Գնահատման և թեստավորման կենտրոնում դեռ չգիտեն, թե ինչպես են ընդունելության քննություն հանձնելու օտար երկրներում գտնվող դիմորդները
Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին, հաղորդում է Jnews.ge-ն:
Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին՝ խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին:
Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին:
Գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) դեռ չգիտեն, թե ինչպե՞ս են ընդունելության քննություն հանձնելու օտար երկրներում գտնվող դիմորդները։ Սպասողական վիճակում են նաև բուհերը։
«Հարցը քննարկվում է։ Տարիներ շարունակ ոչ միայն Ջավախքի, այլև սփյուռքի հայկական կրթօջախների շրջանավարտները միասնական քննություններին մասնակցել են քննությունների երկրորդ փուլում։ Քննությունները միշտ անցկացվել են Երևանում, որովհետև մի քանի քննական կենտրոն է եղել։ Քանի որ ստացվել է այնպես, որ երկրորդ փուլ չկա, բոլորը միասին պետք է առաջին փուլին մասնակցեն, օրինակ, քննարկվում է ջավախքցի դիմորդների մասնակցության հարցը, թե ինչպես անեն, որ նրանց համար հեշտ լինի, մասնակցեն մրցույթին։ Այս պահին հստակ որևէ բան չկա։ Հնարավոր է՝ նպատակահարմար համարվի, որ ջավախահայերը քննություն հանձնեն, ասենք, սահմանին մոտ քննական կենտրոնում, այսինքն՝ Շիրակի մարզում։ Բայց քանի որ մի մասն այստեղ է, մի մասը պետք է սահման հատի, մենք չգիտենք, թե նրանք որտեղ են տեղաբաշխված։ Հայտնի չէ՝ այդ օրը առավոտյա՞ն են գալու, Աշոցքի կամ Ամասիայի իրենց ազգականների տա՞նն են կանգ առել, թե՞ Երևանում են։ Օպտիմալ և ռացիոնալ լուծում պետք է գտնվի, և այդ հարցերով զբաղվում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանն արձագանքել է ջավախքցի դիմորդների բաց նամակին:
«…կարևորելով մեր ապագա ուսանողների և իրենց հարազատների առողջությունը, դեռևս մայիսի սկզբին մենք որոշում էինք կայացրել մեր ընդունելության քննություններն անցկացնել առցանց-օնլայն ձևաչափով: Դա արվել է նաև այն նպատակով, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունենան իրենց բնակության վայրերից հանձնել ընդունելության քննությունները՝ մեր համալսարան ընդունվելու համար։ Մեր բակալավրիատում և մագիստրատուրայում առկա են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական բաժիններ․․․»,- գրված է համալսարանի Ֆեյսբուքի էջում։
Հավելենք, որ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝
- անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, - վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, - վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,
հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,
վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար.
2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: