Բաժիններ՝

Ոստիկանական քաոս` Հայաստանում. Համակարգի նոր ղեկավարը  հաջող է «հանձնում» քննությունը

Երեկ` ուշ երեկոյան, համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են Հյուսիսային պողոտայում ոստիկանության 5-6 ծառայողներ, հերթական անգամ իրականացնում ՀՀ վարչապետի այնքան սիրած՝  «փռել ասֆալտին»  գործողությունը:

Տեսանյութում հստակ երևում է, որ ոստիկանները հետևից մոտենում են կանգնած քաղաքացուն, ոլորում ձեռքերը, փռում գետնին, ու դա` օրը ցերեկով, մարդաշատ վայրում, անցորդների աչքի առաջ՝ այնպիսի ջանասիրությամբ, ասես շատ վտանգավոր հանցագործ են վնասազերծում:

Ավելի ուշ լրագրող Վաչիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Վերջին 2 ժամվա ընթացքում Էջմիածնում բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել։ Շատերին՝ առանց որևէ պատճառի։

Ոստիկանությունը մի քանի ժամ շարունակ շրջափակած է պահել Էջմիածնի հրապարակը, և գրեթե բոլոր մեքենաները կանգնեցրել, ուղևորներին բերման են ենթարկել, իսկ մեքենաները տարել են տուգանային հրապարակ։

Նպատակը եղել է հակահամաճարակային կանոնների նկատմամբ վերահսկողությունը, սակայն բերման ենթարկվածների մեծամասնությունը դրանք պահպանել են և մինչև վերջին պահը չեն էլ հասկացել, թե ինչու են արժանացել ոստիկանների «ուշադրությանը»։

Քաղաքացիների փոխանցմամբ՝ գործողությունն ուղեկցվել է դեդեկտիվ ֆիլմերին բնորոշ դրվագներով»:

168.am-ի այն հարցին, թե ինչ գործողություններ են սրանք, ինչով է պայմանավորված ուժի այս ցուցադրությունը, Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ առաջին դեպքում` «Հունիսի 9-ին ժ.19:30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտից պարետի որոշումը խախտելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել քաղաքացուն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»:

Փաստորեն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ… Ուրեմն քաղաքացին այնպես է խախտել պարետի որոշումը, որ չեն բավարարվել 6 հոգով վրան հարձակվելով, դեռ մի բան էլ քրեական գործ են հարուցել: Ակնհայտ է՝ սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում սա հանդուրժում են մեր քաղաքացիներն ու իրավապաշտպանները:

Ի դեպ, իրավապաշտպանների մասին:

Երևի արտակարգ դրության իրավական ռեժիմն է «կաշկանդում» վերջիններիս՝ բողոքի ակցիաներ իրականացնել, արևմտյան դեսպանատներին բողոքի նամակներ ուղարկել, գրել, խոսել, հարցազրույցներ տալ այս մասին, որովհետև նախկին իշխանությունների օրոք անգամ տարվա ընթացքում մեկ դեպքն անարձագանք չէր մնա, իսկ այսօր գրեթե ամեն օր կրկնվող այս տեսարանների պարագայում մենք տեսնում ենք ձկան պես լուռ քաղհասարակություն:

Ինչ վերաբերում է Էջմիածնի «ռեյդերին», ոստիկանությունից տեղեկացրին, որ հունիսի 9-ին Էջմիածին քաղաքում իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 37 դեպք:

Ինչպես տեսնում եք, ոստիկանությունում անգիր են արել ոչինչ չասող տրաֆարետային պարզաբանումների ֆորմատը, տեքստը նույնն է, միայն ամսաթվերն ու հասցեներն են փոխվում, և ակնհայտ է, որ նոր ոստիկանապետի օրոք նույնպես հոդաբաշխ որևէ բացատրություն չի հնչելու ոստիկանական այս «բեսպրեդելի» վերաբերյալ, բայց առավել ակնհայտ է, որ ոստիկանության նորանշանակ պետն առավել ջանասիրաբար է լծվելու «փռել ասֆալտին» օպերացիան հնարավորինս հաճախ իրականացնելու ու առավել սարսափազդու տեսարաններով համեմելու գործին:

Հասկանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացի ու ընկեր կամ դասընկեր՝ ՀՀ ոստիկանության նոր պետ Վահե Ղազարյանն իր հավատարմությունն ապացուցելու խնդիր ունի վարչապետի մոտ, բայց ամեն դեպքում ճիշտ կլինի, որ հանձնարարականներ կատարելիս հիշի, որ իր պաշտոնի անձնագրում գրված է՝ ՀՀ ոստիկանապետ, այլ ոչ՝ վարչապետի ոստիկանապետ:

Հ.Գ. Նյութն արդեն հրապարակվել էր, երբ Ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, ու Հյուսիսային պողոտայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործ չկա։ Գործի նյութերն ուղարկվել են նախաքննության մարմնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս