«Ազդեցիկ օլիգարխի նկատմամբ հարձակումը հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցող վերափոխումների գործընթացի առանցքային պահերից մեկն է»․ Մարկեդոնով
«Հետսովետական Հայաստանի ապագա պատմաբանները, կառուցելով այս երկրի անցյալի վառ բեկումնային իրադարձությունների քրոնիկոնը, դժվար թե շրջանցեն 2020 թվականի հունիսի 16-ը։ Եվ հարցը միայն այն չէ, որ այդ օրը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց կուսակցության ղեկավար և խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար, այլև երկրի ամենահարուստ անձանցից մեկը։ Գագիկ Ծառուկյանը եղել է ու կմնա իշխանության և բիզնեսի միջև սիմբիոզի խորհրդանիշ, որը հանդիսանում է հետսովետական կապիտալիզմի զարգացման որոշիչ գործոն»,- այս մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականում տպագրված իր հոդվածում գրում է ռուս հեղինակավոր քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա որակմամբ՝ ազդեցիկ օլիգարխի նկատմամբ հարձակումը հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցող վերափոխումների գործընթացի առանցքային պահերից մեկն է։
Մարկեդոնովի կարծիքով՝ այս ճանապարհի կարևորագույն կետերն են դարձել ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը, նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը, պայքարը խորհրդարանի համար, մայրաքաղաքի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների նկատմամբ քաղաքական վերահսկողության հաստատումը, ինչպես նաև բախումը գործադիրի և դատական համակարգի միջև, բայց այս բոլոր իրադարձությունները միավորված են մեկ երևույթով՝ դրանք խախտում են հայկական հետխորհրդային քաղաքական մշակույթի չգրված ավանդույթները, որոնք անխախտելի էին՝ անկախ այն բանից, թե ովքեր են երկրում զբաղեցնում առաջին պաշտոնները:
Իր հոդվածում Մարկեդոնովը գրում է, որ Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս՝ Սերժ Սարգսյանը, բայց նրանք՝ բոլոր նախագահները, համեմատաբար խաղաղ համակեցության մեջ էին քաղաքական թատերաբեմում։ Ռուս քաղաքագետը հիշեցնում է նաև, որ թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնաթող ժամանակաշրջանում քննադատել են գործող իշխանություններին։
«Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել է իշխանամետ կոալիցիաների մաս։ Քոչարյանը կարող էր նախաձեռնել հետապնդում Տեր-Պետրոսյանի նկատմամբ, օրինակ, Ղարաբաղի հարցում նրա «սխալ դիրքորոշման» համար։ Նույնը տեսականորեն կարող էր անել նաև Սարգսյանը։ Այնինչ այդ «կարմիր գիծը» նրանք չեն հատել՝ հասկանալով, որ իշխանության շարունակականության խախտումը մի երկրի համար, որը հակամարտության մեջ է ներքաշված իր երկու հարևանների հետ, ամենաքիչը ռիսկային է։ Այլ ավանդույթ մտցրեց հայաստանյան քաղաքականություն Նիկոլ Փաշինյանը։ Բայց եթե նրա առաջին «թիրախները»՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, կարող են դիտարկվել՝ որպես «նախկին» և «հակահեղափոխական», ապա Ծառուկյանի դեպքում ամեն բան ավելի բարդ է»,- նման կարծիք է հայտնում Սերգեյ Մարկեդոնովը։ Վերջինս արձանագրում է, որ 2018 թվականին Ծառուկյանն աջակցեց «հեղափոխական ժողովրդի ընտրությունը», նրա ներկայացուցիչները նույնիսկ դարձան նախարարական կաբինետի առաջին կազմի անդամ Փաշինյանի հաստատումից հետո, իսկ հետո նրա կուսակցությունը, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մտան խորհրդարան արտահերթ ընտրությունների արդյունքում և մինչև վերջերս կիսում են թավշյա կոնսենսուսը։
«Բայց այդ կոնսենսուսը խախտվեց՝ մի կողմից՝ համավարակի սոցիալական հետևանքներից, մյուս կողմից՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի շուրջ բարդ ճանապարհներից։ Կառավարությունն ինքը դա նախաձեռնեց, ինքն էլ դե ֆակտո չեղարկեց։ Հետհեղափոխական իշխանությունը չի ցանկանում համագոյակցել ազդեցության և ուժի այլ կենտրոնների հետ, որոնք իրեն լոյալ և իր համար վերահսկելի չեն։ Ռազմավարական իմաստով սա վտանգավոր ճանապարհ է։ Այսօր երկրի Կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանն անձամբ ժողովրդականություն ունեն։ Բայց ոչ ոք չի ասել, որ դա հավերժ է լինելու։ Եվ եթե փոխվեն ներկայիս իրողությունները, չի բացառվում, որ նրա հակառակորդները ցանկանան «վճարել նրան նույն մետաղադրամով»՝ ի դեմս բացված քրեական գործերի։ Իշխանության ժառանագկանությունն այս դեպքում կդառնա ոչ այլ ինչ, քան ֆիկցիա»,- նշում է հեղինակավոր ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։