոր իշխանություններին»,- ասաց Մարկեդոնովը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց Սարգսյանի և Քոչարյանի օրերս անցկացրած հանդիպման վրա, ինչը նշանակում է, որ երկու նախկին ղեկավարները խորհրդանշական մակարդակում աջակցություն են ցուցաբերում միմյանց։

Նրա խոսքով, փաստ չէ, որ ինչ–որ բան կստացվի նրանց մոտ, քանի որ ոչ մեկը, ոչ   մյուսը չունեն հզոր կուսակցություններ, բայց դա որոշակի հետաքրքրություն է առաջացնում։

«Այսինքն՝ տեսնում ենք այսօր փոքր հնարավորություններ ունեցող նախկինների միջև համագործակցություն և նոր ընդդիմություն, նրանք, ովքեր եղել են շահառուն 2018 թվականի իրադարձությունների, բայց Նիկոլ Փաշինյանից հեռացել են։ Դեռևս կասեմ, որ վարչապետի և իշխանության վիճակն ավելի լավ է, նրանք ունեն էական ժողովրդական աջակցություն, առանցքային դիրքեր Կառավարությունում, Խորհրդարանում, Երևանի ավագանիում և արդեն դատական իշխանությունում կունենան, բայց նման ժողովրդականությունը հավերժ չէ։ Ես շատ օրինակներ գիտեմ, երբ շատ ժողովրդականություն ունեցող ղեկավարներ դա կորցրել են, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, 2013 թվականին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարելի է հիշել ավելի վաղ Ստեփան Դեմիրճյանին և այլոց։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ Հայաստանում երբեք չի եղել, երբ երկու նախկին ղեկավարներ ենթարկվեն քրեական հետապնդման, ավելի վաղ առաջին դեմքերը համագոյակցել են միմյանց հետ, այսօր այդ ավանդույթը փոխվել է»,- արձանագրեց Սերգեյ Մարկեդոնովը։

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց հունիսի 24-ին Մոսկվայում կայացած շքերթին՝ Մարկեդոնովը պատասխանեց, թե չի կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները երկու մարդու հարաբերություններ են՝ Փաշինյանի և Պուտինի հարաբերություններ են կամ քաղաքական գործիչների ինչ–որ մի խմբի հարաբերություններ են։ Դրանք, նրա որակմամբ, բավականին լուրջ և ռազմավարական հարաբերություններ են։

«Ռուսաստանում՝ ոչ այդքան հաճախ, իսկ Հայաստանում հաճախ փոխվել են ղեկավարներ, և համագործակցությունը պահպանվել է։ Չեմ կարծում, որ շքերթին չմասնակցությունը կրիտիկական հարց է։ Ես ուշադրություն կհրավիրեի ավելի լուրջ հանգամանքի վրա, որ շքերթին մասնակցում էին հայ զինվորականները։

Իմ կարծիքով, դա և՛ խորհրդանշական, և՛ բովանդակային իմաստով ավելի կարևոր է, քան առաջին դեմքերի մասնակցությունը, քանի որ առաջին դեմքերը գալիս են և գնում, իսկ ռազմավարական, ռազմական համագործակցությունը պահպանվում է, դա ավելի արժեքավոր է։

Լուկաշենկոյի դեպքը կարելի է հիշել, երբ նա չեկավ Մոսկվայում մայիսի 9-ին կայացած շքերթին, իսկ այս անգամ նա եկավ, քանի որ ունեցել էր սեփական շքերթը Մինսկում մայիսի 9-ին։ Ե՛վ Լուկաշենկոն, և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը, և՛ Բերդիմուհամեդովը անկախ երկրների ղեկավարներ են, ոչ թե քարտուղարներ, որոնք ունեն սեփական օրակարգը․ ես չեմ կարծում, որ կորոնավիրուսը միակ պատճառն է, որը Փաշինյանին պահեց տանը»,- ասաց Մարկեդոնովը՝ միաժամանակ ընդգծելով նաև, որ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող անտեսել կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը։

Նրա որակմամբ, Փաշինյանի փոխարեն՝ Սարգսյանը կաներ նույնը՝ հաշվի կառներ երկրում ստեղծված իրավիճակը։

«Այս որոշման հարցում իրենց դերակատարությունն են ունեցել նաև այլ կարևոր հանգամանքներ, Սահմանադրական դատարանի ռոտացիայի հարցը, խորհրդարանում փոխհարաբերությունների հարցը, որոնք կարևոր են։ Այս ամենն էլ դարձավ խոչընդոտ, որպեսզի Նիկոլ Վովաևիչը չմասնակցի շքերթին։ Հունիսի 24-ով մեր հարաբերությունները չեն ավարտվում, դրանք լինելու են՝ ինչպես հունիսի 25-ին, 26-ին և իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ, ռազմատեխնիկական համագործակցությունը, Մերձավոր Արևելքում, ի դեպ, հենց Փաշինյանի օրոք Հայաստանը տեղակայեց հումանիտար առաքելություն, նույնիսկ Սարգսյանը, ում որոշ դեպքերում համարում էին ավելի ռուսամետ, քան Փաշինյանին՝ չարեց դա, իսկ Փաշինյանը որոշեց»,- ասաց Մարկեդոնովը՝ շարունակելով, որ՝ այո՛, ՌԴ իշխանություններից ոմանց և փորձագիտական համայնքին դուր չի գալիս այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներսում, գուցե ոմանք կարող են ունենալ որոշակի համակրանքներ, բայց դրանք չեն դրվում ավելի բարձր, քան ռազմավարական համագործակցության անհրաժեշտությունը։ 

Տեսանյութեր

Լրահոս