Հուշագիրը` ժամկետանց
2018 թվականի հոկտեմբերին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանին, քննարկել էին հայաստանյան ներքաղաքական զարգացումները, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին հայտնի հուշագիրը, որի մասին այս օրերին շատ են խոսում։
Այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խիստ անհրաժեշտ էր ԲՀԿ նախագահ և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը։
Ինչպես նշված է հուշագրում՝ կողմերը շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդաիշխանության հաստատման գործում, ստորագրում են սույն հուշագիրը, որը հիմնականում վերաբերում էր երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։
«Կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Ինչպես նաև խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որևէ նախաձեռնության:
Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ»,- ասված էր հուշագրում:
Այսպիսով, հուշագիրը ստորագրած կողմերից մեկը՝ ԲՀԿ նախագահ և «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, 2018 թվականի ընտրություններից առաջ և հետո կատարեց հուշագրով ստանձնած պարտավորությունները։ Այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր մտահոգում և անհանգստացնում, որ հուշագիր է ստորագրում մի մարդու հետ, որի մասին, այդ թվում՝ նաև իրենց ընտանեկան թերթում, ժամանակ առ ժամանակ, կախված Ծառուկյանի հետ ունեցած համագործակցության մակարդակից՝ բազմաթիվ հոդվածներ էին հրապարակվում կատարած ենթադրյալ ընտրակաշառքների, հարկերից խուսափելու մասին, նրան ներկայացնում էին՝ որպես օլիգարխի:
Այսօր, սակայն, երբ Գագիկ Ծառուկյանը փորձ արեց, այն էլ՝ առանց կոնկրետ անուններ նշելու, քննադատել կառավարության վարած քաղաքականությունը, գործող իշխանության անդամները՝ նախարարից, պատգամավորից մինչև մարզպետ, հիշեցին ու գզրոցներից գտան փաստաթղթեր ու փաստեր, որ տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանն ընտրակաշառք է բաժանել, որ ֆինանսական չարաշահումներ է կատարել։
Իսկ նման դեպքերում ի՞նչ են անում, ճիշտ եք՝ հարուցում են քրեական գործեր։ Բայց… արդյոք իմանալ-չհայտնելը ևս հանցագործություն չէ՞, արդյոք շահադիտական նպատակով ենթադրյալ հանցագործի հետ համագործակցելը, երբ դրա մասին դու բազմիցս հրապարակավ հանդես ես եկել, նույնպես հանցագործություն չէ՞։ Այս հարցերին թող իրավաբանները պատասխանեն։
Սակայն, կա մեկ այլ, հուշագրի վերջում թաքնված մի նրբություն, մեկ կետ, որում ասվում է.
«Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, այս կետը հիշելով՝ որոշեց բարձրաձայնել, որ կառավարությունը ձախողել է, չի իրականացրել ժողովրդի սպասելիքները, այսինքն՝ տված խոստումները:
«Այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են,- օրեր առաջ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը և ամփոփել,- Այսօր մենք երկիր ենք կորցնում: Ամեն օր, ամեն ժամ ի վնաս է աշխատում մեր ժողովրդին»։
Հուշագիրը ստորագրած մյուս կողմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սոսկ այդ վերջին կետի համար էր պարտավորություն ստանձնել, այն էլ չի կատարել, իսկ այդ կետի կարևորագույն բաղադրիչը, որ վերաբերում էր ոչ միայն կոնկրետ կուսակցությանը, այլև հայ հանրությանը, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումն էր։
Համագործակցության հուշագիրը, որպես կանոն, որևէ քննարկման, համաձայնության կամ գործողությունների ծրագիրն ամփոփող փաստաթուղթ է։
Եվ այդ փաստաթուղթը ստորագրած կողմերից մեկի համար դարձել է նաև ժամկետանց։