«Եթե մահացողների անուններն անհատապես չեք ասում, ինչո՚՞ւ եք ողջերին այդպես ներկայացնում. դա ցավալի է և վիրավորական». Հուսիկ Արա
Բանաստեղծ Հուսիկ Արայի կարծիքով՝ Հայաստանում այսօր չկա այն ուժը, որին ժողովուրդը վստահի և ասի՝ թող նրանք գան իշխանության:
«Արթուր Վանեցյանին էլ է ժողովուրդը նախկին համարում: Այսօր ես տարբեր մարդկանց հետ եմ շփվում և նրանց մեծ մասի համակրանքը դարձյալ Նիկոլ Փաշինյանի կողմն է: Ճիշտ է՝ այս իրավիճակն իսկապես ահավոր է, մարդիկ ավելի վատ են ապրում, քան 2-3 ամիս առաջ, բայց այն պահն է՝ պետք է հասկանալ՝ ինչ անել, որպեսզի դուրս գանք այս վիճակից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա տպավորությամբ՝ Հայաստանը ղեկավարվում է միանձնյա. «Իրենք մեծամասնություն են և կարողանում են ցանկացած որոշում ընդունել կամ բեկանել: Իհարկե, շատ թերություններ կան, բայց կարծում եմ՝ այսօր այդ պահը չէ, և պետք է հասկանանք՝ այս վիճակից ո՞նց ենք դուրս գալիս: Ես մի այլ բանից եմ վախենում՝ եթե այսօր կառավարությունը հրաժարական տվեց, ես վախենում եմ, որ Հայաստանում քաոս լինի, սա է ամենասարսափելին: Ժողովուրդը չի վստահելու նոր ուժերին, նորից իրեն խաբված է զգալու: Այս իրավիճակից ելքն այն է, որ առաջին հերթին՝ կարողանանք հաղթահարել կորոնավիրուսը: Այնպիսի իրավիճակ է, որ բոլոր քաղաքական ուժերը բարոյալքված են Հայաստանում»:
Միևնույն ժամանակ, նա նկատեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե թույլ էր, համապատասխան քայլեր չեն կատարվել. «Կարող են ասել՝ փորձ չունեին, բայց Վրաստանն էլ փորձ չուներ: Նախարար Արսեն Թորոսյանն ասում էր՝ այդքան էլ լուրջ բան չէ, Փաշինյանն ասում էր՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա», քարոզարշավ էին անցկացնում, բուկլետներ էին բաժանում, երբ արդեն աշխարհում կար պանդեմիա»:
Հուսիկ Արան ընդգծեց, որ անհանդուրժող վերաբերմունք ընդդիմության և քննադատությունների հանդեպ այս իշխանության կողմից ի սկզբանե կար.
«Սևերի և սպիտակների, հեղափոխականների-հակահեղափոխականների բաժանելը չի կարելի, հատկապես, եթե ասում եք՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է եղել: Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետն է, նա պետք է հավասար նայի մարդկանց՝ անկախ նրանից՝ իրեն ձայն տվե՞լ են, թե՞ ոչ»:
Դիտարկմանը՝ արտակարգ դրության ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը հիասթափվածների խմբեր առանձնացրեց, որոնց մեջ ընդգրկված էին անգամ հոգևորականները, նա արձագանքեց.
«Գիտեք՝ երկու տարի է՝ եկեղեցու դեմ արշավ կա, ինչը ցավալի է: Մեր երկրի հիմնասյուներից մեկը եկեղեցին է, որոշ հոգևորականներից կարող են դժգոհ լինել կամ չլինել, բայց այդ արժեքների դեմ չի կարելի դուրս գալ, և ոչ միայն եկեղեցու դեմ՝ մենք այս երկու տարում տեսանք, թե ինչքան արժեքների դեմ փորձեցին դուրս գալ, ինչքան արժեքներ երկրորդական դարձնել: Ես հիմա կոչ եմ անում, որ համախմբված լինենք, որ այս իրավիճակից դուրս գանք, բայց մյուս կողմից էլ՝ իշխանությունն է փորձում պառակտել, և պարադոքս է ստացվում»:
Բանաստեղծը նկատեց. «Իշխանությունները չեն արդարացնում իրենց, չեն արդարացնում այն սպասելիքները, որ ժողովուրդն ուներ 2 տարի առաջ, այն բարեփոխումները, որ պետք է արվեին, և չի արվել, և այսօր հակառակ կողմում չունենք այն ընդդիմությունը, այն ուժերը, որոնք կկարողանան իսկապես երկրի ղեկը վերցնել իրենց ձեռքը, անցնցում, քայլ առ քայլ տանել առաջ»:
Նկատեցինք՝ նույն տրամաբանությամբ՝ 2018թ. պետք է իշխանափոխություն չլիներ, որովհետև հնարավոր է՝ ինչ-որ հետևանքներ լինեին:
«Լավ կլիներ՝ այս վիճակին չհասներ, կառավարությունն ավելի ամուր լիներ, որ չպահանջեին իր հրաժարականը: Մենք չգիտենք՝ կառավարության ներսում ինչ է կատարվում»,- ի պատասխան՝ ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում քաղաքացիների լուսանկարները հրապարակելուն՝ նա ասաց, որ դա սխալ է.
«Ես պատանի էի, հիշում եմ՝ խորհրդային շրջանում՝ Գորբաչովի ժամանակ, երբ հարբեցողների դեմ արշավ գնաց, այդպես անհատապես նկարում, փակցնում էին մետրոյում: Սա ցավալի և վիրավորական է: Եթե մահացողների անուններն անհատապես չեք ասում, ինչո՚՞ւ եք ողջերին այդպես ներկայացնում. դա ողջունելի չէ»:
Նա հավելեց, որ քաղաքականությամբ զբաղվողները, իշխանության ձգտողները երբեք սուրբ չեն. «Նրանք այն չեն, ինչ ներկայանում են. ամբողջ աշխարհի դեպքերը ցույց են տալիս, որ նրանք պետք է խաղան մարդկանց զգացմունքների հետ, ինչ-որ տեղ ստեն, շահարկեն, խաբեն և այդպես գալիս են իշխանության: Դրա համար են անընդհատ հասարակությունները հիասթափվում իրենց ընտրած իշխանություններից, որովհետև իրենք երբեք իրենց չեն արդարացնում: Ասում են՝ ես գալիս եմ հանուն ժողովրդի, բայց ոչ, դո՛ւ գալիս ես հանուն քեզ, հանուն քո ընտանիքի, այն քաղաքական թիմի, որի վրա հենվում ես: Իսկ զոհաբերվում են պատերազմի դաշտում՝ էյֆորիայի մեջ: Իսկ մեր բոլոր քաղաքական գործիչներն ասում են՝ մենք զոհաբերվում ենք հանուն ժողովրդի, կարծես այդ մարդիկ հատուկ ծնվել են ժողովրդի առաջ մատաղ լինելու: Մենք գիտեինք, թե այս իշխանությունները նվիրյալներ են, բայց հիմա պարգևավճարներ են ստանում… ես ընդունում եմ, որ չինովնիկը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց մյուսը, որ չինովնիկ չէ, սովից մեռնի՞: Ախր այդպես էլ չի կարելի: Պարգևավճար ինչո՞ւ ես տալիս: Եթե եկել է հեղափոխական իշխանություն, նա 6 ամսում բարեփոխումներ պետք է աներ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում