«Նորմալ պետությունում, եթե առողջապահության նախարարը նման հայտարարություն աներ, 10 վայրկյան հետո հրաժարական կտար». Տիգրան Խուրշուդյան
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Տիգրան Խուրշուդյանն է:
– Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմակ կրելու իրազեկման ակցիայի շրջանակներում կոնֆլիկտ ունեցավ ոստիկանության գնդապետի հետ, երբ պնդում էր, որ պարետի որոշմամբ՝ մարդը պետք է դիմակ կրի նաև իր բնակարանում: Իրավաչա՞փ էին արդյոք Դանիել Իոաննիսյանի գործողությունները, և ինչո՞ւ էր նրա հետ շրջում ոստիկան:
– Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ շատերն իրենց տեղում չեն: Այսօր ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված, և ցանկացած նմանատիպ ակցիա, կարծում եմ, անհրաժեշտ է համաձայնեցնել պարետատան հետ: Որևէ մեկն այս վիճակում արթնանա ու հ/կ-ի կամ իրավաբանական անձի անվան տակ ակցիա իրականացնի, աբսուրդ է: Այսօր ողջ ոստիկանական ուժերը, բացի իրենց հիմնական գործառույթներից, փորձում են սահմանափակել այս հիվանդության տարածումը: Այսինքն՝ պետական ապարատը հնարավորինս փորձում է կանխել վարակը: Բայց այսօր ամեն մարդ զբաղվում է՝ ինչով ուզում է, ու սա շատ մտահոգիչ է: Օրինակ, պատգամավորը, ով երբևէ Սահմանադրության հետ որևէ առնչություն չի ունեցել, սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում, ում խոսելուց անգամ «Իմ քայլի» պատգամավորների մոտ ժպիտ է առաջանում: Ինչ վերաբերում է ոստիկանի ուղեկցելուն, ես չեմ կարող ասել՝ դրա տակ որևէ հանձնարարական կամ հրաման եղե՞լ է թե՞ ոչ: Համենայն դեպս, նմանատիպ աշխատանքներ տանելը ոստիկանության, ԱԻՆ-ի ու տեսչական մարմինների գործառույթն են:
– Առողջապահության նախարարը վերջերս հայտարարեց, որ չի կատարելու դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, որովհետև չի վստահում դատարաններին: Միևնույն ժամանակ՝ չեն խորշում դատական հայցեր ներկայացնել իրենց ընդդիմախոսների դեմ: Ինչի՞ մասին է սա խոսում, դատական համակարգում, ի վերջո, վեթինգ պե՞տք է թե՞ ոչ:
– Ես տեղյակ չեմ՝ որևէ մեկը նախաձեռնե՞լ է արդյոք քրեական գործ հարուցել, որովհետև դատական ակտի չկատարելը քրեորեն պատժելի արարք է: Սա ինձ համար աբսուրդի դաշտից է, երբ բարձրաստիճան չինովնիկը կարող է նման բան հայտարարել: Չի կարելի արհամարհել դատական ակտը: Դատական ակտերը արտադիր են կատարման համար բոլորի համար: Նորմալ պետությունում նախարարի հայտարարությունն ուղղակի նոնսենս կլիներ: 10 վայրկյան հետո նա հրաժարական կտար:
Ինձ մոտ հարց է առաջանում՝ վեթինգ իրականացնողն ովքե՞ր են լինելու: Եթե այն մարդիկ, ովքեր այսօր իրավական բնագավառում որոշումներ կայացնողներ են… Վեթինգից են խոսում, բայց ոչ ոք չի ասում, թե ինչո՞ւ է այսօր իրավական դաշտն այսքան բռնաբարված վիճակում:
Մանրամասները՝ տեսանյութում