«Մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում այդ հարցում». Անի Սամսոնյանը՝ իշխանական պատգամավորներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ Հանրային հեռուստաընկերությանը կրծքով իրենից պաշտպանելու որևէ կարիք չկա, քանի որ հեռուստաընկերությանը որևէ մեղադրանք չի ներկայացնում:
Ըստ պատգամավորի, քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի զեկույցում կար հանրային հեռուստատեսության մասին հատված, և ինքն էլ հայտնել է իր անձնական կարծիքը, որ նշված հեռուստաընկերության եթերում բազմազանությունը չի պահպանվում, և այդ համոզմունքին է եկել՝ ընդամենը դիտարկելով, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներին ինչքան եթեր է հատկացվում:
«Հարգելի գործընկերներ, մենք չէ, որ սև ու սպիտակ, չար ու բարի ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում այդ հարցում և չեք ընդունում այդ մեդիաների հրավերները: Եթե ձեզ անհանգստացնում է, որ ընդդիմադիր գործիչները կարող են հայտնվել այդ մեդիաների եթերներում, ապա դուք էլ քաջ եղեք, գնացեք և ձեր տեսակետը պաշտպանեք այդ եթերներում, կռիվ տվեք ձեր համոզմունքների համար: Կարծում եմ՝ ձեր կողմից դա ավելի խելամիտ կլինի, քան թե ԱԺ ամբիոնից անընդհատ խտրական կոչեր հնչեցնել ԶԼՄ-ների նկատմամբ»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորը նաև անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի այն հայտարարությանը, որ երեկ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, սակայն Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնվեց Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները երեկ մերժել են և չեն գնացել Հանրային հեռուստաընկերության եթեր:
«Հարգելի գործընկերներ, Դուք անընդհատ փորձում եք ապատեղեկատվության զոհ ձևանալ, ուզում եմ առաջարկել, որ դուք ինքներդ խորհեք, առանձին-առանձին կամ միասին, թե ինչ ներդրում եք ունեցել և շարունակում եք ունենալ այս պահին»,- եզրափակեց Անի Սամսոնյանը: