«Պատահական չէ, որ ԲՀԿ առաջնորդի քաղաքական հայտարարությունից անմիջապես հետո հրապարակվեց վարչապետի խոսնակի հաղորդագրությունը». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ չկա որևէ քաղաքական պատվեր, ինչպես պնդում են: Փոխարենը՝ կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր, որոնք բացահայտման անհրաժեշտություն ունեն:

«Այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչընդոտել իրավապահների անկաշկանդ գործողությունները, և ինչպես ընդունելի չէ որևէ քաղաքական ուժի կողմից, իշխանության, քաղաքական մեծամասնության կամ  ընդդիմության կողմից որևէ ճնշում անընդունելի է: Փորձ են անում իրավական գործընթացներին տալ քաղաքական երանգ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը:

Նրա համոզմամբ, վերջին շրջանի հրապարակումները վկայում են, որ իրավապահ համակարգից տեղի է ունեցել որոշակի արտահոսք, որին տեղեկացել են ԲՀԿ առանձին անդամներ, և որից պաշտպանվելու առաջին քայլը եղել  է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել՝ որպես  քաղաքական ճնշում:

«Պատահական չէ, որ ԲՀԿ առաջնորդի քաղաքական հայտարարությունից անմիջապես հետո հրապարակվեց վարչապետի խոսնակի հաղորդագրությունը, որը շատերիս ինչ-որ բան ասաց, սակայն մանրամասնորեն չհասկացանք, թե ինչ է տեղի ունենում: Սակայն հաջորդող իրադարձությունները եկան վկայելու, որ այո, որոշակի տեղեկատվության՝ իրավական պրոցեսների հետ կապված,  իրավապահ համակարգից հասանելի է դարձել ԲՀԿ-ին, և փորձ է կատարվում քաղաքական երանգների ներքո ներկայացնել իրավական պրոցեսները»,- շեշտեց պատգամավորը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները կապված են եղել այդ տեղեկատվության արտահոսքի հետ, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ որևէ բան չի կարող ասել, քանի որ ոչինչ չգիտի, հետևաբար՝ լավագույն պատասխանը կարող են տալ հենց իրավապահները:

«Այո, ես արտահայտում եմ ենթադրություն, չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկատվությունը հայտնվել, ինչպես է հասանելի դարձել: Ես ուրախ եմ այն հանգամանքով, կարծում եմ, դա հենց այդպես էլ պետք է լիներ, որ «Իմ քայլը» խմբակցությունը բացարձակապես անտեղյակ է եղել նման իրավական զարգացումներից»,- հավելեց նա:

Անդրադառնալով այն թղթի հրապարակմանը, որը տարածում էին տարբեր նախարարներ ու պատգամավորներ և գրում, թե՝ ահա այն փաստաթուղթը, որով Գագիկ Ծառուկյանն ընտրակաշառք է բաժանել մարդկանց, Լիլիթ Մակունցն ասաց, որ պատգամավորներն այդ թուղթը վերցրել են մամուլից, որտեղ այն արդեն հրապարակված է եղել:

«Իհարկե, որևէ մեկը չի կարող խախտել անմեղության կանխավարկածը, քանի դեռ տվյալ անձի մեղավորությունը չի ապացուցվել: Եթե այդ փաստաթուղթը հրապարակվել է, դա դեռ չի նշանակում, որ մեղադրանք կոնկրետ անձանց, կոնկրետ հասցեատեր չունի, այլ երևույթը հրապարակվել է ընդամենը։ Եթե հետևել եք ԱԱԾ-ի հաղորդագրությանը, ապա այդ տեղեկատվությունն Ազգային անվտանգությունը նույնպես հրապարակել է»,- շեշտեց Լ. Մակունցը:

Նա դժվարացավ ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, քանի որ իրավական առումով չգիտի, թե ինչպիսին է գործողությունների հաջորդականությունը: Սակայն գիտի, թե երբ իշխանական թիմը կկարողանա որոշում կայացնել՝ այն ժամանակ, երբ Դատախազությունը միջնորդություն կներկայացնի ԱԺ-ին՝ ներկայացնելով համապատասխան հիմքեր՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

«Այս ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ կհրավիրի և հիմքերն ուսումնասիրելով՝ որոշում կկայացնի»,- ընդգծեց Մակունցը:

Անդրադառնալով ԲՀԿ-ական կին պատգամավորների նկատմամբ իրավապահների կատարած գործողություններին, Լիլիթ Մակունցն ասաց, որ այնքանով, որքանով հետևել է տեղի ունեցող գործընթացներին՝ ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողությունների ականատես չի եղել:

«Տեսել եմ, որ ոստիկանները փորձում էին իրենց լիազորությունների շրջանակներում համաչափության սկզբունքով համոզել ակցիայի մասնակիցներին պահպանել կարգը, հատկապես, որ հիմա արտակարգ դրություն է»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը:

Տեսանյութեր

Լրահոս