Փաշինյանի ձախողված կառավարումը

Պետության ղեկավարի ամենամեծ շնորհը բոլորին լսելը և ռացիոնալ ու տրամաբանության շրջանակներում որոշումներ կայացնելն է՝ հանուն ազգի ու պետության։ Այս ամենը, սակայն, ոչ մի առումով չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին։

Իշխանության ղեկին գտնվելով՝ Փաշինյանն ամբողջապես խորամուխ է եղել դավադրապաշտությունների և ամենուր փնտրում է թշնամիներ։ Պետության կառավարման մեջ կարևոր է կոլեգիալ որոշումներ կայացնելն ու համակարգային հանգուցալուծումներ տալը։ Այսօր մենք ունենք այնպիսի մի իրադրություն, երբ պետության հետ կապված բոլոր որոշումները Փաշինյանը կայացնում է միանձնյա ու չի կարողանում հանդուրժել որևէ միջամտություն: Հենց սրանով է պայմանավորված, որ նա իր քաղաքական թիմում մշտապես պահում է, ներկայումս էլ իրեն շրջապատել է թույլ ու վերահսկելի անձանցով, ովքեր պատրաստ են հանդուրժել «շեֆի» կամքն ու քմահաճույքի բոլոր կամայական դրսևորումները:

Տվյալ իրավիճակում առանցքային է այն, որ, եթե նման վարքագիծն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պարագայում հաղթահարելի խնդիր էր ու ինչ-որ կերպ կարելի էր նաև ընդունել՝ որպես սեփական ամբիցիաները բավարարելու և հանրության մոտ ինքնահաստատվելու համար կարևոր պլացդարմ, ապա վարչապետ Փաշինյանի դեպքում՝ լուրջ ու պետության համար անվտանգային, ինչպես նաև՝ անհաղթահարելի խնդիրներ են առաջանում:

Ըստ էության, նա չի ընդունում ոչ մի տարբերվող կարծիք և «վերջնական ու բացարձակ ճմարտություն» է համարում միայն իր մոտեցումը։ Համաձայնեք, որ սա խոսում է մարդու ոչ ադեկվատության մասին և նարցիսիզմով տառապելու դասական օրինակ է։ Ինքնասիրահարված Նիկոլն ամեն անգամ հանրային դիսկուրս է իջեցնում 2018 թվականի պետական կարգը տապալելու փաստը՝ այն որակելով «աննախադեպ» ու «բացառիկ» մի երևույթ, որի մասին «տարիներ շարունակ երազել է հայ ժողովուրդը»։ 2018-ի դեպքերի անհարկի շահարկումը խոսում է մարդու՝ սեփական արարքի նկատմամբ չափից շատ մեծ կարծիքի և մտավոր սահմանափակվածության մասին։

Հետևելով Նիկոլի քաղաքական հետագծին՝ կարող ենք միանշանակ նշել, որ նա ակնհայտորեն թիմային խաղացող չէ, և նրա այդ «առանձնահատկությունը» բնական հակասության մեջ է մտնում պետական կառավարման համակարգի բազմավեկտոր ու բազմաշերտ էության հետ։ Սա ուղղակի պարադոքս է, քանզի եսակենտրոնությունն ու պետական կառավարումը հակոտնյա բևեռներ են, և սա արտացոլվում է Փաշինյանի քաղաքական որոշումների հետևանքներում և տրված «արդյունքներում»։ Նրա ղեկավարման ընթացքում քանիցս ականատես ենք եղել իրարամերժ որոշումների ու բազում հակոտնյա քայլերի։

Նման միանձնյա գործելաոճի ակնհայտ ապացույց կարող են հանդիսանալ կառավարության նիստերը, որոնք ընթանում են բազմաթիվ խութերով․ նիստի ընթացքում դրսևորվում է Փաշինյանի դիկտատոր տեսակը, երբ նա պարբերաբար ընդհատում է զեկուցողներին, փորձում նրանց պարտադրել սեփական կարծիքը, կասկածանք հայտնում ներկայացվող հարցի բուն էությանը և ամենուր փնտրում ենթատեքստեր։

Իր այդ վարքագծով Նիկոլ Փաշինյանը փաստացի խոչընդոտում է պետական ինստիտուտների կայացման գործընթացին՝ թույլ չտալով, որպեսզի տարատեսակ կառույցներն իրենց  բնական ճանապարհով կայանան և ինքնադրսևորվեն։

Այսօր ստեղծվել է այնպիսի մի միջավայր, երբ յուրաքանչյուր գործընթացում Փաշինյանը փորձում է իր սեփական կարծիքը պարտադրել մի ամբողջ պետական համակարգի, իսկ պետական համակարգում երկարամյա պրոֆեսիոնալ աշխատակցի համար նման մոտեցումը ոչ միայն անընդունելի է, այլև անհասկանալի, քանի որ նա սովոր չի, որ գոյություն ունեցող կարգից զատ՝ ստիպված կատարի «շեֆի» ուղղակի ցանկությունը։ Այս հանգամանքն ինքնին ազդում է համակարգի բնականոն աշխատանքի վրա և ներսում ստեղծում վակուում։

Կա մի իրավիճակ, ըստ որի՝ Նիկոլը չի վստահում ոչ ոքի, նա սովոր է քաղաքական արենայում ամեն ինչ ինքնուրույն անել, կարևոր է նաև այն դրույթը, որ անվստահության ու էգոիզմի այս միջավայրում հնարավոր չէ լուրջ արդյունքներ արձանագրել, ինչն ուղղակիորեն ազդում է պետության աճի ու կայացման վրա:

Այս ընդհանուր քաոսին հավելենք նաև Փաշինյանի հավաքագրած կասկածելի թիմին, որտեղ «թեմայի» մեջ եղած մարդկանց կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա․ ի դեպ, որտեղ գրեթե ամենօրյա ռեժիմով գզվռտոց է ընթանում։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս