«Եթե երկրի ղեկավարն օգտագործում է ոչ հարիր բառապաշար, արդյոք դա պե՞տք է եթեր հեռարձակվի, թե՞ ոչ». Աստղիկ Ավետիսյան
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի համար զարմանալի է իշխանությունների ընդգծված բացասական վերաբերմունքն ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ:
«Նույնիսկ այսօր, երբ ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» նախագծի քննարկմանը հետևում էի, կարծես բոլորի մտքում մի բան կա՝ փակել, օրինակ՝ «5-րդ ալիքը», կամ «168 Ժամը», կամ մյուսը. բարձրաձայն դա չի ասվում, բայց որոշակի մոտիվացիա դու տեսնում ես: Այսինքն՝ կարող են այդ թիրախում հայտնվել լրատվամիջոցներ, որոնք չեն ասում այն, ինչ կուզենար լսել իշխանությունը: Այս առումով, դիցուք՝ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ իշխանությունը կարող է վաղը փոխվել, և գալիս է նոր իշխանությունը՝ այս «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով արդյո՞ք հնարավորությունները չեն կորցնում այն մարդիկ, ովքեր այդ նախագիծը բերել են քննարկման»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Աստղիկ Ավետիսյանն աննախադեպ է համարում այն, որ իշխանությունները հրաժարվում են ընդդիմադիր լրատվամիջոցներին հարցազրույցներ տալ.
«Նախկինում հեռուստաընկերություններ կային, որոնք եթեր չէին տալիս այս կամ այն գործչին, բայց, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի եթերը երբեք չի սահմանափակվել, և նա շատ լավ ներգրավված է եղել: Ես մի քանի քննարկումներ եմ ունեցել իշխանության որոշակի խմբերի հետ, նրանց կարծիքով՝ կան «բոբո» հեռուստաընկերություններ, որոնք լրատվական արտադրանք չեն տալիս, և ընդհանրապես չպետք է այդ եթերից օգտվել: Իբրև հանրային կապերի մասնագետ՝ ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է օգտագործի այն եթերը, որն ընդդիմադիր է, որովհետև այն եթերում, որը քոնն է, և դու հարմարավետության գոտում ես, դա բերում է նրան, որ դու շատ բաների մասին չես խոսում, բայց երբ դու ընդդիմադիր լրատվամիջոցին ես տալիս հարցազրույց, դու շատ բան ես բացահայտում և ավելի լավ լույսի ներքո կարող ես ներկայանալ, քան այն հեռուստաընկերությունում, որը քեզ ուղղակի «պուպուշ» կերպար է ներկայացնում»:
Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում հաղորդակցության ճգնաժամ է.
«Ատելության խոսքը մեդիայում տարածվելու հետ կապված խնդիր ունենք, և դա խրախուսվում է օրվա իշխանությունների կողմից: Ուզում եմ այդ հարցն էլ հնչեցնել նույն իմ ընկերներին, որոնք այս օրենքի նախագծի հեղինակներն են՝ եթե երկրի ղեկավարն օգտագործում է ոչ հարիր բառապաշար, ինչպե՞ս ենք հետևելու դրան՝ արդյոք դա պե՞տք է եթեր հեռարձակվի, թե՞ ոչ, գրաքննությո՞ւն ենք անելու, թե՞ ոչ: Այդ գործիքները ես չեմ տեսնում»:
Աստղիկ Ավետիսյանի համոզմամբ՝ իշխանության ներկայացուցիչները մտածում են, թե շատ ավելի լավ են հասկանում հանրային կապերից, քան որևէ մեկը.
«Որոշակի առումով նաև ճիշտ են, որովհետև ամբողջ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանն իր ուսերին տարավ, կառավարության հետ կապված: Նա, ըստ էության, միանձնյա լիդեր է, կարծիքի լիդեր է. ինչ քննարկում ուզում է՝ լինի, եթե այդ մասին չի խոսում Նիկոլ Փաշինյանը, ապա որևէ մեկին լսող չկա, և պետք է օգտվի դրա հնարավորությունից»:
Անդրադառնալով սոցիալական ցանցերում ատելության խոսքին՝ ասաց, որ նախկինում նման բանի երբեք չի հանդիպել. «Երկար տարիներ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը նաև սնեց այն նյութով, որ իշխանությունը մարդասպան է, կաշառակերներ են, այսինքն՝ բոլորի մոտ ձևավորեց այդ կարծրատիպը, և այսօր շատ դժվար է, որոշակի ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ հասկանան, որ՝ այո, կաշառակերություն կա, բայց նաև մենք ենք մեղավոր դրա հարցում, որովհետև որոշակի բաներ հանդուրժել ենք, կամ այսօր էլ նույն բաները տեղի են ունենում: Այդ ատելությունը բերել է նրան, որ մարդիկ մարդկանց մահն են ցանկանում: Ինձ համար նաև զարմանալի է հայ կնոջ կերպարը կորցնելը. այսօր տեսնում ենք մեր հայ մայրերի կողմից այդ հայհոյանքի չափաբաժինը… չգիտեմ՝ ուր մեզ կտանի սա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում