«Բոյկոտելն ընդդիմության իրավունքն է, տարբեր ատյաններին դիմելը՝ նույնպես». Լիլիթ Մակունց
Խորհրդարանն այսօր լսում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի զեկույցը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թեմայից շեղվելով՝ իր ելույթում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին, ինչպես նաև ընդդիմությանը լռեցնելու մասին նրանց հայտարարություններին:
«Կարծում եմ՝ մենք պետք է դուրս գանք որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունից, որը ոչ միայն անհամարժեք է և չի համապատասխանում մեր արժեքային հենքին, այլև չի համապատասխանում իրականությանը: Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունն իր հայտարարություններով կամ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Իշխող խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ հունիսի 5-ին արված ԲՀԿ-ի քաղաքական հայտարարությունը տարբերվում էր մինչ այդ արված հայտարարություններից ընդամենը երկու կետով:
Նախ՝ խոսվում էր կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին, ինչը, Մակունցի գնահատմամբ՝ արվում էր վարչապետի և նրա ամբողջ ընտանիքի վարակված լինելու պարագայում, և երկրորդ՝ Կառավարության 97 տոկոս փոփոխությունը փոխարինվել էր 100 տոկոս փոփոխությամբ:
«Խնդիրը այստեղ այն է, որ հրաժարական պետք է տար ամբողջ Կառավարությունը, հետևաբար՝ ԲՀԿ-ի նախորդ հայտարարություններն իրենց շեշտադրումներով շատ քիչ են տարբերվել այդ օրը արած հայտարարությունից: Սա կարևոր եմ համարում և սրա վրա ուզում եմ հրավիրել հանրության, այդ թվում՝ միջազգային հանրության ուշադրությունը»,- հավելեց Լ. Մակունցը:
Իշխանական խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ երեկ նույնպես ԲՀԿ իր գործընկերները ԱԺ-ում իրենց ելույթներում խոսում էին ընդդիմությանը լռեցնելու փորձերից և այս ամենի մասին խոսել են այն պարագայում, երբ իշխող խմբակցությունը լուռ էր:
«ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներն այնպես էին ձևակերպված, ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, սա՝ այն դեպքում, երբ մենք լուռ էինք: Պարզաբանեմ, թե ինչու, որովհետև իրավական գործընթացին «Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել ԲՀԿ-ի հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, քանի որ մեր հանրությունը և միջազգային մեր գործընկերները իրավունք ունեն առանց որևէ զեղումների ու ելույթների՝ լսել, թե ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ։ Ի վերջո, բոյկոտելն ընդդիմության իրավունքն է, տարբեր ատյաններին դիմելը նույնպես նրա իրավունքն է»,- շեշտեց նա:
Նա նաև ասաց, որ վերջին շրջանում իրենց ընդդիմախոսները փորձում են բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական երանգավորում՝ փորձելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի վրա.
«Մեկ անգամ ևս կրկնում ենք, որ ՀՀ-ում բոլորը, անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից»: