Արցախի հարցում ԵԽ պաշտոնական դիրքորոշումը ենթարկվել է դրական փոփոխության. Արման Եղոյան
Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատել է Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Աժ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական օրակարգի Արևելյան գործընկերությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, և ոչ Եվրախորհրդարանի այն երեք պատգամավորների հայտարարությունը, որ շրջանառվում էր օրեր առաջ։
Փաստաթղթի նախնական տարբերակը շրջանառության մեջ է դրվել մոտ երեք ամիս առաջ, այն մի քանի փուլով քննարկվել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, տասնյակ փոփոխություններով մի շարք նոր ձևակերպումներ են ընդգրկվել տեքստում և հեռացվել դրանից։
Առաջարկների մեզ հետաքրքրող հատվածում Եվրախորհրդարանը ԵՄ վերը նշված ինստիտուտներին, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին առաջարկում է «վերահաստատել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ․ Հիմնարար սկզբունքներին»։
Սա անել՝ «նպատակ ունենալով հասնել խնդրի կարգավորմանը, հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում վերը նշված մարմիններին «քաջալերել բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից, ինչը էլ ավելի կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»,- գրել է Եղոյանը։
Աժ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ 2009-ի (Լ՛Աքվիլլայի) հիմնարար սկզբունքներն են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։
«Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում այս նույն երեք սկզբունքներն են նկատի առնվում նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտին հղում անելիս:
Այսպիսով, Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար ոչ միայն որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել, այլ նույնիսկ ենթարկվել է միայն մասնագիտական աչքի համար տեսանելի դրական փոփոխության, որոնց արձանագրումը, հասկանալի պատճառներով, կթողնեմ անկախ փորձագետներին»,- նշել է Եղոյանը։