«Իսկ ՀՔԾ պետն ո՞վ է, որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ, կամ ես ինչո՞ւ պետք է կաշկանդված լինեմ այդ հատուկ վերաբերմունքից». Ալեքսանդր Ազարյան

Քիչ անց Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կսկսվի  ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:

Մինչ ԲԴԽ շենք մտնելը Ալեքսանդր Ազարյանն ու վերջինիս շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը զրուցեցին լրագրողների հետ:

Դատավոր Ազարյանն ասաց, որ օբյեկտիվ ակնկալիքներ ունի կարգապահական վարույթի նիստից:

«Եթե վարույթ են հարուցել, ուրեմն ինչ-որ խնդիր գտել են: Մենք կփորձենք պաշտպանվել»,- ասաց դատավորը:

Հարցին, թե արդյո՞ք ՀՔԾ պետն իր նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի, Ալ. Ազարյանն ասաց՝ իսկ ՀՔԾ պետն ո՞վ է, որ հատուկ վերաբերմունք ունենա իր հանդեպ, կամ ինքն ինչո՞ւ պետք է կաշկանդված լինի այդ հատուկ վերաբերմունքից:

Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ իրենք պլանավորում են միջնորդել ԲԴԽ-ին՝ հրավիրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ որպես վկա, և այդ հարցերը նրան կտրվեն:

«ՀՔԾ բոլոր քննիչները պարոն Ազարյանի մոտ գործ ունենալու դեպքում անպայման ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն: Դա և շատ այլ հարցեր պարզաբանելու համար կխնդրենք, որ հրավիրեն ՀՔԾ պետին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանին հարց ուղղվեց նաև այն մասին, թե համարո՞ւմ է ինքն արդյոք, որ իր և քաղաքական իշխանությունների հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ ինքը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց:

«Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ, առավել ևս, որ մի քանի անգամ պատասխանել եմ: Բոլորս վկա ենք և իմ կողմից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելուց հետո պարոն վարչապետի հրապարակային ելույթներին, և Դավիթ Գրիգորյանի կողմից պարոն Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո դատարանների շրջափակելու կոչերին և մասնակցությանը: Ես ոչինչ չպատասխանեմ»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս