Նաիրա Զոհրաբյանի անձը թիրախավորվել է արտաքին քաղաքականության խայտառակ նահանջողականությունը շարունակելու համար. Լարիսա Ալավերդյան

«Ես համոզված եմ, որ Նաիրա Զոհրաբյանին թիրախավորելը ոչ միայն ունի ներքին քաղաքական խնդիր լուծելու հարց (հայտնի է, որ ինքը երևի թե պատգամավորներից ամենափորձառուներից է, ամենաակտիվներից է), բայց այստեղ խնդիր կա ոչ միայն ոչնչացնել, այդպես ասած, նրա բարոյական կերպարը և ներքին քաղաքական դաշտում բերել, զրոյացնել «Բարգավաճ Հայաստանի» ամենաակտիվ պատգամավորներից մեկի դեմքը, այլև ծառայություն մատուցել Ադրբեջանին, որով, փաստորեն, իշխանությունները տալիս են հնարավորություն, որ ադրբեջանական կողմը ոչ միայն իր սեփական լրատվականներով, այլև հենց այդ նույնը հարցը շինծու, արհեստական (ես հիմա կբացատրեմ՝ ինչու եմ համոզված) բերել և դարձնել Ադրբեջանի ձեռքին զենք և ասել, որ «ահա, տեսեք՝ ով է խոսում Ադրբեջանի քաղաքականության մասին՝ լինի դա ձկնկիթային և այլն, մեկը, որն ինքն իր սեփական նախաձեռնությամբ կոռուպցիայով է զբաղվում հենց, այսպես ասած, ապացուցված ձևով»:

Դա շատ կարևոր է, իմ ցանկացած ասած դրվագ կոնցեպտուալ բան է, ոչ միայն ուղղակի հնչեցնել սոցցանցերով և այլն, այլ ապացուցել դա դատական առումով, որ ամենապայծառ պատգամավորներից մեկը Եվրոպայի խորհրդում  ահա այդպիսի կերպար է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ քննչական դեպարտամենտի՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ դեպարտամենտում նյութեր են պատրաստում Ն. Զոհրաբյանի դեմ:

Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է: Նա նաև ներգրավված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովների հայկական պատվիրակություններում:

«Պետք է Ձեզ ասեմ, որ նա ամենաակտիվ (թող ոչ մեկը չնեղանա), ամենաակտիվ պատգամավորն է Եվրոպայի խորհրդի վեհաժողովում: Եվ դրա համար պետք չեն ավելորդ ապացույցներ: Որպես կանոն՝ Նաիրա Զոհրաբյանն էր ներկայացնում և բացահայտում Ադրբեջանի կողմից անընդմեջ տարածվող ոչ միայն՝ ապատեղեկատվությունը, այլև՝ հայատյացությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանի խոսքով՝ այն ոճը, որը որդեգրվել է այս իշխանական խմբի կողմից, ամբողջովին «ոտի տակ է տալիս անմեղության վարկածը»: Ըստ Ալավերդյանի՝ անմեղության կանխավարկածը մոռացված է Հայաստանում, և ամոթ է մինչև անգամ դրանից խոսել իշխանության որևէ ներկայացուցչի հետ:

Ալավերդյանի խոսքով՝ այստեղ կա երկրորդ խնդիրը: Լարիսա Ալավերդյանը հարցին անդրադառնալով՝ հիշեցրեց «Ժառանգություն» կուսակցության հետ մի անգամ քարոզարշավին մասնակցելուց իր հետ պատահած դեպքի մասին:

«Մենք գյուղ առ գյուղ գնում էինք, բոլորը ճանաչում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, սիրված անձ էր, և նա սովորություն մտցրեց մոտենալ բարևել մարդկանց: Մենք գյուղերից մեկում տեսանք, որ մի բավականին տարեց կին է նստած՝ հավանաբար շրջապատված իր ընտանիքով կամ հարևաններով: Երբ որ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ և ձեռքը մեկնեց՝ բարևելու, այդ կինը ասեց՝ «նաղդ է, նաղդ է, ի՞նչ ես տալիս»: Մենք չորացանք: Ես ասացի՝ «անհարմար է, Դուք հասուն տարիքի կին եք, Ձեր կողքին կանգնած է մեր քաղաքական գործիչներից մեկը», միամիտ եմ ես այդ առումով, մտածում  էի, որ նա կամաչի: Նա վերջին խոսքերով ինձ էլ բնութագրեց և ասեց՝ «եթե գրպանդ բան չկա, գալիս ես ձեռդ մեկնում ես, ի՞նչ»: Ես դրա մասին պատմել եմ, ասել եմ՝ «ստացվում է, որ առանց կաշառքի չեն ուզում ընտրություններին մասնակցել»: Հիմա  ի՞նչ է, դա ապացո՞ւյց է, որ ես կողմնակից եմ կոռուպցիայով զբաղվելուն կամ զբաղվել եմ: Նյութական մասով այնքան արհեստական է, այնքան շինծու է, բայց նպատակը, նպատակադրումը այնպիսին է, որ չեն նայում արդեն, ինչպես ասում են՝ գործը կարում  են սև թելերով սպիտակ շորի վրա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ վստահություն հայտնելով, որ Նաիրա Զոհրաբյանի անձն ընտրվել է որպես թիրախ՝ ոչ միայն ներքին քաղաքական  հարցերը լուծելու համար, այլև՝ «արտաքին քաղաքական հարցերում շարունակելու համար այն խայտառակ նահանջողական քաղաքականությունը, որի շնորհիվ մենք ունեցանք տարբեր ատյաններում խայտառակ հայտարարություններ և որոշումներ»:

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, արտաքին և ներքին  քաղաքականությունները սերտ կապված են, իրարից կախված են:

«Ու հենց այդ պատճառով է, որ ես ամբողջովին դատապարտում եմ իրավական, իրավաբանական առումով ամբողջովին շինծու գործը, էլ չեմ ասում, որ այդ մեղադրանքը նհերկայացվել է անօրինական գործողությունների արդյունքում՝ այն է՝ գաղտնալսումը: Այսինքն՝ մենք հասկացանք, որ արհեստական մի պատրվակ վերցնելով, որ  մարդ արտահայտել է  իր կարծիքը, որովհետև այդպես ենք մենք հասկացել, որ ասել է, թե առանց կաշառքի չեն ընտրում (ես չկրկնեմ այն դրվագը, որը պատմեցի), իրավաբանական առումով այն անօգնական և ամոթալի հիմք է: Մարդու իրավունքների տեսակետից՝ դա կոպիտ ոտնահարում է անմեղության կանխավարկածը:

Եվ վերջապես մեր Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը՝ մարդու արժանապատվությունը անխախտելի է: Փաստորեն, արդեն սովորութային նորմ է դարձել նոր իշխանությունների համար՝ սկզբից հայտարարել, ինչպես ընդունված է  ասել՝ խայտառակ անել, հետո կապացուցվի՝ կապացուցվի, ոչ՝ ոչ: ՈՒ ես երեկ լսեցի դրա «հիմնավորումը», որ ասում է՝ «ինչ կա, կապացուցեն, որ մեղավոր չէ, օրինակ՝ նույն Ծառուկյանը, շատ լավ»: Այսինքն՝ իրենք ձևացնում են, որ հանրային կարծիք ստեղծելը, ճնշումները, վախի մթնոլորտ ստեղծելը ոչինչ է, և միայն  իրենք հետապնդում են զուտ մաքրամաքուր նպատակ, այն է՝ պարզել՝ մեղավո՞ր են, թե՞ ոչ»,- նշեց իրավապաշտպանը:

«Ես ամբողջովին հայտնում եմ իմ զորակցությունը Նաիրա Զոհրաբյանին և գտնում եմ, որ ցանկացած փորձ՝ սևացնել պատգամավորի անձը, շատ վատ հետևանքներ կունենա այդ գործն անողների համար»,- հավելեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս