Բաժիններ՝

ԿԳՄՍ փոխնախարարը հորդորում է ծնողներին կեղծիքներ չանել, համակարգը հստակ է աշխատում

«Այս տարի Հայաստանում, բոլոր այն համայնքներում, որտեղ կա մեկից ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային հայտագրման միջոցով։ Անցած տարի փորձնական կարգով հայտագրումն իրականացվել է Երևանում,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով,- Այս տարի փաստացի կանխատեսում ենք առաջին դասարանցիների շուրջ 40,000 թիվը, և մեր հաշվարկներով՝ հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27,000 երեխաների համար։ Նրանք այն երեխաներն են, որոնք բնակվում են այն համայնքներում, որտեղ կա մեկից ավելի դպրոց։ Այս պահին արդեն հայտագրվել է 22150 առաջին դասարանցի»։

Փոխնախարարի փոխանցմամբ՝ տվյալ համակարգն առաջին անգամ փորձարկվել է 2019 թվականին Երևանում և փորձարկման արդյունքներով հետագայում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում եղավ փոփոխություն, որով 2 խմբի ընձեռվել է առաջնահերթության իրավունք։

Առաջին խմբում այն երեխաներն են, որոնց քույրը կամ եղբայրը սովորում են տվյալ դպրոցում, իսկ երկրորդ խմբում էլ նրանք էին, որոնց ծնողները կամ օրինական ներկայացուցիչներն աշխատում են դպրոցում։

«Հաշվի առնելով առաջնահերթությունը՝ համակարգը գործել է հատուկ ձևով. հունիսի 1-10-ն առցանց հայտագրվելու հնարավորություն են ունեցել այդ խմբերի երեխաները։ Այդ առաջնահերթության իրավունքից օգտվել է 9247 երեխա»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ համակարգն այս ընթացքում աշխատել է անխափան, և ծնողները բավական արագ և հեշտ կարողացել են գրանցել իրենց երեխաներին։

Հունիսի 11-ից հայտագրվելու իրավունք ունեն բոլորը։

«Հանրապետությունում մենք ունեցել ենք 49 դեպք, երբ ծնողները միաժամանակ գրանցել են իրենց երեխաներին միևնույն դպրոցում։ Սա տեխնիկական հարց է, և կփորձենք այն լուծել։ Ունեցել ենք իրավիճակներ, երբ ընտանիքում եղել են 1 և ավելի երեխա՝ զույգեր կամ նույնիսկ եռյակներ, և ծնողները հասցրել են նրանցից մեկին գրանցել, իսկ մյուսին՝ ոչ։ Այս հարցը նույնպես կփորձենք կարգավորել։ Մենք ունենք նաև ազգային փոքրամասնությունների խումբ, որոնց համար իրենց մայրենի լեզվով ուսուցման հնարավորությունները սահմանափակ են կոնկրետ դպրոցներում և դասարաններում, և այս երեխաներին նույնպես պետք է հնարավորություն տրվի սովորել իրենց մայրենի լեզվով։ Կփորձենք այս խնդիրները կարգավորել և հետագա տարիների համար հաշվի առնել»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե ԿԳՄՍ նախարարը ժամանակին նշել էր, որ առաջին դասարանցիների հայտագրման համակարգն արձանագրել է, որ փորձելով երեխային գրանցել իրենց ցանկալի դպրոցում՝ ծնողները կեղծ փաստաթուղթ են օգտագործել, արդյո՞ք նախարարի մատնանշած դեպքեր հաճախ են արձանագրվել այս ընթացքում։ Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․

«Փորձել ենք մանրակրկիտ ստուգել տվյալները։ Ունեցել ենք վեց տասնյակից ավելի դեպքեր, որոնք հավելյալ ստուգել ենք, որովհետև որոշակի տվյալների հավելյալ ճշգրտման կարիք ենք տեսել՝ օրինակ, ազգանունների տարբերության կամ այլ տվյալների պարագայում։ Այս ամբողջ ընթացքում սերտ աշխատել ենք ՔԿԱԳ-ի հետ, և բոլոր այն դեպքերում, երբ ունեցել ենք ավելի լուրջ հիմքեր՝ մանրակրկիտ նայել ենք։ Որոշ դեպքերում պարզվել է, որ գործ ունենք երկրորդ ամուսնության կամ հայրության ճանաչման գործընթացի հետ։ Ունեցել ենք դեպքեր, երբ փաստաթղթի որոշակի խեղաթյուրման պրոցես էր փորձ արվում անել, և այդ հայտն ուղղակի չեղարկվել է։ Ուզում եմ ասել, որ նման փորձեր չարվեն, որովհետև համակարգն այս իմաստով շատ հստակ է աշխատում, ստուգելու բոլոր հնարավորություններն ունենք»։

ԿԳՄՍ փոխնախարարի փոխանցմամբ՝ կան դպրոցներ, որտեղ դիմորդների թիվն ավելի մեծ է, քան տեղերի թիվն է, ու նման դպրոցներ կան տարբեր համայնքներում։

«Մենք նաև դիմումներ ենք ստանում, որոնցից պարզ է, որ մարդիկ նաև փորձել են գրանցումն իրականացնել միանգամից մի քանի տեղից, օրինակ՝ ազգականներին կամ ընկերներին խնդրել են նույն պահին գրանցել երեխային։ Դատելով դիմումներից՝ ունեմ տպավորություն, որ հունիսի 11-ի առավոտյան մեր ընտանիքների մեծ մասը նստած է եղել համակարգչի առջև և փորձել է արագ գրանցել երեխաներին»,- պարզաբանեց Ժաննա Անդրեսյանը։

Փոխնախարարը նշեց, որ գրանցումից հետո փորձելու են հասկանալ, թե ինչու են այս կամ այն դպրոցում երեխաներին փորձել չգրանցել։ Գուցե շենքային պայմանների, ուսուցման որակի, մանկավարժական աշխատանքի խնդի՞ր կա։ Փորձելու են վերլուծել ու հզորացնել այդ դպրոցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս