Բաժիններ՝

Հայաստանի տարածքում հնագիտական արխեոպարկեր են ուզում ստեղծել

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունեցել, բայց հիմա սկսում են գտնել այն ձևերը, որ կարողանան այս պայմաններում աշխատել։

«Անսովոր էր հեռավար կերպով աշխատանքների կազմակերպումը, իսկ հիմա կարողանքում ենք աշխատանքները կազմակերպել, անգամ հաջողացրել ենք երկու ատենախոսության պաշտպանություն կազմակերպել։ Այս կերպ նաև սեմինարներ ենք կազմակերպում։ Ինստիտուտում կան բաժիններ, որ շաբաթվա հինգշաբթի կամ ուրբաթ օրերին սեմինարի տեսքով քննարկումներ են լինում։ Հրավիրվում են մասնագետներ, թե ինչպես աշխատել համավարակի պայմաններում։ Սա ևս առցանց է արվում»,- մամլո ասուլիսին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներին՝ նշեց, որ եթե նախկինում ինստիտուտը տարեկան մոտ 20-30 դաշտային հնագիտական հետազոտական աշխատանքներ է կատարում, այս տարի այլ երկրների գիտական կենտրոններից չեն կարող գալ մասնագետներ, ուստի հիմա հոդվածների և գիտական ժողովածուների ուղղությամբ են աշխատում։

«Չենք դադարել մշակել ծրագրեր և դիմել միջազգային դրամաշնորհների համար։  Այս տարի արդեն երկու մեծ դրամաշնորհի համար ծրագիր է մշակվել, և սպասում ենք, որ քննարկումների փուլ անցնի։ Խոսքը մի քանի հարյուր հազար դոլար և ավելի արժեցող ծրագրերի մասին է։ Մի ծրագիրը հնակենսաբանական ուսումնասիրությունների մի մեծ բլոկ է, որ ՀՀ տարածքում պետք է անենք, մյուսը հուշարձանների վիրտուալ թանգարան ստեղծելուն է ուղղված։ Սրան տարբեր կառույցներ կմասնակցեն։ Հիմքում նաև զբոսաշրջիկների շրջանում սա տարածելն է։ Պեղումներ կան, որ հրատապ են, հայտ ենք ներկայացրել․ մեկը պետք է արվի Արտաշատում, Մյուսը՝ Կառնուտի հնավայրում և Մեղրիի Սուրբ Հովհանես վանքում։ Դրանք հրատապ են մեզ համար, ուզում ենք հունիս-հուլիս ամիսներին անել, հետո կդիմենք ևս 7-8  հուշարձանում դաշտային հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ Դրանք անպայման կկատարենք, եթե պայմանները թույլ տան։ Հիմա փորձում ենք մշակել այն մարտավարությունը, թե դաշտում ոնց ենք աշխատելու։ Պարետի որոշումը պետք է պահպանվի, լրացուցիչ պայմաններ են պետք․դիմակներ, ախտահանիչ միջոցներ… այս բոլորը պետք է ապահովենք, որպեսզի կարողանանք նորմալ աշխատել»,- մանրամասնեց Պավել Ավետիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ պետական ծրագիր կա,  Դվինը պետք է դառնա պատմամշակութային արգելոց, ուստի ծրագրեր են մշակվել տարածքի հուշարձաններն ամրակայելու, վերականգնելու համար։

«Այնտեղ վերականգնման, բարեկարգման հետ կապված ծրագրեր կան, մենք լիազորված մարմնի՝ նախարարության հետ համաձայնություն ունենք, որ, եթե նոր տարածքներ լինեն, մենք դրանք կպեղենք։ Մասնագետները կգան, կչափեն, կգծեն և այլն։ Այս պահի դրությամբ այնտեղ խոտը մարդու բոյից բարձր է, այսինքն՝ տարածքը նախ պետք է մաքրել։  Հարևան գյուղերի դպրոցականների հետ, այսպես ասած, պայմանավորվածություն ունենք, իրենք կգան, կօգնեն մեզ։ Այս պահի դրությամբ Կառավարությունը գումար է առանձնացրել, որ Ագարակ պատմամշակութային արգելոցի տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացվեն»,- հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ Հայաստանի տարածքում հնագիտական արխեոպարկեր են ուզում ստեղծել, որի հիմքում զբոսաշրջիկ ընդունելու և գիտակրթական միջոցառումների կազմակերպումն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս