«Իշխանության գործողություններից հասարակության դժգոհությունը, հիասթափությունը շատանում է: Իշխանությունը սկսեց վրեժ լուծել Ծառուկյանից». Ալեքսանդր Սկակով
«Իշխանությունը սկսեց հաշիվներ մաքրել և վրեժ լուծել Ծառուկյանից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Հայաստանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ալեքսանդր Սկակովն ասաց, որ լիովին հասկանալի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը փորձում էր զբաղեցնել հայաստանյան ընդդիմության ղեկավարի դիրքը՝ ունենալով դժգոհություններ իշխանության ոլորտային քաղաքականությունից, կորոնավիրուսի դեմ պայքարից և համախմբելով հասարակության շրջանում առկա նմանատիպ տրամադրությունները:
Ըստ Սկակովի՝ Ծառուկյանը փորձում էր ակումուլյացնել այդ դժգոհությունը:
«Ես չեմ կարծում, որ նա կարող էր ստանձնել այդ դերակատարությունը, նա նման հնարավորություններ չուներ ի սկզբանե, իմ կարծիքով: Բայց իշխանությունը սկսեց հաշիվներ մաքրել և, կարելի է նույնիսկ ասել, որ՝ վրեժ լուծել Ծառուկյանից այդ հայտի համար: Լիովին հասկանալի է, որ սա կապ ունի Ծառուկյանի հայտնի ելույթի հետ»,- ասաց Սկակովը:
Ռուս քաղաքագետը փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված ՀՀ իշխանությունների վախը: Նա նշեց, որ կա ընդդիմադիր դաշտ, և այդ դաշտի ղեկավարի պաշտոնը որևէ մեկը պետք է զբաղեցնի, այդ «պաշտոնը» թափուր է մնացել:
«Նախկին իշխանությունը դա չի փորձում անել, Ծառուկյանը փորձեց անել: Իշխանությունը վախենում է բոլոր նրանցից, որոնք հավակնում են այդ տեղը զբաղեցնել: Հասկանալի է նաև, որ իշխանությունից դժգոհ հատվածը մեծանալու է, քանի որ իշխանության գործողություններից հասարակության դժգոհությունը, հիասթափությունը շատանում է, քանի որ կան գերագնահատված սպասումներ, որոնք էլ հանգեցնում են նման տրամադրությունների»,- ասաց Սկակովը:
Վերջինիս կարծիքով՝ ներքաղաքական կյանքը եռալու է, եթե լուրջ փոփոխություններ տեղի չունենան երկրում:
«Իսկ ներկայումս ես լրջագույն փոփոխություններ չեմ տեսնում, դժգոհ զանգվածը մեծանալու է, դա խնդիրների է հանգեցնելու իշխանությունների համար: Սակայն իշխանությունները դեռ ժամանակ ունեն, կարծում եմ»,- ասաց Սկակովը:
Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ իշխանությունները տապալել են նաև արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ հայ-ռուսական ուղղությունը՝ Սկակովն արձանագրեց, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան ոչ հաջողություններ, ոչ տապալումներ:
«Ոչինչ չկա: Մոսկվայի համար ներկայումս Երևանն այդքան էլ կարևոր ուղղություն չէ, կան ավելի կարևոր ոլորտներ և ուղղություններ, և տեսանելի է, որ Կրեմլը զբաղված է այլ տարածաշրջաններով, իսկ Հարավային Կովկասում լուրջ մարտահրավերներ չկան, և քիչ թե շատ հանգիստ վիճակ է: Հարաբերությունների ակտիվացում պետք չէ սպասել»,- ասաց Սկակովը: