Բաժիններ՝

Հայաստանը՝ համաշխարհային առաջատարների շարքում․ Հայաստանում Covid-19-ի տարածումը

«Հայաստանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը՝ դրանով իսկ հիմնովին վատթարացնելով իր հեղինակությունը»,- այս մասին գրում է «Կավկազսկիյ ուզել» պարբերականը՝ վերլուծելով կորոնավիրուսային համավարակի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Պարբերականը նախ հիշեցնում է, որ հունիսի 15-ին ՈՒկրաինայի Առողջապահության նախարարությունը կազմել է այն երկրների ցանկը, որտեղ Covid-19-ի տարածումն էական մասշտաբների է հասնում, և «կարմիր գոտում» են հայտնվել 50 երկրներ, որտեղ հիվանդության ակտիվ դեպքերի թիվն ավելին է, քան 40-ը՝ 100 հազար բնակչի շարքում։ Հայաստանը, ըստ հոդվածագրի, այդ գոտում է հայտնվել, ավելին, Հայաստանն այդ ցուցակում աշխարհում վեցերորդն է։ Տվյալ պարբերականը 2 շաբաթ առաջ վերլուծել է իրավիճակի պատճառները։

Հայաստանի բացթողումները COVID-19-ի դեմ պայքարում: Քաղաքական և ինստիտուցիոնալ պատճառներ (մայիսի 30)

Ըստ տվյալ պարբերականի պատրաստած վերլուծության՝ հունիսի 15-ի դրությամբ գրանցված է եղել 17,489 հիվանդ, որոնց շարքում ակտիվ վարակակիրները կազմել են 10,529 մարդ, մահացածները՝ 389, առողջացածները՝ 6,571 մարդ։ Հայաստանը, ըստ պարբերականի, երբևէ վարակվածների թվով զբաղեցնում է 14-րդ տեղը Worldometers.info կայքի համաձայն, սակայն, եթե այդ ցանկից բացառենք գաճաճ պետությունները, ինչպիսին Վատիկանն է, Սան-Մարինոն, Անդորրան, Մայոտը և Լյուքսեմբուրգը, ապա Հայաստանը հայտնվում է աշխարհում 9-րդ հորիզոնականում։ Տասնյակում առաջին տեղում Քաթարն է, ապա՝ Բահրեյնը, Չիլին, Քուվեյթը, Պերուն, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Իսպանիան և Բելառուսը։

Kavkaz-uzel.eu-ի համաձայն՝ հատկանշական է, որ Հայաստանում էապես մեծ է ակտիվ վարակակիրների թիվն ընդհանուր վարակակիրների շարքում, և դա խոսում է Հայաստանում վիրուսի ավելի ուշ տարածման մասին։ Ի դեպ, աշխարհում կան շատ երկրներ, որտեղ այդ ցուցանիշն ավելի բարձր է, բայց մեծամասամբ դրանք աֆրիկյան և Լատինական Ամերիկայի երկրներն են, որտեղ վիրուսը պարզապես ավելի ուշ է տարածվել։ Հայաստանում վիրուսը համեմատաբար վաղ է հայտնվել, սակայն առաջին երկու ամվա ընթացքում տարածումը կանխվել է կարանտինի պատճառով, որը չեղարկվեց մասամբ մայիսի 4-ին և մայիսի 18-ին։ Իրականում, պարբերականը գրում է, որ տարածվածությունը գնահատելիս հարկ է դիտարկել հասարակության շարքում ակտիվ վիրուսակիրների ցուցանիշը։ Առողջացածներն ու մահացածներն այլևս որևէ ներգործություն չեն ունենում տարածման գործում, իսկ ընթացիկ վարակակիրները շարունակում են վարակել մյուսներին։ Ուստի հնարավոր է հասկանալ յուրաքանչյուր երկրում վարակվելու հավանականության մասին՝ դիտարկելով տվյալ ցուցանիշը։ Հոդվածագիրը ավելի հստակ տվյալներ ստանալու համար ներկայացրել է բնակչության թիվը Ադրբեջանում ՝ 6.3մլն, Հայաստանում ՝ 2.83 մլն, Վրաստանում՝ 3.9 մլն, Մոլդավայում 2.6 մլն, և Ուկրաինայում 35.7 մլն մարդ։ Իրականացնելով սեփական վերլուծությունը՝ հոդվածագիրն այն եզրահանգման է եկել, որ Հայաստանը վարակելիության ցուցանիշով երկրորդ տեղում է՝ 35,8 ցուցանիշով (երկրորդ աղյուսակ)՝ Քաթարից հետո։

Այս ցուցանիշով Հայաստանին հաջորդում են ԱՄՆ-ը, Բահրեյնը, Պերուն, Բելգիան, Օմանը, Բելառուսը, Քուվեյթը, Սինգապուրն ու Ադրբեջանը։ Հոդվածագիրն իր պնդումն էլ ավելի անվիճելի դարձնելու նպատակով հավելյալ փաստարկ է ներկայացնում՝ նշելով, որ Test Positivity Rate ցուցանիշը Հայաստանում չափազանց բարձր է և ընդհանուր առմամբ կազմում է 20%, այսինքն՝ բոլոր թեստավորումների 20%-ը դրական արդյունք են ցույց տալիս։

«Այս ցուցանիշը ցածր է առաջին տասնյակում ընդգրկված բոլոր երկրներից, բացառությամբ Քաթարի, որը կրկին Հայաստանից բարձր է այս ցուցանիշով։ Վերջին շրջանում Հայաստանը պարզապես ի վիճակի չէ իրականացնել թեստերի համարժեք քանակ»,- նշել է հոդվածագիրը՝ շարունակելով, որ, եթե Հայաստանում դրական թեստերի թիվն աճում է, ապա Միացյալ Նահանգներում՝ նվազում։

Հոդվածագիրը ենթադրում է, որ Հայաստանում կա 73 հազար վարակակիր, այդ թվում՝ 47.8 հազար ակտիվ վարակակիր, 22 հազար արտահայտված ախտանշաններով վարակակիր, 20 հազար ասիմպտոմ, 6 հազար ինկուբացիոն շրջանում գտնվող վարակված և համարյա 25 հազար առողջացած։ «Եթե իսկապես երկրում կա այդքան ակտիվ վարակակիր, ապա դա հիվանդության տարածումը երկու անգամով ավելացնում է, քան Քաթարում»,- ասված է հոդվածում։

«Կավկազսկիյ ուզել»-ը դիտարկել է նաև Հայաստանում վիրուսի մահաբերության ցուցանիշը։ «Բարեբախտաբար, մահացածների թվով Հայաստանը դեռ առաջին հորիզոնականներում չէ։ Գաճաճ պետությունները բացառելով՝ Հայաստանը մահացածների թվով աշխարհում 24-րդ տեղում է։ Հայաստանում մահացածների թիվը բաժանվում է մահացածների կորոնավիրուսից և կորոնավիրուսով։ Եվ այս դեպքում նախընտրելի է դիտարկել այս երկու ցուցանիշները միասին, քանի որ շատ հնարավոր է տվյալների մանիպուլյացիա։ Այստեղ պետք է նշել, որ այլ երկրներում ևս հայտնի են նման մանիպուլյացիաներ, բայց այս դեպքում մենք հստակ գիտենք մասշտաբը։ Ընդհանուր վիճակագրության մեջ կորոնավիրուսով ևս 96 անձի մահացությունը ներառելը մահաբերությունը հասցնում է 1.39-ի 10 000 բնակչության շրջանում, և բարձրացնում է Հայաստանն արդեն 18-րդ հորիզոնական»,- նշել է հոդվածագիրը։

Պարբերականի համաձայն՝ հատկանշական է, որ համավարակի զարգացումից երեք ամիս անց Հայաստանում շարունակվում է աճը, և երկիրն առաջ է անցել այն երկրներից, որոնք արդեն անցել են պիկը։ «Պիկը, որը ներկայումս Հայաստանում այդքան էլ արտահայտված չէ, ինչպես դա եղել է Իտալիայում կամ ԱՄՆ-ում, բայց քանի որ դեռ իրական պիկը չկա, այդ մասին վստահ չենք կարող դատողություններ անել։ Այնուամենայնիվ աճն անխուսափելիորեն շարունակվելու է»,- նշում է հոդվածագիրը՝ շարունակելով, որ կա զգուշավոր լավատեսության հնարավորություն։ «Իմ մոդելը ցույց է տալիս, որ վիրուսի տարածման արագության պիկը եղել է հունիսի 10-ին, նոր վարակվածների թվով պիկը եղել է մայիսի 30-ից հունիսի 4-ը, իսկ առաջիկա օրերին Հայաստանը ակտիվ վարակակիրների թվով պլատոյի դուրս կգա, իսկ նոր մահացությունների թվով պլատոն կլինի 5-7 օրից։ Վիրուսի անկումը սպասվում է արդեն հուլիսին»,- նման եզրահանգմամբ է ամփոփում իր վերլուծությունն այս պարբերականի հոդվածագիրը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս