«Որտե՞ղ էր գլխավոր դատախազը, երբ ես ուղիղ եթերում հրապարակում էի ընտրակաշառքի ցուցակներ». Մանե Թանդիլյանը՝ դատախազին

«Պարոն դատախազ, արդյո՞ք այս ամբողջ ընթացքում և այս գործի շրջանակներում, խուզարկությունների շրջանակներում միայն 2017թ. առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութեր եք գտել, չեք գտել 2018թ., մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածի որևէ նյութ, պատգամավորների ստորագրած որևէ փաստաթուղթ, բացառապես 2017թ. համա՞ր եք գտել,- այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին նման հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք միայն «Ծառուկյան» դաշինքի մասով է ընտրակաշառքի փաստերի տիրապետում. «Օրինակ՝ Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկատվություն, շտաբներում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չգիտե՞ք, չե՞ք տիրապետում, չե՞ք լսել: Եվ երրորդ՝ պարոն դատախազ, ինչպե՞ս է ստացվում, որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան էջերում, կարծես թե թափված էր մի տեղ, նրանք հավաքել, տեղադրել էին: Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը, և դա առաջին դեպքը չէ, հայտնվում են տարբեր քաղաքական գործիչների, մարդկանց պատերին, անձնական տիրույթներում, և առերևույթ դրանք հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:

Այս հարցերին ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասաց, որ իրենք կամ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր. «Քրեական գործերը կամ քրեական վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ, և երբ քրեադատավարական գործողությունների ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում դա անալիզ չի արվում, թե որ քաղաքական ուժին է վերաբերում կամ որ ժամանակահատվածին է վերաբերում: Ես իմ միջնորդագիրը դրա համար հատուկ ծանրաբեռնել էի՝ սկսելով այն քրեական գործից, որով տեղեկություններ էին հայտնաբերվել: Եթե դուք ծանոթ եք միջնորդագրին, տեսած կլինեք, որ բացարձակ ընտրակաշառքին չառնչվող քրեական գործի ընթացքում պաշտոնական հանցագործության գործով քաղաքաշինության կոմիտեի նախագահին վերագրվող հանցագործության փաստով նրա հանցակցի ընկերության շենքում կատարվել է խուզարկություն: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են այն փաստաթղթերը, որոնց մասին ես արդեն բարձրաձայնեցի: Եթե այդ կամ այլ որևէ գործով, այդ կամ որևէ այլ շինությունում խուզարկությամբ հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի, որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների ժամանակ փաստաթղթեր, հավատաստիացնում եմ՝ ինքը կունենա բացարձակապես նույն ճակատագիրը»:

Ինչ վերաբերում է Թանդիլյանի երրորդ հարցին՝ դատախազը ներկայացրեց նախաքննական գաղտնիքի հրապարակման օրենսդրական կարգավորումը. «Վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություն հրապարակի, բնականաբար, գնահատելով ռիսկերը՝ նախաքննության արդյունավետության վրա հետագա բացասական ազդեցության: Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի՝ այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա վարույթն իրականացնող մարմնի իրավունքն է, լիազորությունն է, եթե կուզեք՝ պարտականությունն է՝ պայմանավորված հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու իր պատասխանատվությամբ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ իմ ասած աղբյուրներից կամ իմ ասած խողովակից զատ՝ այլ կերպ նախաքննության տվյալների արտահոսք կլինի, դա միանշանակ անընդունելի է, և յուրաքանչյուր նման դեպքով, և այդպիսի բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, մեր հստակ պահանջն է և մեր հստակ հետևողականությունն է՝ պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք նաև հանցագործության հետ: ՔՕ-ն քրեական պատասխանատվություն է նախատեսում նախաքննության գաղտնիքն օրենքով չնախատեսված եղանակով հրապարակելու համար»:

Մանե Թանդիլյանը նկատեց. «Այսինքն՝ Դուք ինձ պատասխանում եք, որ Դուք դիտավորությամբ՝ համարելով ոչ այնքան կարևոր նյութ կամ ոչ այնքան նախաքննական գաղտնիք պարունակող, արտահոսք եք կազմակերպել և տրամադրել տվյալները իշխող քաղաքական ուժին, և համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը, և ահա ձեզ համար հասանելի ամենահեշտ խողովակով դա հանրայնացրել եք: Ես դա եմ լսում ձեր պատասխանից, այնինչ դուք այդ փաստաթղթով եք եկել ԱԺ, պատմում եք այդ փաստաթուղթը, հետևաբար՝ այն, ըստ էության, պետք է որ դեռ ապացուցման ենթակա փաստաթուղթ լինի»:

Պատգամավորը խնդրեց հիշեցնել, թե ով էր 2017թ. դատախազը, երբ ինքը լայվով Արարատյան թաղամասում արձանագրում էր առերևույթ ընտրական կաշառք բաժանելու դեպք՝ ՀՀԿ շտաբից, և այդտեղ մասնակցում էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Երեք նյութ կարող եք գտնել իմ ֆեյսբուքյան պատին, որտեղ արձանագրում ենք ցուցակներ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր, ո՞ւր էր այդ ժամանակ դատախազը, ո՞վ էր՝ ինձ հիշեցրեք: Հիմա էլ կարող եք այդ նյութը ուսումնասիրել, այնտեղ  բազմաթիվ մասնակիցներ կան. մի անգամ ձեր մտքով անցե՞լ է՝ որևէ մեկին հարց տաք: Թե՞ ուղղակի չկա նման պահանջարկ կամ նման առաջադրանք»:

Արթուր Դավթյանն այդպես արձագանքեց. «Իմ խոսքերից ձեր արած հետևությունները համարժեք չէին: Ես չեմ ասում՝ մենք հատուկ արտահոսք ենք արել, ես շատ հստակ ասացի՝ վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տեղեկացնել, մնացած այլ ճանապարհով արտահոսքը հանցագործություն է, ինչպես արդեն վկայակոչեցի: 2017թ. ես եմ եղել գլխավոր դատախազը, աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվել, ես կոնկրետ ձեր վկայակոչած դեպքը, բնականաբար, չեմ կարող հիշել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ բացառված է, որ դրանով վարույթ իրականացված չլինի: Դուք ԱԺ պատգամավոր եք և պետք է քաջ գիտակցեք՝ ինչպես գլխավոր դատախազի, այնպես էլ՝ դատախազության գործառույթները: Ձեր հարցի ենթատեքստը հասկանալով՝ դատախազն ապացույցներ գնահատող է, ինչպես տեղի է ունեցել այսօր: Ապացույցները ձեռք է բերել վարույթ իրականացնող մարմինը, և այդ ապացույցների գնահատման արդյունքում դատախազը եկել է այս հետևությանը»:

Տեսանյութեր

Լրահոս