
«Եթե Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը, դառնա ընդդիմություն և իր հետ այս նույն ոճով, որը հիմա արվում է Ծառուկյանի հետ, արվեր, մենք նույն ձևով կարձագանքեինք». Արթուր Ղազինյան

«Մինչև Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ-ից դուրս գալը, երեք կուսակցություններով հայտարարել էինք, որ սա քաղաքական ճնշում է և այստեղ մեր ներկա լինելը ևս դրա ապացույցն է»,-դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ դատարան էր եկել՝ ի աջակցություն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի:
Արթուր Ղազինյանն էլ ասաց, որ եկել են իրենց համերաշխությունը հայտնելու իրենց ընդդիմադիր ընկերոջը. «Սա անձի, կառույցի հետ որևէ կապ չունի, սա քաղաքական մրցակցության և ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեությանն ուղղված ակցիա է: Եթե այս նույն գործողությունը կատարվեր խորհրդարանի մեկ այլ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ՝ Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը, դառնա ընդդիմություն և իր հետ այս նույն ոճով, որը հիմա արվում է այս պահին Ծառուկյանի հետ, արվեր, մենք ևս նույն ձևով կարձագանքեինք, որովհետև դա անթույլատրելի է»:
Արթուր Ղազինյանը չցանկացավ իրավական որակում տալ. «Այն ծավալով, որով ներկայացվել է տեղեկատվությունը, ինձ՝ որպես քաղաքացու և որպես մասնագիտությամբ իրավաբանի գոնե չէր բավարարում»: