«Եթե տիկին Զոհրաբյանը կարծում է, որ կիրառված ուժն անհամաչափ է եղել, պետք է դիմի ոստիկանապետին՝ խնդրելով ծառայողական քննություն անցկացնել». Թագուհի Ղազարյան
«Ողջ ծավալով չեմ հասցրել հետևել երեկվա իրադարձություններին»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի առջև ԲՀԿ աջակիցների հանդեպ ոստիկանական գործողություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Դիտարկմանը, թե Ձեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է անհամաչափ ուժի կիրառման մասին՝ նա արձագանքեց.
«Միայն որոշ դրվագների եմ ծանոթ. այն դրվագներին, որոնց ծանոթ եմ, չեմ նկատել անհամաչափ ուժ: Բայց եթե տիկին Զոհրաբյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ կիրառված ուժն անհամաչափ է եղել, ոչ թե իմ կամ մեկ այլ մարդու գնահատականը էստեղ պետք է որոշիչ լինի, այլ տվյալ անձը պետք է դիմի ոստիկանապետին՝ խնդրելով ծառայողական քննություն անցկացնել՝ կոնկրետ այն դրվագի վերաբերյալ, որի շուրջ նման կարծիք կա կամ կասկած կա։ Իրավական համապատասխան գնահատականի հարց է»:
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երեկ արձագանքելով «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, ասել է.
«Քրիստինե Պողոսյանին ու մյուսներին խորհուրդ կտամ չանցնել հերթական դեմագոգիային: Ձեր գործընկեր կին պատգամավորների հանդեպ բռնություն է գործադրվել, անհամաչափ ուժ է կիրառվել, ինչո՞ւ չեք արձագանքել՝ այն դեպքում, երբ արձագանքում եք որևէ կնոջ հանդեպ իրավունքների պաշտպանությանը: Այդ հարցը թող նա ուղղի իրավապահներին»:
Ի դեպ, բռնության վերաբերյալ խնդրի դեպքում, Թագուհի Ղազարյանը հորդորեց օր առաջ դիմել ոստիկանություն.
«Նախկինում ունենալով փորձառություն անհամաչափ ուժի ենթարկված լինելու և այդ իսկ պատճառով ոստիկանություն դիմելու, որպեսզի քննություն սկսեն, գիտեմ, որ դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտություն է լինելու, ու որքան շուտ քննությունն անցկացվի, այնքան ավելի տեսանելի կլինեն անհամաչափ ուժի հետքերը»:
Ըստ պատգամավորի՝ կանանց նկատմամբ խտրականության և կանանց իրավունքների խախտման տիրույթում խոսակցություն կարող է լինել այն պարագայում, եթե պարզվի, որ ոստիկանները տարբերակված մոտեցում են ցուցաբերել, օրինակ, Արման Աբովյանի և Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ.
«Այսինքն՝ պարոն Աբովյանին ավելի հարգալից են վերաբերվել, տիկին Զոհրաբյանին՝ պակաս հարգալից. այս դեպքում մենք կարող ենք խոսել խտրականության մասին: Կարող ենք նաև կանանց իրավունքների շուրջ խոսակցություն ունենալ, եթե, օրինակ, համացանցում այն մարդիկ, ովքեր չեն համակրում այդ կուսակցության գործիչներին, ավելի կոպիտ և տարբերվող բառամթերքով արտահայտված լինեն խմբակցության կին ներկայացուցիչների նկատմամբ, քան տղամարդկանց վերաբերյալ։ Նման երևույթ, առնվազն երկրորդի դեպքում, կարծում եմ հնարավոր է՝ ելնելով այն միջավայրից, որում ապրում ենք: Եվ եթե կան նման մեկնաբանություններ՝ խոսքային կամ վերաբերմունքային մակարդակով՝ տարբերակված վերաբերմունք այդ գործիչների նկատմամբ, որոնք կին են և այն գործիչների նկատմամբ, որոնք տղամարդ են, իհարկե, դա արժանի է խիստ գնահատականի, որովհետև մեր ողջ խնդիրն էս դիսկուրսում դա է: Բայց քանի որ ես ողջ ծավալով չեմ ծանոթ, և եթե կա ոստիկանության կողմից նման դրվագ, ես շատ կցանկանայի, այդ դրվագը բաց խոսվեր՝ կոնկրետ որ դրվագի մասին է, որ այդ տարբերակված մոտեցումը և վերաբերմունքը դիտարկվել է, որովհետև եթե կա նման խնդիր, մենք նաև պետք է աշխատենք ոստիկանության հետ, որպեսզի նրանք տարբերակված մոտեցում ցույց չտան կին ակտիվիստների և տղամարդ ակտիվիստների նկատմամբ: Այդ վերաբերմունքը պետք է լինի հավասար. Սա է մեր ամբողջ խոսույթի իմաստը»: