«Մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի հիմնադրամի դրամահավաքի արկղերը, ահա, թե ինչու այլ քրգործեր չեք հարուցել». Իվետա Տոնոյանը՝ Գլխավոր դատախազին
«Այն, որ ԱԺ-ին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասով ձեր միջնորդությունը բացարձակ ապօրինի է, դա փաստ է: Այս մասին արդեն իսկ ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ, իրավապաշտպան կազմակերպություններ: Կարծում եմ՝ ձեր ներկայացրած միջնորդության մասին խոսելու հնարավորություն դեռևս կլինի»,-ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ Անդերսենը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի այսօր, սակայն, Ձեզ չի հաջողվելու որևէ մեկին համոզել, որ Ձեր ներկայացրած միջնորդության՝ այս մեղադրանքի հիմքում կա որևէ փաստ, որը անմիջական կերպով առնչվում է Գագիկ Ծառուկյանի հետ»,-նշեց պատգամավորը:
Իվետա Տոնոյանը անդրադարձավ հունիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված խուզարկության դրվագներին և նշեց, որ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել, հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ. «Եվ այդ կարգը սահմանվում է նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածով, ինչպես նաև ՄԻԵԴ-ը իր մի շարք որոշումներում սահմանել, է, որ այն պահից, երբ քրեական գործը սկսելու գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող: Ամսի 14-ից Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվում են խուզարկությունները, նա հրավիրվում է ԱԱԾ հարցաքննության, որոնք հիմք են տալիս պնդելու, որոնք հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում: Հիմնավորեք ձեր գործողությունների տրամաբանությունը և փորձեք ներկայացնել այն հիմքերը, որոնցով դուք առաջնորդվել եք»:
Ի պատասխան՝ Արթուր Դավթյանն ասաց, որ հրապարակել է ապացույցների շատ փոքր զանգված, որոնք ըստ նրա՝ ուղղակի կապն են հիմնավորում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ, և ավելի քան բավարար են Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Ինչ վերաբերում է Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը, նա ասաց. «Այս փաստով հարոցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանի անուն չի նշվել, երկրորդ՝ այո, մենք ունենք Եվրոպական դատարանի բազում մոտեցումներ, որոնք քրեական հետապնդման որոշակի ավելի ընդարձակ ծավալներ են սահմանում, քան մեր քրեադատավարական օրենքը, բայց մեր երկրի ներքին օրենսդրությամբ ուղղակի պահանջն այն է, որ ես այստեղ գտնվեմ բացառապես անձին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվություն ստանալու համար: Դուք չեք գտնի մեր օրենսդրությամբ, իմ ընկալմամբ՝ նաև Եվրոպական դատարանի այնպիսի որոշումներ, որոնք պահանջ կդնեն, որ բնակարանի խուզարկություն իրականացնելու համար ես գամ և ԱԺ-ում ստանամ թույլտվություն: Հետևաբար, կարծում եմ, որ նախաքննական մարմինը գործել է օրենքով սահմանված կարգով»:
Իվետա Տոնոյանը նկատեց. «Պարոն դատախազ, ինքներդ նշեցիք, որ 2017թ. հանդիսանալով գլխավոր դատախազ՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված մամուլում շրջանառվում էին բազմաթիվ տեղեկություններ, որ այս կամ այն գործող պատգամավորը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին, անգամ կան դրա հետ կապված ձայնագրություններ, կաշառք է բաժանում, կաշառք է տալիս, և դրանց հետ կապված որևէ զարգացում, որևէ քրեական գործ մինչ օրս չի հարուցվել: Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, թե ինչու չի հարուցվել, որովհետև այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում պարզապես տեղադրված է Աննա Հակոբյանի «City of smile»-ի դրամահավաքի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»:
Այդ պահին իմքայլականներից արձագանք եղավ, որին ի պատասխան՝ Իվետա Տոնոյանն ասաց. «Կարող եք չծվծվալ տեղներից: Ինչ վերաբերբում է նախաքննության գաղտնիք հանդիսացող փաստաթղթերի հրապարակմանը, դուք իհարկե, շատ պրոֆեսիոնալ կերպով շրջանցեցիք Մանե Թանդիլյանի հարցը, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ այն փաստաթղթերը, որոնք անգամ չեն տրամադրվել փաստաբանական խմբին, հայտնվում են մի շարք լրատվամիջոցների էջերում և իշխանության մաս կազմող պատգամավորների և նախարարների էջերում: Դուք արդյո՞ք սա խելամիտ եք համարում ընդհանրապես»:
Գլխավոր դատախազը պատասխանեց. «Բացարձակ ապատեղեկատվություն է, որ նախկինում ընտրությունների վերաբերյալ հրապարակային որևէ զարգացում չի եղել, մատնացույց արեք որևէ դեպքը և միասին կտեսնենք, որ բացառված է, որ դրանով առնվազն դատախազության նախաձեռնությամբ վարույթ իրականացված չլինի: Իսկ դրանով ապացույցներ ձեռք բերվել են, թե ոչ, այ սա հարցի մյուս կողմն է: Այսօր ես 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների, այն էլ միայն Գեղարքունիքի մարզում «Ծառուկյան» դաշինքի գործողություններն եմ քննարկում, բայց ես ոչ միայն չեմ բացառում, այլ կարող եմ ներքին համոզում ունենալ, որ այս դահլիճում բազում անձինք ենք նստած, ովքեր շատ այլ ընտրությունների շատ ավելի շատ կեղծիքների և հանցագործությունների մասին տեղեկությունների են տիրապետում, բայց երբ նրանք կորոշեն դրա մասին ցուցմունքներ տալ, այն ժամանակ կլինի հետևանքը: Իսկ նախաքննության տվյալների հետ կապված ես բացարձակ չշրջանցեցի, շատ հստակ ասացի՝ որ դեպքն է օրինաչափ, որ դեպքն է հանցագործություն»: