«Իշխանությունների վարկանիշն ազատ անկում է ապրում,  որին պահող բան մնում են միայն այսպիսի գործընթացները, և մենք դա գնալով ավելի շատ ենք տեսնելու». Դավիթ Խաժակյան

Քիչ առաջ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն ԱԱԾ շենքի մոտ  անդրադարձավ ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակցիայի մասնակիցների նկատմամբ ՀՀ ոստիկանության գործողություններին։ Նա  լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցության պատգամավորները տարբեր ոստիկանական բաժանմունքներում են։

«Իմ մանդատը դա թույլ չի տալիս, բայց իմ մանդատը թույլ է տալիս ինձ այստեղ գտնվել՝ որպես ՀՀ քաղաքացի, ով մտահոգ է   այս իրադարձություններով, և ասելու, որ ոստիկանները  անհամաչափ  ուժ են կիրառել  քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ,  այդ թվում՝ իմ գործընկերների նկատմամբ, ավագանու անդամներն են   բերման ենթարկվել, ուստի   իմ պարտքն եմ համարում գտնվել այստեղ։ Իսկ գործընթացի քաղաքական  մասով մեր կուսակցությունը քաղաքական գնահատական կտա, եթե իրավական  պրոցեսներում կա քաղաքական մասնակցություն, մենք  կզատենք, կասենք, թե որ մասն է իրավական, որը՝ քաղաքական, բայց այն, ինչ այսօր  իրականացվում է  բռնության տեսքով, ոստիկանական  ուժի կիրառման  տեսքով, դատապարտելի է, և դա իշխանություններն անում են արտակարգ դրության  պահից ելնելով, ըստ էության օգտագործում են դա՝ որպես ճնշման գործիք»,- ասաց Խաժակյանը։

Ի պատասխան հնչած հարցի, թե արդյոք ԲՀԿ-ն ընտրությունների շրջանում ընտրակաշառք բաժանե՞լ է, պատասխանեց, որ կարող է հիշեցնել  մի հայտնի դրվագ, երբ նախընտրական վերջին բանավեճն էր  կուսակցությունների առաջնորդների միջև, ԼՀԿ ղեկավար Էդմոն  Մարուքյանի կողմից հարց է ուղղվել, որը վերաբերել է քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը։

«Այդ մասով  հետընտրական գործընթացներում մեր տեսակետը հայտնել ենք,  և ես չեմ կարող Ձեր ասածի վերաբերյալ հերքել մի բան, որը ես գիտեմ չափահաս եղած դառնալուց էլ ավելի առաջ։ Մինչև  2017 թվականի խորհրդարանական ընտրությունները այդ երևույթները եղել են, նախկին  իշխանությունների կողմից չեն արժանացել հստակ  գնահատականի, և նաև քաղաքականության և բիզնեսի զատման մասով։ Հետագայում իշխանությունները  հուշագիր են կնքել, այդ թվում՝ ԲՀԿ-ի հետ, շուրջ 2 տարի  առանց այդ փաստարկի համագործակցել են։ Բայց այն պահից սկսած, երբ որոշակի քաղաքական հայտարարություններ արվեցին, իրենք  մոռացել են հուշագիրը,  մոռացել են իրենց տված գնահատականները  և ինդուլգենցիաները,  հարուցել են այսպիսի գործընթաց։ Բայց սա  չի ենթադրում, որ ոստիկանները կարող են ուժ կիրառել  այն մարդկանց նկատմամբ, ովքեր եկել են  խաղաղ ակցիա իրականացնելու, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ,  ովքեր ընտրվել են 2018թ․ ընտրությունների ընթացքում»,- ասաց Խաժակյանը։

Վերջինս շարունակեց պարզաբանել, որ 2017 թվականի  խորհրդարանական ընտրությունները ներառյալ՝  հնչել են տարբեր ուժերի  կողմից ընտրակաշառքի բաժանման  դեպքեր, այդ թվում  և՝ այդպիսի դեպքեր հնչել են «Բարգավաճ  Հայաստանի» վերաբերյալ։

«Հիմա կարծես թե հուշագիր կնքելուց  2 տարի անց իշխանությունը հիշել է, որ ընտրակաշառք է  բաժանվել ԲՀԿ-ի կողմից, եթե դա դե յուրե  ապացուցվի, ես դրա հետ կապված առարկություն  կամ խնդիր չունեմ, բայց նույնիսկ այն պահին,  երբ դա ապացուցվի, և  Գագիկ Ծառուկյանի աջակիցները  կամ ԲՀԿ աջակիցները գան այստեղ,  և իրենց նկատմամբ անհամաչափ բռնություն կիրառվի, որը տեղի ունեցավ այսօր,  ես կրկին պատրաստակամություն եմ ունենալու գալու այստեղ, որովհետև  իրավական գործընթացը, իրավական պետությունը  չի ենթադրում, որ մենք պետք է աչք փակենք  նույնիսկ այն դեպքում, երբ  ինչ-որ մեկը կատարել է հանցանք, իր աջակիցները  փորձում են խաղաղ ակցիաների միջոցով արձագանքել,  և մենք լռենք, ասենք՝ նորմալ է, որ բռնություն են գործադրում»,- ասաց Խաժակյանը։

Նա նշեց նաև, որ իրենց  կուսակցությունը չունի որևէ կաշկանդվածություն որևէ պատգամավորի  հետ կապված։

«Ես կրկնում եմ, քաղաքական գործընթացն ու իրավական  գործընթացն ունեն հստակ սահմանագիծ, որը մենք մեր գնահատականով կգծենք»,- նշեց Խաժակյանը։

Նա նաև չբացառեց, որ իշխանությունների թղթապանակներում կան առանձին անհատների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք  կսկսեն վեր հանել այն պահին, երբ  առանձին անհատները  քաղաքական գործունեություն ծավալեն։

«Ակնհայտ է, որ չի կարելի նման դեպքերում, երբ արտակարգ  իրավիճակ ես հայտարարում, անունը դնում ես՝ «պատերազմական իրավիճակ», ասում ես՝ համավարակը պետք է անցնի, հարուցում ես գործընթաց,  որի հետևանքը, 100 տոկոսով գիտես, որ այսպիսի մասսայական  հավաքներն են լինելու, հետո այն ճնշում ես և ասում ես՝ արտակարգ դրություն է, իրավունք չունես հավաքվելու»,- ասաց Խաժակյանը։

Արձագանքին, թե ԲՀԿ-ն է սկսել, Խաժակյանն ասաց՝ իսկ ԲՀԿ-ի  կողմից ի՞նչ պրոցես սկսվեց։

«ԲՀԿ-ն ասաց, որ ոչ դրական է գնահատում իշխանությունների ջանքերը,  համարում է, որ այս իշխանություններն իրենց աշխատանքը  պատշաճ չեն կատարել, հետագայում էլ բացատրություններ հնչեցին, որ դա գնահատական է, և որոշակի քաղաքական պահանջ չէր ենթադրում։ Մեկշաբաթյա ԱԺ նիստերի գործընթաց է հետևել դրան, ԲՀԿ-ին հարցեր հղելու հնարավորություն եք ունեցել,  և համոզված եմ, որ  չեք պնդում, որ Նիկոլ Փաշինյանն  այսօր ԲՀԿ-ի պահանջով  պետք է հրաժարական տա։ Կարծում եմ՝ կհաստատեք, որ նման պնդում  չի հնչել, դա ընկալել ենք մենք ևս, որը չեն հանդուրժել իշխանությունները։ Դա չեն հանդուրժում և պատրաստ են այդ դեպքերում անգամ անձնական կյանք  մտնել»,- նման կարծիք հնչեցրեց Երևանի ավագանու ԼՀԿ անդամը։   Նրա գնահատմամբ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ  հակահամաճարակային գործողությունները եղել են թերի, հանգեցրել   ոլորտների ձախողումների։ «Երկու  տարին էլ, բոլորով  տեսնում ենք, որ որևէ ոլորտում էական բարեփոխում  չի իրականացվել»,- նկատեց նա։

«Կարծում եմ, որ իշխանությունների վարկանիշն ազատ անկում է ապրում,  որին պահող բան  մնում են միայն այսպիսի գործընթացները,  և մենք դա գնալով ավելի շատ ենք տեսնելու։ Մեր պատգամավորներից  մեկի անգամ անձնական կյանք են մտել, որը իրավական գործընթացների  հետ կապ չունի»,- ասաց Խաժակյանը։

Տեսանյութեր

Լրահոս